04.18.2025
Կատեգորիա
Հասարակություն
գետնանցում

«Գիշերը երբեք մենակ չեմ անցնում գետնանցումով, ամեն օր տուն գնալիս եղբայրս դիմավորում է։ Մենակ ես չէ, որ վախենում եմ, քչերն են հատկապես գիշերը միայնակ անցնում այդտեղով․ լուսավորություն չկա,  աստիճանները ևս վտանգավոր են»,- պատմում է ուսանողուհի Անին։

Իսակովի պողոտայի տակով Թարիով գյուղ տանող ստորգետնյա անցումն է, որ թափառող շների համար տուն է դարձել, բնակիչներից շատերի համար՝ աղբանոց։

Երևանի 40 գետնանցումներից սա միակ խնդրահարույց անցումը չէ․ գետնանցումների կեսից ավելին վերանորոգման, որոշները՝ հիմնանորոգման կարիք ունեն:

Նկարներում պատկերված են Արշակունյաց պողոտայի ստորգետնյա անցումը, բնակիչները այստեղով շատ արագ են անցնում, շունչները պահած` անկյուններում լցված աղբի և տարածված գարշահոտի պատճառով։

գետնանցում
գետնանցում

Ցերեկային ժամերին գետնանցումը վերածվում է միրգ-բանջարեղենի առևտրի կետի, իսկ երեկոյան վտանգավոր է դառնում, քանի որ այստեղ գրեթե լույսեր չկան։

«d՛Արվեստանոց» ստուդիայի հիմնադիր, ճարտարապետ Արսեն Կարապետյանի խոսքով Երևանի յուրաքանչյուր գետնանցում ունի իր առանձնահատկությունը, և առանձին ուսումնասիրություն է պետք խնդիրները հարթելու համար․ դա երկարատև աշխատանք է։ 

«Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ մարդկանց չպետք է «գետնի տակ իջեցնել» կամ «վերև բարձրացնել»․ դա բարդացնում է մարդկանց կյանքը։ Արդեն իսկ գոյություն ունեցողներից ոչ մեկը, անգամ այն գետնանցումները, որոնք վերանորոգված են․ օրինակ Աբովյան-Իսահակյան փողոցների գետնանցումը, անվտանգ և հարմարավետ չեն մարդկանց տեղաշարժի առումով»,- բացատրում է Կարապետյանը։

գետնանցում
գետնանցում

Ըստ քաղաքապետարանի հայտնած տեղեկության՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրով վերջին 3 տարիներին Երևանում մասնակի կամ ամբողջապես վերանորոգվել են 4 գետնանցումներ․ «Բարեկամության» մետրոյի գետնանցման 2 մուտքերի աստիճանները, Ազատություն-Դավիթ Անհաղթ խաչմերուկի գետնանցումը հիմնովին, «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը հիմնովին և Կենդանաբանական այգուն կից անցման աստիճանները։ Այս  աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 208 միլիոն դրամ։

Գետնանցումների վերանորոգման աշխատանքները իրականացնող հիմնական ընկերությունները «Բիդեք» ՍՊԸ-ը, «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն և «Կապիտալ շին Քնսթրաքշն» ՍՊԸ-ն են։

Ճարտարապետուհի Արինե Քեշիշին, մատնանշելով արևմտյան երկրների օրինակը, նշում է, որ գետնանցումների վերակառուցումը առաջին հերթին կախված է քաղաքի զարգացման տեսլականից․ եթե քաղաքային իշխանությունները ուզում են քաղաքը հարմարավետ դարձնել մեքենաների համար, գետնանցումները հարմար տարբերակ են, իսկ հետիոտնի համար, փողոցով անցնելը ավելի հարմար է։

գետնանցում
գետնանցում

«Գետնանցումների ամենակարևոր խնդիրրները կապված են մաքրության, լուսավորության, խոնավության հետ և դրանց անարդյունավետութունը անհարմարություն է ստեղծում ոչ միայն օգտվողների, այլև հարակից տարածքում գտնվող տարբեր կառույցների համար։ Այս առումով կարծում եմ, որ մասնավոր ընկերությունների գործունեությունը գետնանցումներում օգտակար է և դա կարելի է օգտագօրծել բնակիչների շահի համար։ 24-ժամյա լուսավորությունից, մաքրությունից բացի գետնանցումները պետք է ունենան տեսախցիկներ, հաշմանդամություն ունեցող անձանց համար վերելակներ, սայլակների համար գոնե թեքահարթակներ, որոնք մեծ մասամբ բացակայում են, առկայության դեպքում չափազանց անհարմար են»,- նշում է ճարտարապետուհին։

2023 թվականի փետրվարին Տիգրան Ավինյանը «Փակ շուկայի» գետնանցման բացման ժամանակ ասաց, որ քաղապետարանի մոտեցումն է գետնանցումները վերանորոգել, հանել աճուրդի և տալ պահպանման մասնավոր ընկերությունների` քաղաքապետարանը չի պարզաբանում, թե այս պահին որ գետնանցումներն են գտնվում մասնավոր ընկերությունների պատասխանատվության տակ։

գետնանցում
գետնանցում

Մեր կատարած հետազոտության արդյունքում ներկայացնում ենք Երևանի գետնանցումների քարտեզը, որտեղ կանաչով նշված են բավարար վիճակում գտնվող գետնանցումները, կարմիրով վերանորոգման կարիք ունեցողները (գնահատումը կատարվել է գետնանցումների լուսավորության առկայությամբ, մաքրությամբ, աստիճանների, հատակի և պատերի վիճակով պայմանավորված)։

Չնայած ծաղսվող գումարներին և ներկայացվող աշխատանքներին, Երևանի գետնանցումների կեսից ավելին շարունակում են բնակիչների համար անհարմար և վտանգավոր մնալ։

քարտեզ
Սրբուհի Սարգսյան