
Ժամանակակից աշխարհում լրագրողը մեկն է, ով փնտրում, բացահայտում և ի վերջո գտնում է: Հայաստանում ևս մեդիան կոչված է լինելու «չորրորդ իշխանություն», ուստի կարևորվում է լրագրողի պաշտպանությունը հատկապես պետության կողմից: Պատերազմող երկրում, որտեղ մեդիան ողողված է հակադիր կարծիքներով և «սև» ու «սպիտակներով», շատ ավելի է կարևորվում լրագրողի կատարած աշխատանքը։
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ երբ վտանգի տակ են մեդիայի ազատությունն ու լրագրողի անկախությունը, վտանգի տակ է նաև հասարակության՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Հայաստանում ևս այս խնդիրն արդիական է: Լրագրողները հաճախ դառնում են ճնշումների, սպառնալիքների ու բռնությունների թիրախ։ Այս թեմայով զրուցել ենք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի հետ։
-Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում լրագրողների թիրախավորումը։
-Լրագրողների թիրախավորումը կապված է նաև այն X մարդկանց հետ, ովքեր չեն ցանկանում, որպեսզի բացահայտվի տվյալ ճշմարտությունը, ովքեր ներգրավված են կոռուպցիոն գործարքների մեջ, կազմում են իշխանության որևէ թևը: Նրանք պարզապես գտնում են, որ խնդիրների լուծման լավագույն տարբերակը լրագրողների հանդեպ բռնություն կիրառելն է. սա միանշանակ միայն Հայաստանին չէ, որ վերաբերում է, բայց Հայաստանը, ցավոք, ևս գտնվում է այդ ցուցակում: Դրա մասին են վկայում տարբեր ժուռնալիստական կազմակերպությունների զեկույցները, և ցավոք սրտի, պետք է ընդունել, որ նախորդ տարիներին ևս իրավիճակը բարվոք չէր, որքան որ կցանկանայինք լիներ: Բռնության դեպքերը Հայաստանում շարունակում են մնալ սովորական, և մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում հենց տարբեր պաշտոնյաներն են բռնության կոչեր հնչեցնում լրագրողների նկատմամբ, իրենց պահվածքով անհանդուրժողականություն դրսևորում այն լրագրողների նկատմամբ, ովքեր կարող են չկիսել իրենց համոզմունքները: Ցավոք սրտի, մենք այսօր բռնության դեպքեր կարող ենք տեսնել այն հաստատություններում, որտեղ լրագրողների իրավունքները պետք է առաջին հերթին պաշտպանված լինեին:
-Ո՞րն է այսօր Հայաստանում լրագրության գլխավոր մարտահրավերը։ Ի՞նչ մեխանիզմներ կամ լուծումներ կառաջարկեք լրագրողների պաշտպանվածությունն ապահովելու համար:
-Լրագրողների պաշտպանվածությունն առաջին հերթին օրենքների և օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտերի խնդիր է: Հայաստանը մի շարք միջազգային կառույցների անդամ է, որոնց անդամակցելիս երաշխավորվել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը և լրագրողների ազատությունը պետք է պաշտպանված լինեն: Այս պարագայում պետք է ասեմ, որ լրագրողների թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական, թե՛ ֆիզիկական պաշտպանվածությունը գտնվում է ոչ պատշաճ մակարդակի վրա։ Իհարկե, այն չենք կարող համեմատել հարևան երկրների՝ Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի իրավիճակի հետ, որտեղ բազմաթիվ լրագրողներ բանտարկված և պատժված են խոսքի ազատության համար, բայց և չէի ցանկանա, որ համեմատական վերցնեինք նման երկների ցուցանիշը։ Կցանկանայի՝ Հայաստանը համեմատվեր Եվրոպական Միության անդամ երկրների հետ, որին Հայաստանը, ի դեպ, ձգտում է անդամակցել:
