04.14.2025
Կատեգորիա
Հասարակություն
Թելսելլ

Երևանի հանրային տրանսպորտի վճարային նոր համակարգը, որը շահագործում  է «Թել-Սել» ընկերությունը, որոշ ժամանակ է, ինչ ներդրել է տոմսերի վավերացման և վճարումների գործիքներ։ Այն նախատեսված է ուղևորների  հարմարավետությունն ապահովելու և ժամանակը խնայելու համար: Սակայն վերջին շրջանում բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են առաջացել այս գործիքների կիրառման առնչությամբ, որոնք խոչընդոտում են տրանսպորտի համակարգի արդյունավետ աշխատանքը։ Քաղաքացիները հաճախ բողոքում են վալիդատորների աշխատանքից՝ ասելով, որ երբեմն համակարգը մերժում է բանկային քարտերով կամ QR կոդերով վճարումները, կամ գումարը գանձվում է, սակայն տոմսը չի տրամադրվում։ Սա դժգոհություն է առաջացրել հատկապես նրանց շրջանում, ովքեր ամեն օր օգտվում են հանրային տրանսպորտից։ 

«Թել-Սել»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանն ասում է, որ համակարգի խնդիրները հիմնականում կապված են վալիդատորների տեխնիկական սահմանափակումների հետ։ Նրա խոսքով ՝ եթե բանկային կամ տրանսպորտային քարտը երկար ժամանակ չի մնում վալիդատորի վրա, համակարգը չի հասցնում այն ճանաչել, եւ վճարումը մերժվում է, ուստի  ուղևորները մի փոքր ավելի երկար պետք է պահեն քարտը վալիդատորի վրա, որ համակարգը կարողանա այն ընթերցել։ 

Ըստ Լիանա Հունանյանի՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Թել-Սել»-ի համակարգը ներառել է ավելի քան 150,000-200,000 հաճախորդների, ինչը մեծացնում է համակարգի ծանրաբեռնվածությունը։ 

Հաճախորդներից մեկի ՝ Մ․Մուրադյանի խոսքով,  առկա են նաև այլ տեխնիկական խնդիրներ, ինչպիսիք են տերմինալների տպած QR կոդերի վատ որակը, որի պատճառով հաճախ նման տոմսերը վալիդատորները չեն ընդունում։ 
Լիանա Հունանյանը, սակայն, շեշտում է, որ հաշվի առնելով տեխնոլոգիական անցումը և թվային վճարման համակարգերի օգտագործման աճը, խնդիրների լուծումը կլինի ժամանակի ընթացքում։ «Թել-Սել»-ը նաև հատուկ 30 րոպե ժամանակային սահմանափակում է սահմանել, որը վերաբերում է նույն տրանսպորտային միջոցի համար նույն երթով վճարման հերթական փորձերին։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիները հաճախ օգտագործում են բանկային քարտերը, որոնք ունեն անսահմանափակ տարիֆային պլաններ։ «Նմանատիպ փորձեր եղել են՝ և՛ բանկային քարտով, և՛ տրանսպորտային քարտով։ Այս պատճառով, որպեսզի համակարգը չվնասվի, մենք ստիպված էինք սահմանափակումներ դնել ինչպես տրանսպորտային քարտերի, այնպես էլ բանկային քարտերի համար»,-պարզաբանում է Լիանա Հունանյանը։ 

Սահմանափակումները վերաբերում են միայն նույն տրանսպորտային միջոցին՝ նույն համարի ավտոբուսներին կամ մետրոյի կայարաններին: Եթե ուղևորը փոխում է տրանսպորտային միջոցը, ապա նորից կկարողանա վճարել՝ առանց սահմանափակման։ 

Միաժամանակ, լարվածության պատճառներից մեկն այն է, որ քաղաքացիները, երբ վճարում են բանկային քարտերով կամ QR կոդերով, հաճախ չգիտեն, որ վճարումը չի հաջողվել, բայց տեսնելով իրենց քարտից գանձված գումարը՝ համոզվում են, որ համակարգը ճիշտ չի աշխատում։ Լիանա Հունանյանը բացատրում է, որ նման դեպքերում, հնարավոր է, որ նախորդ վճարման պարտքի պատճառով ուղևորը հայտնվել է սև ցուցակում։ 

Կան նաև դեպքեր, երբ վալիդատորը կանաչ լույս է վառում, սակայն գումար չի գանձվում։ Պատճառները կարող են տարբեր լինե՝ քարտի վրա անբավարար գումար կամ օրվա սահմանափակ գործարքներ։ Բացի այդ, «Թել-Սել»-ը ընկերությունը հասկացրել է, որ «մեկ անձ՝ մեկ տոմս» սկզբունքը պետք է լինի անընդհատ և բացատրել է այն սահմանափակումները, որոնք վերաբերում են ընկերության դինամիկ QR կոդերին։ Այս կոդերը հնարավոր չէ օգտագործել այլ ուղևորների համար, քանի որ 30 վայրկյանի ընթացքում կոդը փոխվում է։ Շատ հաճախ քաղաքացիներն ակնկալում են, որ կարող են բանկային քարտի կամ QR կոդերի փոխանցումներ անել առանց սահմանափակման, սակայն այս տեխնիկական հանգամանքները անհրաժեշտ է հաշվի առնել։

Հակառակ բոլոր տեխնիկական դժվարություններին, քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ համակարգը զարգանում է և շարունակելու է բարելավվել։ Լիանա Հունանյանը վստահեցնում է, որ 2028 թվականի հունվարի 9-ին ամբողջ համակարգը՝ սարքավորումներով ու ծրագրային ապահովմամբ, կհանձնվի Երևանի քաղաքապետարանին։ Քաղաքապետարանը կարող է, ըստ նրա, վերահսկել համակարգը կամ անցկացնել մրցույթ՝ սպասարկող ընկերություն ընտրելու համար։ 
 

Լիդա Չաչոյան