04.18.2025
Կատեգորիա
Հասարակություն
մեղր

2018 թվականին Արցախի Հաթերք գյուղում հիմնադրված «Հաթերք Ֆուդ» ընկերությունն այսօր հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Նախաձեռնության հեղինակը երիտասարդ բժիշկ Սամվել Միրզախանյանն է, որի նպատակն էր իր հայրենի գյուղը ճանաչելի դարձնել աշխարհին՝ միաժամանակ զարգացնելով բժշկական մեղրի արտադրությունը՝ հիմնվելով ընտանեկան բազմամյա փորձի վրա։ Միրզախանյանների ընտանիքն ավելի քան 150 տարվա մեղվաբուծական ավանդույթ ունի, որն այսօր արդեն վերածվել է մրցունակ բիզնեսի։

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը որակյալ և նորարար մեղրային արտադրանքն է։ Այս պահին «Հաթերք Ֆուդ»-ը միակ ընկերությունն է Հայաստանում, որը արտադրում է 25 տեսակի մեղր, այդ թվում՝ մելիլոտուսի միածաղկանի մեղր, որն դասվում է էլիտար բուժիչ մեղրերի շարքին։ Արտադրությունը ներառում է նաև կրեմ և սուֆլե մեղրեր՝ պատրաստված մրգերի, հատապտուղների և դեղաբույսերի հիմքով։ Ընկերությունը մեծ կարևորություն է տալիս ոչ միայն բաղադրության, այլև փաթեթավորման և սպառողի իրազեկվածության մակարդակին։ Յուրաքանչյուր տարայի վրա տեղադրված է QR կոդ, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ տվյալ մեղրի լաբորատոր վերլուծությանը և բուժիչ հատկություններին։

մեղր

Մինչև 2020 թվականը ընկերության արտադրությունը կենտրոնացված էր  Արցախում՝ Մարտակերտի և Քարվաճառի շրջաններում։ Պատերազմի հետևանքով, կորցնելով մեղվաընտանիքների մեծ մասը, հիմնադիրներն արտադրությունը տեղափոխեցին Տավուշի մարզ՝ շարունակելով աշխատանքը նոր պայմաններում։ Քարվաճառից հնարավոր եղած բոլոր ռեսուրսները տեղափոխվել են Տավուշ, և տարիների ընթացքում ընդլայնվել են ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ աշխարհագրությունը։

2021 թվականից «Հաթերք Ֆուդ»-ը ներկայացնում է իր արտադրանքը միջազգային մրցույթներում և ցուցահանդեսներում՝ հասնելով նշանակալի արդյունքների։ Ընկերությունն արդեն մասնակցել է մի շարք միջազգային միջոցառումների՝ ստանալով 16 մրցանակ՝ որակի, բրենդինգի և նորարարության անվանակարգերում։ Վերջերս Լոնդոնում ընկերությունը պարգևատրվել է երեք հեղինակավոր մրցանակով՝ այդ թվում պլատինե մրցանակ՝ որակի, արծաթե՝ բրենդինգի և «Global Honey Star» մրցանակ, որը ստացել է ավելի քան 35 երկրից ներկայացված 500-ից ավելի մասնակիցների մասնակցությամբ մրցույթի շրջանակում։ Ընկերության ներկայացուցիչները նշում են՝ նման ճանաչումները հնարավորություն են տալիս միջազգային հարթակներում բարձրաձայնելու Հայաստանի և Արցախի անունը։

Բացի արտադրական գործունեությունից՝ ընկերության հիմնադիրները 2018-ին նախաձեռնել են նաև «Էկոտուրիզմն Արցախում» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է ճանաչելի դարձնել Արցախի մշակույթն ու ավանդույթները։ Այդ նախաձեռնության շրջանակում իրականացվում են ժենգյալով հացի փառատոններ, վարպետաց դասեր։ Հաթերքցի կանայք տարբեր էքսպոների ընթացքում այցելուների աչքի առաջ թխում են ժենգյալով հաց՝ ներկայացնելով դրա պատրաստման գործընթացը որպես մշակութային խորհրդանիշ։

Ընկերության գործունեությունը շարունակվում է նաև բռնի տեղահանումից հետո։ «Հաթերք Ֆուդ»-ը ակտիվ մասնակցում է տեղական և միջազգային բոլոր խոշոր միջոցառումներին՝ թե՛ արտադրանքը ներկայացնելով, թե՛ մշակութային ժառանգությունը պահպանելով։ 

Այս տարի ընկերությունն արդեն մասնակցել է տասնյակ միջազգային ցուցահանդեսների։ Արդեն իսկ պլանավորվում են մասնակցություններ ևս մի քանի միջազգային հարթակներում՝ նպատակ ունենալով ընդլայնել հայկական մեղրի ճանաչելիությունը և շարունակել Արցախի մասին պատմելը՝ արտադրանքի, մշակույթի և համի միջոցով։

Մարիամ Հովսեփյան