05.02.2025
Կատեգորիա
Հասարակություն
բռնություն

Երբեմն հասարակությունը բարձրաձայնում է բռնության մասին միայն այն ժամանակ, երբ այն արդեն ունի ծանր հետևանքներ․ մահեր, ֆիզիկական վնասվածքներ կամ հանրային մեծ աղմուկ։ Սակայն բռնությունն իր արմատներն ունի շատ ավելի վաղ շրջանից՝ դեռ մանկությունից։ Մասնագետները պնդում են, որ այն միջավայրը, որտեղ երեխայի կյանքը սկսվում է, մեծապես որոշում է նրա վարքագծային դրսևորումները մեծահասակ տարիքում։

Մանկության չտեսանելի վերքերը

Մանկական հոգեբան Լիլիթ Ղազարյանը նշում է.

«Շատ դեպքերում երեխաներին ֆիզիկապես չեն հարվածում, բայց նրանց վախեցնելու, պիտակավորելու, անտեսելու, կամ պարբերաբար խրատելու գործընթացը կարող է նույն ազդեցությունն ունենալ, ինչ ֆիզիկական բռնությունը։ Հատկապես կարևոր է հասկանալ, որ սառը անուշադրությունը երեխայի նկատմամբ կարող է առաջացնել մեղքի, անարժանիության և նույնիսկ ատելության զգացողություն՝ ինչպես ինքն իր, այնպես էլ շրջապատի հանդեպ»։

Երեխաների մեծամասնության հոգեբանական խնդիրները ձևավորվում են ծնողների, ուսուցիչների և ընտանիքի մյուս անդամների հետ փոխհարաբերություններում։ Մանկավարժ Վիկտորիա Պետրոսյանի ասում է․

«Երբ երեխային նվաստացնում են դասարանի առաջ՝ դա մնում է նրա գիտակցության մեջ որպես խորը հիշողություն։ Այդ երեխան հետագայում կամ սկսում է մերժել սոցիալական միջավայրը, կամ փորձում է գերիշխել այնտեղ՝ հաճախ ուժի միջոցով։ Մենք հաճախ չենք պատկերացնում, թե ինչ լուրջ հետևանք կարող է ունենալ մեկ վիրավորական արտահայտությունը»։

Մանկական բռնության թեման հաճախ թաքնված է ընտանեկան «դաստիարակության» անվան տակ։        Այն շատ հաճախ նշանակում է, որ պետք է խիստ լինել, երբեմն՝ նույնիսկ ձեռք բարձրացնել։

Սակայն մանկաբույժ Նելլի Սարգսյանը նշում է, որ երեխաները, ֆիզիկապես բռնության ենթարկվելով, սովորում են, որ ուժը խնդիրների լուծման տարբերակ է։

«Երեխան չի մտածում՝ ես վատ բան արեցի, նա մտածում է՝ ինձ ցավ պատճառեցին։ Այդ միտքը վերածվում է պաշտպանական մեխանիզմի։ Իսկ նման մեխանիզմներով ապրող մարդն ինքը դառնում է պոտենցիալ բռնարար»։

Դպրոցը՝ որպես սոցիալական առաջին հարթակ

Բռնության ձևերն առաջին հերթին տեսանելի են դպրոցում։ Այնտեղ երեխան սովորում է, թե ինչպես պաշտպանել իրեն, ինչպես վերաբերվել քննադատությունը, ինչպես արձագանքել մրցակցությանն ու պարտությանը։ Եթե այս միջավայրում երեխան զգում է, որ արժևորված չէ կամ ընդունված չէ, նա սկսում է փնտրել վերահսկման այլ ձևեր՝ շատ հաճախ ուժի միջոցով։

Սոցիալական հոգեբան Սիրանուշ Հարությունյանի խոսքով՝

«Մենք հաճախ մոռանում ենք, որ երեխան դպրոց է գալիս արդեն որոշ պատկերացումներով․ ընտանիքը փոխանցում է, թե ինչպես լուծել կոնֆլիկտը։ Եթե տանը երեխային սովորեցրել են, որ ճնշող լինելը ուժ է, նա նույն մոդելը բերում է դպրոց»։

Ուսուցիչների դերակատարությունը որոշիչ է։ Սակայն ուսուցիչների մի մասը, հատկապես ավագ սերնդից, դեռևս գործում է «խիստ կարգապահության» հին մոդելով։ Հոգեբան Լիլիթ Ղազարյանը հավելում է.

«Դպրոցներում հաճախ երեխան վախենում է ուսուցչից։ Բայց վախը չի նշանակում հարգանք։ Այդ վախը հետո վերածվում է ճնշման զգացողության, որը կարող է արտահայտվել ագրեսիայով»։

Բռնությունը՝ որպես ժառանգություն

Մասնագետների կարծիքով՝ բռնությունը հաճախ շարունակվում է սերնդից սերունդ։ Երեխան, ով վերապրել է հոգեբանական կամ ֆիզիկական բռնություն, մեծ հավանականությամբ դառնում է նույն վարքագծի կրողն ու վերարտադրողը։

Սա հատկապես նկատելի է տղաների մոտ։ Սոցիոլոգ Անահիտ Մելիքսեթյանը նշում է․

«Տղաներին սովորեցնում են, որ պետք չէ լացել, պետք է ուժեղ լինել։ Իսկ երբ այդ ուժը դրսևորվում է հարվածելու, ճնշելու միջոցով՝ հասարակությունը հաճախ լռում է։ Բայց հենց այդ լռությունն է նպաստում, որ բռնությունը սերմանվի՝ որպես ուժի և ազդեցության միջոց»։

Ի՞նչ անել՝ շրջանը կոտրելու համար

Մասնագետներն առաջարկում են տարբեր ուղղություններ՝ սկսած ծնողների կրթումից մինչև մանկավարժների վերապատրաստում։ Կարևոր է դպրոցներում պարտադիր դարձնել ոչ միայն հոգեբանական աջակցությունը, այլ նաև հստակ մեթոդաբանություն՝ երեխայի վարքի առողջ զարգացնելու համար։

Լիլիթ Ղազարյանն առաջարկում է.

«Պետք է ձևավորել միջավայր, որտեղ երեխան իրեն լսված և ընդունված է զգում։ Դա սկսվում է պարզ խոսակցություններից՝ առանց դատելու։ Երբ երեխային ցույց ենք տալիս, որ նրա զգացմունքները կարևորված են, նա չի փորձում իր տեղը կռվել ուժով»։

Բռնությունը սկսվում է այնտեղից, որտեղ լռում են։ Այն արմատավորվում է մանկությունից, երբ երեխան չի ստանում ուշադրություն, սեր կամ աջակցություն։ Շղթան կտրելու համար պետք է սկսենք խոսել բռնությունից, սիրենք և մի փոքր ավելի շատ ապրումակցենք իրար։ 

Մարիամ Հովսեփյան