04.16.2025
Կատեգորիա
Հասարակություն
անօթևան

Անօթևանների և թափառաշրջիկների թիվը գնալով աճում է։ Արցախյան, ռուս-ուկրաինական պատերազմ, խաղամոլություն կամ պարզապես դժբախտություն․ պատճառներ, որոնք մարդուն կարող են դարձնել անօթևան և թողնել առանց տանիքի՝ փողոցում։ Նման դիտարկման «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի փոխտնօրեն Հմայակ Ղազարյանը հանգել է կառույցի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում։ Հիմնադրամը կացարանով ապահովում է այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը․ այս պահին օթևան ունի 100 անձ։

Հիմնադրամը գործում է նաև դրամաշնորհային «Անօթևան անձանց կացարանով ապահովում» ծրագրով, որը մրցութային է և հայտարարվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ 

Օթևանը տրվում է 90-օրյա ժամկետով, հատկացվում է նաև բնաիրային աջակցություն՝ հագուստ, սնունդ, կոշիկ, բժշկական, սոցիալ-հոգեբանական, խորհրդատվական օգնության և խնամքի ծառայություններ։ 

Հայաստանում 2006 թվականին «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կից ստեղծվել է անօթևանների ժամանակավոր կացարանը, որը նպատակ է ունեցել ժամանակավոր (մինչև 60 օր տևողությամբ) կացարանով ապահովել անօթևան մարդկանց՝ այդ ընթացքում հնարավորինս լուծելով նրանց սոցիալական խնդիրները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկացմամբ՝ այն ի սկզբանե ստեղծվել է 30 մարդու համար, բայց ելնելով կարիքից, 2007-2008 թվականներին սպասարկել է 50, իսկ 2009-2012 թվականներին՝ 60 անօթևան անձի։

Ժամանակավոր կացարանով ապահովելուն զուգահեռ՝ հրատապ է եղել նաև սոցիալական օգնության տրամադրումը փողոցներում հայտնված այն անօթևան մարդկանց, որոնք չեն համաձայնել տեղափոխվել ժամանակավոր կացարան․ շրջիկ ավտոբուսով նրանց տաք սնունդ և հագուստ է տրամադրվել։ Սկզբնական շրջանում «Սոցիալական օգնության շարժական կայան» ծրագիրն իրականացրել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը։

Համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության ամփոփ տեղեկության անօթևանների շարքերում կան նաև անչափահասներ։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2002թ․ մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը եղել է 111, իսկ 2023թ․ արդեն՝ 5 (կցվում է ինֆոգրաֆիկան)։

գրաֆիկ

Անօթևանության խնդիրը, տարբեր հանգամանքներով պայմանավորված, շարունակում է արդիական մնալ։ Չնայած խնդիրների առկայությանը, պետությունը և բարեգործական կազմակերպությունները ձեռնարկում են միջոցներ՝ ապահովելու անօթևան անձանց կացարանով, սոցիալական աջակցությամբ և բժշկական օգնությամբ։

Սակայն ակնհայտ է, որ խնդրի լուծումը պահանջում է ավելի խորքային մոտեցումներ՝ ոչ միայն ժամանակավոր կացարանների տրամադրմամբ, այլև անօթևանության կանխարգելմամբ։ Սոցիալական աջակցությունը, մասնագիտական վերապատրաստման ծրագրերը և կայուն աշխատանքի հնարավորությունները կարող են էական ազդեցություն ունենալ այս մարդկանց կյանքի որակի բարելավման վրա։

Հասարակության ներգրավվածությունը նույնպես կարևոր գործոն է. միայն պետական ծրագրերով հնարավոր չէ արմատախիլ անել խնդիրը։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր ներդրումն ունենալ՝ աջակցելով բարեգործական նախաձեռնություններին, խթանելով իրազեկումը և նպաստելով անօթևան անձանց վերաինտեգրմանը հասարակության մեջ։ Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի ստեղծել մի միջավայր, որտեղ ոչ ոք ստիպված չի լինի գիշերել բաց երկնքի տակ։

Լուսանկարներն ստեղծված են արհեստական բանականության միջոցով

Արսինե Հովակիմյան