
Պատմությունը, ասում են, գրում են հաղթողները։ Սակայն ժամանակակից աշխարհում, որտեղ տեղեկատվությունը մատչելի է յուրաքանչյուրին, միևնույն է՝ պատմության որոշ վարկածներ մնում են հանրային լսարանից դուրս։ Ո՞վ է որոշում, թե անցյալի ո՞ր հատվածներն արժե հիշել, իսկ որոնք՝ լռությամբ շրջանցել։ Արդյոք մեդիան պարզապես պատմող է, թե՞ այն իրականում համակողմանի կոգնիտիվ զենք է՝ օգտագործվող ի նպաստ այս կամ այն իշխանության, արժեքային համակարգի կամ քաղաքական ուղղության։
Ու՞մ մասին ենք խոսում, երբ ասում ենք «մենք»
Հասարակության կոլեկտիվ հիշողությունն ավելի հաճախ ձևավորվում է ոչ թե փաստերի, այլ պատմման կառուցվածքի միջոցով։ Լրատվամիջոցներն իրենց ընտրություններով՝ ում հրավիրել, ինչ անուններ հիշատակել, ինչ կերպարներ կրկնել, սկսում են ստեղծել այն, ինչ կոչվում է «հիշողության նարատիվ»։ Այդ նարատիվը երբեմն անտեսում է նրանց, ովքեր չեն տեղավորվում հարմար պատումի մեջ՝ կանայք պատերազմում, փոքրամասնությունները պայքարի շարժումներում, կամ պարզապես՝ ոչքաղաքանույնական հերոսները։
«Երբ մենք պատմում ենք անցյալի մասին, մենք իրականում որոշում ենք՝ ով պետք է լինի մեր ներկայի հերոսը»,-ասում է պատմաբան Մարիա Մարտիրոսյանը։
Լռեցված պատմությունները
Պատմության դասագրքերում հազվադեպ են հիշատակվում կանանց անուններ։ Լրատվամիջոցների պատերազմական ռեպորտաժներում հաճախ առաջնային պլանում տղամարդիկ են, իշխանավորները, զինվորականները։ Իսկ ի՞նչ տեղի է ունենում մնացած պատմությունների հետ։ Որտե՞ղ է այն տարեց գյուղաբնակ կինը, ով գաղթի տարիներին միայնակ է պահել համայնքի դպրոցը։ Որտե՞ղ է այն ակտիվիստ ուսանողը, ով 88-ի շարժման ժամանակ ձերբակալվել է և երբեք չի արդարացվել։
Այսօր էլ նույն մեխանիզմները շարունակում են աշխատել՝ երբ սոցցանցերում տարածվող պատմությունները դառնում են այն «հիշողությունը», որին բոլորս վերադառնում ենք։ Բայց այդ պատմություններն ընտրված են, ուղղորդված, և երբեմն՝ պարզ մոնտաժով մաքրված անհարմար ճշմարտություններից։
Մեդիայի ընտրությունը՝ ուժի ընտրություն է
Ոչ մի պատմություն սոսկ պատմություն չէ։ Յուրաքանչյուր լրագրող, խմբագիր կամ հաղորդման հեղինակ, երբ ընտրում է նյութ, հարցազրուցի հերոս կամ դիտանկյուն, որոշում է՝ ո՞վ է արժանի հիշվելու։
«Մեդիան դարձել է հիշողության ճարտարապետ։ Իսկ հիշողությունը՝ ազգային ինքնության պատուհան»,- նշում է մեդիափորձագետ Արման Սահակյանը։
Եվ եթե մենք թույլ ենք տալիս, որ մեր անցյալն ու ներկան ներկայացնեն միայն ընտրյալները, ապա կորցնում ենք ոչ միայն բազմաձայնությունը, այլև ճշմարտության լիարժեք պատկերը։
«Մեդիան ձևավորում է ոչ միայն մեր պատմական գիտակցությունը, այլ նաև՝ կոլեկտիվ ինքնության սահմանները։ Երբ որոշ խմբերի պատմությունները մեդիայում բացակայում են, նրանք աստիճանաբար դուրս են մղվում «հանրայինի» զգացողությունից։ Դա ոչ միայն մշակութային, այլև սոցիալական մեկուսացում է»,-նշում է սոցիոլոգ Աննա Սարգսյանը։
«Հիշողությունը դառնում է կոդավորված հարթակ, որտեղ մուտք ունեն միայն նրանք, ովքեր անցել են մեդիայի տեսանելիության շեմը»։
Այս հոդվածը փորձ չէր միայն մերկացնել մեդիայի մանիպուլյացիան, այլ՝ հիշեցնել, որ պատմությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան այն պատմվում է։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում ես հեռուստաէկրանին, կարդում ես լրահոսում կամ լսում ես փոդքասթում որևէ պատմություն, մտածիր՝ ի՞նչ պատմություն չհասավ ինձ։ Ո՞վ էր լռեցված։ Ո՞վ մնաց ստվերում։
Պատմությունը դեռ գրում են հաղթողները։ Բայց հարցը մնում է բաց․
իսկ ո՞վ է այսօր հաղթողը։