04.16.2025
Կատեգորիա
Կրթություն
Անի Զաքարյան

Օտարամուտ ու աղավաղված բառերի օգտագործումը հայերեն համարժեքների փոխարեն դարձել է մարդկանց առօրյայի մի մաս: Այս լրջագույն խնդրի լուծմանը միտված նախաձեռնություններից է «Հայի բառարանը», որի հեղինակը Անի Զաքարյանն է։ 

Գիրքը ստեղծելու գաղափարը ծագել է Լեզվի կոմիտեի աշխատակիցների հետ պարբերական շփումների ընթացքում։ Անի Զաքարյանը տարիներ շարունակ զբաղվել է հայերեն բառերի ուսումնասիրությամբ, դրանց ծագումնաբանության բացահայտմամբ և ճիշտ գործածության տարածմամբ։ Սկզբում նա իր աշխատանքները ներկայացրել է սոցիալական հարթակներում, մասնավորապես՝ «Ֆեյսբուք»-ում, որտեղ շատերը սկսեցին հետևել ու քննարկել նրա հրապարակումները։ Սակայն բովանդակային հարստությունն այնքան մեծ էր, որ անհրաժեշտություն առաջացավ այն մեկտեղել մեկ գրքում։ Գործում է նաև «Հայի բառարան» սոցիալական հարթակը, որը կարող է նոր սերնդի համար հետաքրքիր լինել։ 

«Գիրքն օգնում է տարբեր բնագավառներում աշխատող անձանց` պահպանելու հայոց լեզուն և խոսելու միայն հայկական բառերով։ «Հայի բառարանը» ստեղծվել է մեկ կարևոր նպատակով՝ վերականգնել ու առօրյա դարձնել մեր մաքուր հայերենը,- նշում է Անի Զաքարյանը։

Գրքում ներառված են բառեր, որոնք փոխարինում են օտարամուտ կամ աղավաղված տարբերակներին, ինչպես նաև արտահայտություններ, որոնք հաճախ սխալ են կիրառվում։ Չնայած որոշ մարդիկ պնդում են, թե այդ բառերը հնացած են և չեն կարող օգտագործվել, հեղինակն ընդգծում է, որ դրանք պարզապես մոռացվել են, և դրանց կրկին գործածության մեջ մտնելը լիովին հնարավոր է։ 

Գրքի անվանումը՝ «Հայի բառարան», խորհրդանշական է. այն պետք է դառնա ամենօրյա օգտագործման ուղեցույց, ինչպես հացը՝ առօրյայում, և ինչպես նշում է հեղինակը, գիրքը հացի նման «ուտվող» պետք է լինի։ Գիրքը համացանցում հիշատակվում է հետևյալ հեշթեգով` #Հայի_բառարան_հացի_նման։ Հեղինակի խոսքով այս նախաձեռնությունը պարզապես լեզվաբանական աշխատանք չէ, այլ ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման մի կարևոր քայլ։  «Հայի բառարանը» ոչ միայն բառերի ու դրանց ճիշտ գործածության ժողովածու է, այլև ազգային լեզվական ինքնության վերարժևորման կարևոր գործիք։ Այն կոչված է մեզ հիշեցնելու, որ մեր լեզուն ոչ թե պարզապես հաղորդակցման միջոց է, այլ մեր մշակույթի, մտածողության ու ինքնության անբաժանելի մասը»,-նշում է հեղինակը։

Թեև այս պահին նոր հատորներ հրատարակելու ծրագիր չկա, հնարավոր է, որ գիրքը հետագայում վերամշակվի և լույս տեսնի նորացված տարբերակով։ Անի Զաքարյանն ընդգծում է, որ ինքը լեզվաբան չէ, այլ պարզապես հայոց լեզվի մեծ սիրահար և ջատագով, ով ցանկանում է օգնել մարդկանց մաքուր հայերենով հաղորդակցվելու հարցում։ 

Աննա Հովհաննիսյան