04.25.2025
Կատեգորիա
Հասարակություն
լամպերի լիճ

Էլեկտրամպերի գործարանի նախկին աշխատակիցը «Լամպերի լճում»

լուսանկարը՝ հեղինակի

 

Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում՝ ներկայիս Երազի այգու փոխարեն ժամանակին մեծ լիճ էր։ Ամռանը ծանոթ-անծանոթ միասին լողում էին։

Լճի նախկին այցելուներին հարցնում ենք՝ լճի անունն ի՞նչ էր. «Չգիտեմ… Մենք «Լամպերի լիճ» էինք ասում. լամպերի գործարանի կողքին էր… Երևի անուն չուներ»։ Ե՞րբ են կառուցել.  «Ես ինչ ծնվել եմ, լիճը կար… Մենք եկանք Երևան, լիճն արդեն կար… Դե, պիտի շատ մեծերին հարցնեք»։ 

Հարցն ուղղում ենք Քաղաքապետարան. «Ինչպես Արաբկիր թաղային համայնքի կողմից փոխանցված արխիվային նյութերում, այնպես էլ Արաբկիր վաչական շրջանի ղեկավարի աշխատակազմում լճի նախագծման և կառուցման վերաբերյալ որևէ տեղեկատվություն առկա չէ»։ Լճի «կենսագրական տվյալները» չկան, բայց մարդիկ շատ հիշողություններ ունեն լճի մասին։

լամպերի լիճ

Լամպերի լիճը 1973 թվականին

լուսանկարը՝ Հովիկ Չարխչյանի բլոգի

Լճի լույսերը վառվեցին

Ավարտվում էր աշխատանքնային օրը էլեկտրլամպերի գործարանում։ Տասնյակ հազարավոր լամպեր պահեստ հանձնած, հարյուր հազարավոր պարույրներ փաթեթավորած, նոր դետալի էսքիզները գծագրական սեղանին թողած բանվորներին ճանապարհը տանում էր «Լամպերի լիճ»։ Լճի մի կողմում «ԵրԱԶ» գործարանն էր, մյուսում՝ Էլեկտրալամպերինը, դիմացը՝ ավտոխնամքի շենքը՝ «մո-յըչ-նին»։ Մինչև հիմա էլ բնակիչները այսպես «մո-յըչ-նիով» կամ «լամպերի լճով» են տեղորոշվում։ Լիճը միշտ բազմամարդ էր։ Հատկապես ամռանը ու՞մ սիրտը կտաներ լիճը թողնել, փակվել տանը։

Աշխատողները 1963 թվականի դեկտեմբերից սպասում էին լճի կառուցմանը։ «Երեկոյան Երևան» օրաթերթի 1964 թվականի մայիսի 13-ի համարից տեղեկացանք, որ կառուցապատողները խոստացել էին մինչև 1964 թվականի վերջ հանձնել լիճը։  Բետոնագործների աշխատանքը ղեկավարող Հակոբյանն էլ ասում էր՝ ջանք չեն խնայում, որ աշխատանքները նշված ժամկետից էլ շուտ ավարտեն։ Սակայն լճի բացման վերաբերյալ թերթը հետագայում ոչինչ չի գրում։ Նաև նշել էին, որ լճի ավազանից 20000 խորանարդ մետր հող են հեռացրել, լիճը 400 մետր երկարություն և 60 մետր լայնություն պիտի ունենար։  Մենք նախկին այցելուների հետ գնացինք լճի ներկայիս տարածք, խնդրեցինք տեղում ցույց տալ լճի նախկին չափերը։ Ըստ նրանց ցույց տվածի՝ չափումներ արեցինք, բայց լճի երկարությունը 300 մետրը չէր անցնում։

լամպերի լիճ


Էլեկտրամպերի գործարանը 1968 թվականին

լուսանկարը՝ HinYerevan.com-ի

Ներկայիս Ազատության պողոտան և Թբիլիսյան խճուղին 60 տարի առաջ, Թբիլիսիի պողոտա էին կոչվում։ Պողոտայով անցնողները նկատում էին , որ Հաղթանակ զբոսայգու Արևիկ լճակի աղմուկը նախորդ տարվա համեմատ մեղմվել էր։ Մարդիկ արդեն գնում էին վայելելու նոր կառուցված երկու լճերը՝ Լամպերինը և ներկայիս Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու տարածքում գտնվող Երազանքների լիճը։ Քաղաքի բոլոր շրջաններից գնում էին այնտեղ, քանի որ նոր լճերն ավելի գրավիչ էին։

