
«Խենթ երիտասարդ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2024-ին։ Հիմնադիրները Հակոբ Պետրոսյանն ու Արամ Բարսեղյանն էին։
«Այսօր երիտասարդները քիչ են հետաքրքրվում իրենց ինքնությամբ, ազգային արժեքներով, պատմությամբ ու մշակույթով,– ասում է Հակոբ Պետրոսյանը։ – «Խենթ երիտասարդ» Հանուն Ինքնության Պահպանման ՀԿ-ն փորձում է այդ բացը լրացնել՝ ցույց տալով, որ ինքնությունը ժամանակակից ու արդիական թեմա է։ Որ այն կարող է լինել հասանելի, հետաքրքիր ու կապ ունենալ մեր իրականության հետ»։
Կազմակերպության անունը հատուկ է ընտրված։ «Խենթ» բառը հիշեցնում է մարդկանց, որոնք ինչ-որ բանով ուժեղ տարված են, հավատում են իրենք իրենց, իրենց ներուժին, կարողություններին, իրենց արած գործին ու փորձում են իրականացնել իրենց գաղափարները՝ անկախ նրանից՝ հեշտ է, թե ոչ։ Այդպիսի խենթությունը բնորոշ է հայերին։ «Սարդարապատ» երգում ասվում Է՝ «․․․Խենթերն են գտնում հնար»։ Իսկ «Սասունցի Դավիթ» կամ «Սասնա ծռեր» էպոսում հերոսներին կոչում են «ծուռ», որ նշանակում է «խենթ»։
«Խենթ երիտասարդ» ՀԿ-ի հիմնական նպատակներից են՝ համադրել ժամանակակից աշխարհի պահանջները և հայ ինքնության հարցերը, խրախուսել քաղաքացիների ներգրավվածությունը հանրային կյանքին, ձևավորել հետաքրքրություն ազգային արժեքների նկատմամբ։ Հիմնադիրները կազմակերպում են քննարկումներ, միջոցառումներ, հանդիպումներ տարբեր ոլորտների գործիչների հետ, փորձելով մի հարթակ ստեղծել, որտեղ երիտասարդները կկարողանան մտածել, քննարկել ու ինքնադրսևորվել։
Այս մեկ տարվա ընթացքում արդեն մի քանի նախաձեռնություն է իրականացվել։ Ամենից մեծ միջոցառումներից էր Գագիկ Գինոսյանին նվիրված «Արարատյան մարդը» հուշ-երեկոն, որի ընթացքում ներկայացվեց Գինոսյանի գործունեությունը, անգնահատելի ներդրումը հայ մշակույթի զարգացման ու ազգային պարի մեջ։
Կազմակերպվել է նաև ճանաչողական այց դեպի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ։ Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են սահմանամերձ համայնքի կյանքին, պատմությանը, մարդկանց։
Կազմակերպության տարբերանշանը մատնահետքն է՝ Հայաստանի եռագույնով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Այն խորհրդանշում է, որ յուրաքանչյուրս ունենք մեր դերը, պատասխանատվությունը և հնարավորությունը՝ նպաստելու մեր երկրի ապագային։ Յուրաքանչյուր մատնահետք տարբեր է, ու այդպես էլ մեր ներդրումն է տարբեր, բայց երբ դրանք միավորվում են, կարող են արժեք ստեղծել։ Իսկ դրոշի գույները ազգային պատկանելիության խորհրդանիշն է։
«Խենթ երիտասարդ»-ը չի ներկայացնում պատրաստի լուծումներ, այլ ուզում է տարածք ստեղծել, որտեղ հարցեր տալը ու սեփական ինքնության շուրջ մտածելը նորմալ է։ Դիտարկում է, թե ինչն է մեզ մոտիվացնում, ինչպես ենք կապվում մեր արմատների հետ, ու ինչ ձևով կարող ենք դա փոխանցել մյուսներին՝ առանց ճնշելու կամ պարտադրելու։
Այս կազմակերպությունը դեռ նոր է սկսում իր ճանապարհը, բայց արդեն ցույց է տալիս, որ ինքնությունն ու ազգային արժեքները արդիական են։ Դրանք ձևավորում են մեր մտածողության հիմքը, մեր պատկանելիության զգացումը և մեր կապը սեփական անցյալի, ներկայի ու ապագայի հետ։ Ինքնությունը մարդուն օգնում է հասկանալ՝ ով է ինքը, որտեղից է գալիս և ուր է գնում։ Իսկ ազգային արժեքները սերմանում են պատասխանատվություն ու շարունակականության գիտակցում՝ օգնելով մարդուն տեսնել իրեն ոչ միայն առանձին անհատ, այլ նաև համայնքի ու ազգի մի մաս։