
Պատմական ակնարկ
Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների ինքնակարգավորման գործընթացը սկիզբ է առել դեռևս 2000-ականներին, երբ Երևանի մամուլի ակումբը դիմում ներկայացրեց Հայաստանի լրագրողական համայնքին՝ հրավիրելով համատեղ մշակել մասնագիտական էթիկայի հիմնական նորմերը: Այն ստեղծվեց երկրի քաղաքական ու ժամանակային փոփոխություններին համարժեք զարգացումներ ապահովելու և խոսքի ազատությանն ուղղված ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։
2007-ին ընդունվեց ԶԼՄ-ների Վարքականոնը, որը հետագայում դարձավ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի նախատիպը, ստեղծվեց «ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը», որը կամավոր սկզբունքով ստանձնում է բողոքների քննարկման, էթիկական նորմերի խախտումների գնահատման և մեդիային ուղղորդող խորհուրդներ տալու գործառույթը, իսկ արդեն 2009-ին ընդունվեց Դիտորդ մարմնի աշխատակարգը։
Ավելի ուշ՝ 2020 թվականին, Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց «Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենք»-ը, որով հեռարձակվող ԶԼՄ-ներին առաջարկվեց ունենալ ներքին կարգավորման մեխանիզմներ՝ մեդիա օմբուդսմեն կամ էթիկայի խորհուրդ։ Այս փոփոխությունը որոշակի տարակարծությունների տեղիք տվեց․ մի կողմից, այն դիտարկվում էր որպես մեդիայի առողջացման ուղի, մյուս կողմից՝ որպես պետության հնարավոր միջամտություն ինքնակարգավորման դաշտին։

Դիտորդ մարմին։ «Դիտորդ մարմինը և լրագրողական համայնքի այլ ներկայացուցիչներ պարբերաբար մասնակցում են օրենսդրական քննարկումներին՝ պաշտպանելով ինքնակարգավորման սկզբունքը և փորձելով խուսափել մեդիայի քաղաքականացված վերահսկողության վտանգից»,- նշեց «Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր, Դիտորդ մարմնի անդամ Գնել Նալբանդյանը։
Նրա խոսքով՝ ինքնակարգավորումը մեդիայում դիտարկվում է ոչ միայն որպես կառավարման գործիք, այլ որպես վստահության ձևավորման առանցքային տարր՝ հանրության և լրագրողների միջև։ Ճիշտ կազմակերպված, թափանցիկ և պատասխանատու ինքնակարգավորման համակարգը կարող է նվազեցնել պետության միջամտության անհրաժեշտությունը և բարձրացնել մեդիայի հավատարմությունը հանրային շահին։
Լրատվամիջոցների դերը և ԶԼՄ ինքնակարգավորումը Հայաստանում. ոլորտի ներկայացուցիչների տեսակետերը

Վահե Ղուկասյան, «FIP.am»-ի գլխավոր խմբագիր
Վահե Ղուկասյանի ղեկավարած «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am) դիտարկվում է ոչ թե որպես դասական լրատվամիջոց, այլ որպես փաստերի ստուգման հարթակ՝ Իրազեկ քաղաքացիների միավորման ներքո։
«Խմբագրությունը հետևում է կազմակերպության ներքին կանոնակարգին և իր մշակած վարքագծի կանոններին՝ այսպես կոչված «Փաստերի ստուգման պատվիրաններին», որպես այդպիսին, էթիկական հանձնաժողով առանձին գոյություն չունի»,- Ղուկասյանը նշում է, որ իրենց հիմնական գործունեությունը հենց ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ պայքարն է։

Գեղամ Վարդանյան, «Media.am»-ի գլխավոր խմբագիր
Լրատվամիջոցի գործունեությունը կարգավորվում է երկու մեխանիզմով՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» էթիկայի կանոնագրի և ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմնի անդամակցությամբ։ Խմբագրությունը խնդիրների դեպքում քննարկումներ է կազմակերպում լրագրողների հետ՝ նյութերը համապատասխանեցնելու համար կանոնակարգերին։
«Մասնավորապես, «Ստուգված է» բաժինը զբաղվում է փաստերի ստուգմամբ՝ մանիպուլյացիաների ու ապատեղեկատվության բացառման նպատակով»,- Վարդանյանը ընդգծում է մեդիագրագիտության խթանման անհրաժեշտությունը և տեղեկացնում, որ խմբագրությունը մասնակցում է մեդիագրագիտության ուղղված նախաձեռնություններին։ Ըստ նրա՝ կան իրավիճակներ, երբ ինքնակարգավորումը կարող է թերանալ, սակայն ամենակարևորը շարունակական աշխատանքն է՝ ուղղված այդ բացերի լրացմանը։ Ընդգծում է, որ վարքականոնը լրատվամիջոցին տալիս է պատասխանատվության և անկախության առավելագույն մակարդակ։

Լիանա Սայադյան․ «Հետք»-ի խմբագրի տեղակալ
Ի տարբերություն վերը նշված լրատվամիջոցների՝ կան լրատվական կայքեր, որոնք չեն ընդունել Էթիկայի Դիտորդ մարմնի կողմից հաստաատված կանոնագրեը և շարժվում են սեփական կանոնագրերով և ներքին կարգավորումներով։ Այդօրինակ կայքերից է «Հետք»-ը, որը մինչ օրս որևէ արտաքին ինքնակարգավորման մեխանիզմի մաս չի կազմել։
«Հետք»-ը դեռևս 2000-ականներին առաջիններից էր, որ ստորագրեց լրագրողական էթիկայի ընդհանուր կանոնները և մինչ օրս շարունակում է հավատարիմ մնալ դրանց՝ ժամանակ առ ժամանակ կատարելով որոշակի փոփոխություններ։ Ու թեև լրատվամիջոցը չունի խմբագրական օմբուդսմեն կամ ինքնակարգավորման մշտական մարմին, այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում ձևավորվում է խորհուրդ, որը քննարկում և որոշում է էթիկայի հետ կապված առաջացած խնդիրները»,- նշում է խմբագրի տեղակալ Լիանա Սայադյանը։
Նրա խոսքով՝ լրատվամիջոցը որոշում է կայացրել չմիանալու գործող ինքնակարգավորման կառույցներից որևէ մեկին, այլ ստեղծել անկախ մարմին, որը կշարունակի լրատվամիջոցի որդեգրած «քաղաքականությունը»։ Բայց քանի որ ԶԼՄ օրենքում նոր փոփոխություններ կատարելու մասին որոշում է ընդունվել՝ լրատվամիջոցներին հորդորելու, որ ունենան էթիկական հանձնաժողով կամ օբուդսմեն, այս դեպքում արդեն մնում է որոշել, թե որ ճանապարհով գնալ՝ միանալ, թե՞ նախընտրել ստեղծել սեփական կանոնագրերը։
«Հետք»–ը 2002 թվականին ընդունել է իր ներքին էթիկական կանոնագիրը, որը պարտադիր է բոլոր լրագրողների համար։ 2023-ին լրատվամիջոցը ընդունել է նաև փաստերի ստուգման ուղեցույց, որն ավելի հստակեցնում է լրագրողական ստանդարտները և աշխատանքային ընթացակարգերը»,- հավելում է Լիանա Սայադյանը։
Լիանա Սայադյանի խոսքով՝ լրագրողական էթիկան և դրա հիման վրա ձևավորված կանոններն ու օրենքները առաջին հերթին պետք են հենց լրագրողների և լրատվամիջոցի համար։ Էթիկական պաշտպանվածությունն անշուշտ կարևոր է, սակայն այն պետք է համապատասխանեցված լինի լրատվամիջոցի գործունեության առանձնահատկություններին, որպեսզի չդառնա ձևական կամ անարդյունավետ։
Հայաստանի լրատվամիջոցների ինքնակարգավորման գործընթացը դեռևս զարգացման ճանապարհի սկզբում է․ Տիգրան Դադունց

Տիգրան Դադունց, արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով՝ Հայաստանի լրատվամիջոցների ինքնակարգավորման գործընթացը դեռևս զարգացման ճանապարհի սկզբում է։ Թեև վերջին տարիներին արված օրենսդրական փոփոխությունները միտված են խթանելու մեդիայի էթիկական պատասխանատվությունն ու հանրային վստահության բարձրացումը, սակայն, ոլորտի մասնագետները նշում են, որ ինքնակարգավորման մշակույթը դեռ լիարժեք չի ձևավորվել։
«ԶԼՄ-ները քիչ են դիմում էթիկայի խորհուրդ, նախընտրում են դատարանը»
«Հայաստանի մեդիա դաշտում ինքնակարգավորումը դեռևս ընկալվում է որպես «խորթ» ինստիտուտ։ Լրագրողական էթիկայի սկզբունքների ճանաչումը և դրանց կիրառումը դեռևս հիմնականում ձևական բնույթ ունեն»,- Տիգրան Դադունցը ուշադրության է արժանացնում այն փաստը, որ եթե առաջնորդվենք վիճակագրությամբ, ապա վիրավորանքի և զրպարտության հարցերով առավել հաճախ դատարան են դիմում, քան էթիկայի կարգավորման մարմին։
Վերջին տարիներին արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով ԶԼՄ-ների ինքնակարգավորումը ճանաչվում է օրինական մակարդակում։
«Ըստ նախագծի՝ ինքնակարգավորման սկզբունքներին համապատասխանող լրատվամիջոցները կարող են ստանալ որոշ արտոնություններ՝ ինչպես պետական ֆինանսավորման, այնպես էլ հավատարմագրման ոլորտում»,- միևնույն ժամանակ, ինչպես նշում են հեղինակները, սա պարտադրող գործիք չէ․ փոփոխությունները նպատակ ունեն հորդորել, խրախուսել, սակայն ոչ պարտադրել մեդիային։
«Լրատվություն սպառողները կարող են չօգտվել այն լրատվամիջոցներից, որոնք չունեն էթիկայի չափանիշներ, և դրանով ազդել որակի վրա»,- նշվում է Դադունցը։