Մարդը՝ Լամպերի լճում

Երևանում մի շարք շենքեր կան, որտեղ Էլեկրալամպերի գործարանի նախկին աշխատակիցներն են ապրում։ Բակերում հանդիպեցինք նրանցից մի քանիսին ու խնդրեցինք պատմել լճի մասին։ Ասում էին՝ մոռացել ենք, բայց մենք խնդրեցինք հիշել մոռացվածը։

Գործարանի նախկին աշխատակից վաթսունհինգամյա Էդուարդ Հակոբյանը հիշում է, որ լիճը ձգվում էր այժմյան տարածքից մինչև այգու կողքին գտնվող բենզալցակայանը։ Մեջտեղում կամուրջ կար։ Լիճը նաև աշտարակ ուներ՝ 4 հարկանի, որի ներքևում ջուրը մոտ 6 մետր խորություն ուներ։ Մի կողմում շատ ծառեր էին, մյուսում՝ սրճարան, հետո՝ պաղպաղականոց. «Երեխեքին մանկապարտեզից վերցնում էի, գալիս լճի մոտ՝ պաղպաղակ ուտելու, մինչև կինս աշխատանքն ավարտեր գործարանում»։ Հատկապես ամռանը լիճը բազմամարդ էր, ասում է՝ մոտ 1000 հոգի լինում էին վաղ տարիներին. «Գործարանից դուրս էիր գալիս, էլ ասեղ գցելու տեղ չկար։ Դե, այդ թվերին քիչ լիճ կար քաղաքում»։ Ամեն տարի լիճը դատարկվում էր, տրակտորներ էին գալիս՝ լիճը մաքրելու։ Մի քանի տարի նավակներ էլ էին ավելացրել։

լամպերի լիճ


Էդուարդ Հակոբյանը

լուսանկարը՝  անձնական արխիվից

Յոթանասուներկուամյա Գագիկ Ղուլյանը գյուղից եկել էր քաղաք ու ընդունվել գործարան 1975 թվականին, մնացել այնտեղ 26 տարի. «Աշխատողներով գործից փախչում, գնում էինք լիճ, լողում, արագ հետ գալիս»։ Աղջիկների հաճախ չէիր հանդիպի լճում։ 100-200 տղամարդիկ էին լինում, 5-10 աղջիկներ։ Երբեմն զույգեր էին գալիս. «Ինչու՞ չէ, աղջիկ-տղա գալիս էին, խելոք ձևով լողում, մի քիչ լճի կողքին պառկում, գնում։ Բայց մեր ժողովուրդը շատ բռի էր, հենց աղջիկ էին տեսնում, վա՜յ։»

Գագիկի կինը՝ վաթսունյոթ տարեկան Ռուզաննա Հակոբյանն էլ է լողացել լճում, բայց միայն առաջին-երկրորդ դասարանում։ Ամռան շոգին մայրն էր նրան ու եղբորը տանում լիճ, ինքն էլ նստում էր ծառի տակ, սպասում երեխաներին. «Լճում էինք, երբ մի տղա աշտարակից ցատկեց լիճը ու խեղդվեց։ Մաման բերեց մեզ տուն ու էլ երբեք լիճ չտարավ։ Վախեցել էինք»։

լամպերի լիճ


Գագիկը Ղուլյան , Ռուզաննա Հակոբյանը և նրանց տղաները

լուսանկարը՝  անձնական արխիվից

Այդ տարիներին, երբ դիմում էին ինստիտուտ և չէին ընդունվում, պետք էր վեց ամիս աշխատանքային փորձ հավաքել կրկին դիմելու իրավունքի համար։ Ռուզաննան դիմել էր Մանկավարժական ու չէր ընդունվել, ստիպված էր վեց ամիս աշխատել։ Եւ ճանապարհը նորից բերեց Էլեկտրալամպերի գործարան։ 

Հետո արդեն երեխաներին էր լճի մոտով տանում մանկապարտեզ։ Գործարանն իր մանկապարտեզն ուներ, որ սովորական ժամերով չէր աշխատում. «Մեր գործը յոթին - ութին էր սկսվում, վեցին ավարտվում։ Մեր մանկապարտեզն էլ 7-ից արդեն բաց էր։  Շուտ էլ չէին փակում, որ աշխատողներին հարմար լիներ։ Տուն բերելիս երեխաներին թևերից բռնում, մտցնում ջուրը, հանում էինք»։ Տղան թաքուն գնում, լողում էր, չնայած իրենք չէին թողնում. «Վտանգավոր էր։ Մի օր էլ, օրինակ, ժողովուրդը գոռում էր՝ «խփին»։ Լճի մոտ մի տղա դանակահարել էր աղջկա։ Աղջիկը հղի էր, ուզում էր ամուսանանալ, տղան չէր ուզում։ Լավ է, աղջիկը փրկվեց»։