Լրագրողներին միայն մնում է ըստ արժանավույն պատրաստ լինել ցանկացած իրավիճակի, օրինակ՝ աղետներին, ցույցերին (կլինեն դրանք խաղաղ, թե բախումներով), պատերազմներին։ Այս պարագայում լրագրողները ևս որոշակի գործողություններ պետք է կատարեն, որպեսզի նրանց ֆիզիկական անվտանգությունը պաշտպանված լինի։ Նախ և առաջ անհրաժեշտ են նախապատրաստական աշխատանքներ, պետք է պատշաճ կերպով գիտելիքներ ձեռք բերել այդ իրավիճակների մասին, իմանալ՝ որ իրավիճակում ինչպես գործել։ Պետք է լրագրողներին վերապատրաստել բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու թեմայով, լրագրողները պետք է կրեն նույնականացման ժուռնալիստական որոշակի սիմվոլներ, անհրաժեշտության դեպքում լրագրողները պետք է կրեն զրահաբաճկոններ, սաղավարտներ, եթե գտնվում են ռազմաճակատում(PRESS): Լրագրողը պետք է բոլոր նրբություններին ու դետալներին ուշադրություն դարձնի, լինի զգոն և ուշադիր, և միայն այդ դեպքում չեն լինի այն սպառնալիքները, որոնք կան այսօր:
-Արդյոք մեդիան (ֆիլմեր, հաղորդումներ, սոցիալական ցանցեր և կայքեր) կարող է նպաստել լրագրողների հանդեպ բացասական վերաբերմունքի ձևավորմանը։ Որքանո՞վ է դա ազդում լրագրողի մասնագիտական գործունեության վրա:
-Այո՛, մեդիան կարող է և շատ հաճախ որոշակի բացասական վերաբերմունք է ձևավորում այս կամ այն երևույթի նկատմամբ, լինեն դրանք լրագրողները, լրագրությունը կամ որևէ այլ երևույթ: Մեդիան այդ ներուժն ունի, բայց, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ առանց անկախ ԶԼՄ-ների և առանց խոսքի ազատության որևէ հասարակություն չի կարող հավակնել դեմոկրատական կոչվելու իրավունքին, այդ իսկ պատճառով բացասական երևույթները կարող են կրել խիստ ժամանակավոր բնույթ, քանի որ հենց գալիս է անհրաժեշտ պահը, հասարակությունը կրկին դիմում է լրատվամիջոցներին ու լրագրողներին՝ փնտրելով ճշմարտությունը լրատվամիջոցներում, այլ ոչ սոցիալական ցանցերում կամ բլոգներում: Հասարակությունը վստահում է միայն պաշտոնական տեղեկատվությանը և իր հարցերի պատասխանները փնտրում այնտեղ, իսկ լրատվամիջոցներն էլ իրենց հերթին պարտավոր են ստուգել տեղեկատվությունը և ճշտել տեղեկատվության աղբյուրները: Այդ ամբողջ սևագիր աշխատանքը լրատվամիջոցները կատարում են հասարակության համար և հասարակությանն են փոխանցում արդեն իսկ ճշտված, ստուգված ինֆորմացիա: Այնպես որ այո՛, մեդիան ունի բացասական ազդեցություն, բայց միևնույն է, այն շատ խիստ ժամանակավոր բնույթ կարող է կրել, որովհետև միևնույն է, ինչպես ցույց է տվել վերջին մի քանի հարյուրամյակը, լրագրողներն ու լրատվամիջոցները պահանջված են, և առանց նրանց հասարակությունը գործել և գոյատևել չի կարող:
-Բռնության (հոգեբանական, ֆիզիկական, առցանց) ենթարկված լրագրողները պետական, իրավական կամ հասարակական ո՞ր կառույցներին պետք է դիմեն։ Արդյոք Հայաստանում գործում են լրագրողների պաշտպանության բավարար մեխանիզմներ:
