05.02.2025
Կատեգորիա
Դիմանկար
Էմմի

«Դաշնամուրի եմ հաճախել, բեմական ելույթներ եմ ունեցել, ասմունքի փառատոների եմ մասնակցել, արվեստն ու մշակույթը շատ մեծ ազդեցություն են ունեցել իմ կյանքում»,- պատմում է Էմմին, ով ուզում է դառնալ փրկարար։

Դե այո, տարօրինակ է, բայց ասում է՝ փրկարարական գործը մարդասիրության գերագույն ցուցիչն է, ճգնաժամային կառավարումը՝ վտանգավոր արվեստ։

Էմմին իր կյանքի, նախասիրությունների, ներկայի և ապագայի մասին առանց «ը»-երի է խոսում և կարծես կարիք չունի հերթով մտաբերել նախկինում կատարած աշխատանքները, տպավորիչ է, թե ինչպես է կարողանում հիշել, թե քանի տարի առաջ է եղել այսինչ բանը․ հավանաբար հաճախ է պատմում կամ մտածում։

Մայրաքաղաք տեղափոխվել է 14 տարեկանում, բայց ավելի շատ բան է հասցրել անել Երևանում ապրելով, քան որոշները, եթե ամբողջ կյանքում ապրեին։ Մայրաքաղաք գալուց ի վեր ապրել է «Ուսանողի տանը», ասում է՝ գրեթե ամեն օր շնորհակալություն եմ հայտնում իմ կյանքի այս փուլի համար, մարդկանց, ովքեր «Ուսանողի տան» համակարգման թիմում են։ Բացի աճելու և զարգանալու հնարվորությունից, նաև 30 հոգով կենցաղ կիսելը հարմարվողականություն և ճկունություն է ձևավորում։ «Ուսանողի տունը» ընթերցասեր, «արվեստոտ» Էմմին բացահայտեց թաքնված եսին՝ կառավարիչ Էմմիին։ Այսօր նա առանձնակի հպարտությամբ է խոսում իր արած գործերի և իր ներկայի մասին․ հետաքրքրական է՝ ամեն ինչը կապում է նախախնամության հետ։

Սովորում է Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ճգնաժամային կառավարում բաժնում։ Դեռ մանկուց է ունեցել հետաքրքրություն այդ մասնագիտության նկատմամբ, նրա խոսքով՝ «սարսափելի» շատ է սիրում իր մասնագիտությունը։ Ընտանիքի անդամներից երեքը փրկարարներ են եղել, մշտապես տեսել է փրկարարի համազգեստը։ Ենթադրելով մասնագիտության մեջ լավագույնը լինելու իր ձգտումից՝ հետագայում կարող ենք հանգիստ լինել արտակարգ իրավիճակներում։ Բավականին պատասխանատու այս մասնագիտությամբ սովորելով հանդերձ այլ գործունեություն ծավալելով Էմմին կոտրում է կրթությունը անհամատեղելի համարելու կարծրատիպը։ Կրթություն, համայնքային ծրագրեր, անձնական բլոգ, նախասիրություններ․ այս ամենը Էմմին համատեղում է, նույնիսկ երբ գործունեությունը ծավալում է ապրելավայրից դուրս։ 

«Ուսանողի տանն» ապրելով համայնքային ծրագրեր է իրականացրել Ծաղկահովիտ համայնքում։ Ծաղկովիտը իր հայրենի Ապարան համայնքի մոտ է, 10 գյուղ ունի։ Սկզբում մեկ ծանոթ երեխա ուներ այնտեղից, բայց հետո կապեր ստեղծեց տարբեր դպրոցների հետ, երեխաներ հավաքեց, թիմ կազմեց ու սկսեցին գյուղայցերը։ 

Հիշում եմ` առաջին գյուղայցիս հիսուն երեխա էր հավաքվել, շատ բուռն էմոցիաներով անցավ, ու դրանից հետո մեր այցերը շարունակվեցին։ Տարբեր թեմաների էինք անդրադառնում` մասնագիտական կողմնորոշումից մինչև, իմ նախաձեռնությամբ, առաջին օգնության դասընթացներ, իրազեկման արշավներ և այլն»։

Համեմատելով նախկին և ներկա երեխաներին` Էմմին հատատում է՝ արդյունքը մեծ է։ Այս ծրագրից հետո արեցին «Մշո սերունդ» միջոցառումը, որից էլ ծագեց «Մշո սերունդ կրթամշակութային նախաձեռնություն» հիմնելու միտքը։ 

2024-ին սկսեցին աշխատել Ապարանի գյուղերի հետ։ Մասնակցել են 10-ից ավելի գյուղեր, որտեղ արել են առաջնորդության, քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ իրազեկման դասընթացներ, որտեղ էլ օգտագործել է իր մասնագիտական հմտությունները։ Համագործակցելով տուրիստական ընկերությունների հետ՝ շատերը հնարավորություն են ունեցել ճանաչողական տուրերի մասնակցել։ Այս ծրագրերը ևս իրենց արդյունքն են տվել։

Այս բոլոր ծրագրերը որքան մեծ ազդեցություն են ունեցել համայնքաբնակ երեխաների համար, նույնչափ էլ Էմմիի համար․

«Այս ամենի ընթացքում շատ լավ կապեր եմ ձեռք բերել համայնքներում, տարբեր դպրոցների տնօրենների, ուսուցիչների հետ եմ ծանոթացել, շփվել, ինչը որ ինձ օգնել է նաև խնդիրներ արձանագրել և վեր հանել, որոնք հետագայում փորձել ենք թիմային աշխատանքի շնորհիվ լուծել։ Բացի այդ, առաջնորդական, թիմ ստեղծելու և ղեկավարելու հմտություններ եմ ձեռք բերել, որոնց շնորհիվ արդեն փորձառու ենք, կարողանում ենք տարբեր միջոցառումներ կազմակերպել, և բավականին հեշտացել է ընթացքը»։

Համայնքային բուռ գործունեության ընթացքում պակաս չեն զվարճալի պահերը։ Էմմին ժպիտով է հիշում, երբ համայնքային հերթական ծրագիրն իրականացնելիս ճանապարհին մոլորվել և այլ գյուղում էին հայտնվել, որտեղ պատահական մասնակցել էին հարսանիքի։ 

Այս բոլոր դիպվածները թույլ են տվել Էմմիին ճանաչել նաև համայնքների զարգացման ճանապարհին առկա խնդիրները։ Նրա խոսքով՝ մարտահրավերները բավական շատ են, սկսած աջակցության բացակայությունից, վերջացրած երեխաների ներգրավվածության բացակայությամբ։ 

«Համայնքապետարանները չեն ցանկանում համագործակցել երիտասարդների հետ, օրինակ՝ որոշակի սիմվոլիկ գումարներ տրամադրել ծրագրեր իրականացնելու համար, այսինքն՝ ունենք ավագ և կրտսեր սերունդների միջև համագործակցության պակաս։ Կարծում եմ՝ պետք է ուսուցիչները խրախուսեն երեխաներին, որպեսզի նման հանդիպումներին անպայման մասնակցեն։ Մնացած խնդիրները, եթե լավ թիմ լինի, բոլորը իրականանալուն մոտ են»։

Էմմին խնդիրները վերհանելուց բացի նաև առաջարկում է լուծումներ։ Ըստ նրա՝ պետք է ամուր կամք և համառ բնավորություն ունենալ, ձեռք բերել բանակցային հմտություններ, կապեր հաստատել, ունենալ գաղափար և ճիշտ սահմանել դրա նպատակը։ 

Համայնքանպաստ գործունեություն Էմմին ծավալում է նաև սոցցանցերում։ Ունի իր բլոգը, արդեն 2 տարի։ Գյուղական համայնքներ այցելելով լուսաբանում է մարզերի կյանքը, առօրյան, խնդիրները։ Փրկարարից մինչև առաջնորդ Էմմին իր յուրաքանչյուր գործի հիմքում դրել է հայրենասիրությունն ու հայրենաճանաչողությունը։

Շուշան Ասրյան