լամպերի լիճ


Ռուզաննա Հակոբյանը էլեկտրամպերի գործարանում

լուսանկարը՝  անձնական արխիվից

Գրեթե բոլորը լճի մասին նախ խեղդվողների պատմություններ են հիշում։ Կարինե Չատյանն ասում է՝ սև լիճ էր. «Աշխատողներից մեկը տուն գնալիս տեսնում է, որ կրկին մեկը խեղդվել է, շատ մարդիկ կան, էլ չի մոտենում։ Հասնում է տուն, պարզվում է՝ իր տղան էր»։ Ուսուցչուհի Սվետա Խաչատրյանն էլ հիշում է, որ իրենց դպրոցից երկու տղա խեղդվեցին։ Էդուարդն ասում է՝ ամեն տարի մեկը խեղդվում էր. «Միայն ես երեք հոգու փրկել եմ։ Ինձ լավ լողալու համար «ձուկ» էին ասում»։ Հետո արդեն լճում հսկիչ կար, աշտարակի չորրորդ հարկի աստիճաններն էլ հանել էին, որ մարդիկ այլևս այդքան չբարձրանան։  

64 տարեկան Դադայան Գայանեն էլ գործարանում էներգետիկ էր։ Նրանք պատասխանատու էին գործարանի գազի, լույսի, ջրի համար, լճի մաքրության համար ևս։ Լիճը լցվում էր նաև դիմացի փողոցում գտնվող Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ջրավազանը. «Մենք հետևում էինք՝ թունավոր նյութերը ջրի մեջ նորմայից ավել չլիեին։ Եթե նորմայից մի բան շեղվեր, մեզ տուգանքներ էին գալիս։ Բայց գործարանի վերջին տարիներին լճին շատ ուշադրություն այլևս չէին դարձնում։ Մամռակալում էր, հոտ էր գալիս»։ 

լամպերի լիճ


Գայանե Դադայանը և Էդուարդը Հակոբյանը

լուսանկարը՝  անձնական արխիվից

2006 թվականին լողափին արդեն մակագրություն էր՝ «այստեղ լողալը խստիվ արգելվում է»։ Լրատվամիջոցները գրում էին, որ ժամանակին արաբկիրցիների, հատկապես՝ երեխաների սիրելի ժամանցի վայրն արդեն գարշահոտությամբ բուրող ու նեխած ջրով ավազան է։ Նույն տարվա փետրվարին Առավոտը գրում էր. «Բետոնե հատակն ու պատերը չեն նորոգվել, լճի հատակին «հանգչում» են սատկած շների ու կատուների դիակներ»։

Լիճն այսօր

Լճում այլևս մարդիկ չեն լողում։ Ամռանը մարդկանց փոխարեն կարապներ են։ Լիճն արդեն չունի ժամանակի խորությունն ու ընդարձակությունը։ Մարդիկ միայն զբոսնում են լամպերով լի այգու արդեն փոքր լճի շուրջը։ Էլեկտրոլամպերի գործարանի նախկին աշխատողները կամ անցնում են լճի կողքով, կամ չեն էլ անցնում։ 

2016 թվականից սկսած այստեղ Երազի այգին է, ուր մարդիկ գալիս են հանգստանալու, պիկնիկներ անելու, վայելելու յուրաքանչյուր եղանակ՝ իր շքեղությամբ։  Այգում 465 ծառեր կան, բացօթյա և փակ սրճարաններ, ռեստորան, հրաձգարան, ատրակցիոններ և ժամանցի մի շարք տաղավարներ։ Ամռանն ավելանում է բացօթյա բատուտը։ Այգու 102 աշխատակիցներն ապահովում են հազարավոր երեխաների երջանիկ վայրկանները այգում։

լամպերի լիճ

Երազի այգին այսօր

լուսանկարը՝ այգու ինստագրամյան էջից

Իսկ ձմռանը լիճը «սառում է», դառնում Հայաստանի ամենամեծ բացօթյա սահադաշտերից մեկը՝ 1800 քմ տարածքով։ 

1970-ականներին մայրաքաղաքում շատ զբոսայգիներ և արհեստական լճեր են կառուցվել։ Դրանց ներկա պատկերները մեծապես տարբերվում են նախնական տարբերակներից։ Երկու պատկերներին էլ ականատես մարդիկ չեն ուզում առանձնացնել, թե որ պատկերն էր ավելի ջերմ։ Կյանքը շարունակվում է, լճերը դատարկվում են, լցվում ու դատարկվում։ 

Հայկուհի Ղուլյան
Մերի Ղազարյան