-Հայաստանում այս հարցի պատասխանները բազմաշերտ են, որովհետև վիրավորանքի կամ զրպարտանքի դեպքում դիմում են դատարան (եթե այդ զրպարտանքը կամ վիրավորանքը հանրային է), որպեսզի այն անձը, որը վիրավորել կամ զրպարտել է լրագրողին, հերքի իր խոսքերը, ապա ներողություն խնդրի։ Լրագրողը նաև ըստ քաղաքացիական օրենսգրքի կարող է պահանջել մյուս կողմին համապատասխան տուգանք վճարել իր արարքի համար: Միաժամանակ պետք է ասեմ, որ Հայաստանում կան մի շարք լրագրողական կազմակերպություններ, որոնք արագ արձագանքում են նմանատիպ դեպքերին և անմիջապես համապասասխան հայտարարություններով հանդես գալիս, որոնք տարածում են մեդիաները։ Դրանք էլ փորձում են պաշտպանել լրագրողի իրավունքներն ու շահերը, տրամադրել իրավական օգնություն: Նմանատիպ շատ դեպքեր գիտեմ, երբ իրավաբանները պաշտպանել են լրատվամիջոցների և լրագրողների իրավունքները և հաղթել դատարանում: Իսկ եթե սպառնալիքները հոգեբանականից վերածվում են ֆիզիկականի, ապա պետք է և անհրաժեշտ է, որ լրագրողները դիմեն պետական մարմիններին, մասնավորապես ոստիկանությանը, և ապա ոստիկանությունը, քննարկելով տվյալ դեպքերը, գնահատելով ռիսկերը, կարող է պաշտպանություն տրամադրել լրագրողին։ Իսկ եթե գնահատում են, որ բռնության ռիսկ չկա, ապա խմբագրությունը, որի ֆինանսական վիճակը ներում է, կարող է որոշ ժամանակ վարձակալել պահնորդական ծառայության աշխատակիցների, որոնք լրագրողի մասնագիտական գործունեության ծավալելու ընթացքում կապահովեն նրա անվտանգությունը և թույլ չեն տա, որ լրագրողը բռնության ենթարկվի։ Այս առումով պետք է նշեմ, որ լրագրողները գոնե փաստաթղթի վրա ունեն իրավունքներ, բացի այն դեպքերից, երբ բռնություն գործադրողը հենց իշխանությունը չէ: Այսինքն, երբ Պետական պահպանության ծառայությունը, պետական մարմինները, որոնք առաջինը պետք է պետական և հասարակական գործիչների պաշտպանության հարցերով զբաղվեն, իրենք են դա ոտնահարում, ապա լրագրողը ի՞նչ պետք է անի կամ ու՞մ պետք է դիմի: Միայն կարող է դիմել դատական ատյաններ, իսկ այդ դեպքում լրագրողը պետք է ապացուցի, որ խախտվել են իր իրավունքները, որոնք ամրագրված են ԶԼՄ-ների մասին օրենքում։ Եթե դրանք ապացուցվում են, ապա այն անձինք, որոնք խախտել են լրագրողների իրավունքները, սահմանափակել մասնագիտական գործունեությունը, կարող են դատապարտվել վեց ամսից մինչև մեկ տարի կալանավորման: Մենք ունեցել ենք նմանատիպ նախադեպեր, երբ լրագրողերի գործունեությունը սահմանափակելու համար մարդիկ հայտնվել են ճաղերի ետևում:
-Ինչպե՞ս կարող է հանրությունը նպաստել լրագրողների պաշտպանվածությանն ու աջակցությանը։
-Հանրությունը կարող է նպաստել լրագրողի պաշտպանվածությանը նրանով, որ կարևորի լրագրողի աշխատանքը, հասկանա նրա դերը հասարակությունում։ Հասարակական կազմակերպություններն էլ իրենց հերթին պետք է մշտապես բարձրաձայնեն լրագրողների հանդեպ տեղի ունեցած ոտնձգությունները, իսկ հանրությունը պետք է դատապարտի դրանք: Պետք է հասարակությունը այնպիսի մթնոլորտ և վստահություն ունենա ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ, որ նման դեպքերը պարզապես անհնար լինեն: