
Հայաստանի համայնքներից ու գյուղերից շատերում, եթե հայտնվելու լինեք այնպիսի իրավիճակում, որ առաջին անհրաժեշտության դեղորայքի կարիք լինի, դժվար թե քսան կամ երեսուն րոպեից ավելի արագ հաջողեք ձեռք բերել այն։ Այս համայնքներում բնակվող մարդիկ գրեթե համակերպվել են, որ իրենց առաջին անհրաժեշտության դեղորայքը պետք է փնտրեն բնակավայրից դուրս։
Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության պետական կարգավորումը իրականացվում է անվտանգ, որակյալ դեղերի ապահովման, ոլորտի` օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորման, հսկողության և վերահսկողության իրականացման, հիմնական դեղերի մատչելիության ապահովան ուղղություններով։ Դեղերի մասին ՀՀ օրենքը ենթադրում է, որ հիմնական դեղերի հասանելիությունը, առնվազն սահմանափակ քանակով, պետք է ապահովվի ինչպես քաղաքներում, այնպես էլ համայնքներում, գյուղերում Պետական դեղատներ չկան, բոլորը մասնավոր են, իսկ ֆինանսական, իրավական, մարդկային ռեսուրսները սակավ են մասնավոր սեկտորի համար։ Դեղատնային ցանցերը, որոնք ներառում են 3-ից մինչև 180, 200 դեղատներ, պատասխանատվություն չեն վերցնում՝ գյուղերում դեղատներ բացելու համար։
Երևանի դեղատնային ցանցերից մեկի տնօրեն Արշակ Մուրադյանն ասում է․ «Որպեսզի գյուղերի մասնավոր դեղատների տնօրենները կարողանան պահել իրենց պահանջարկը և առաջընթաց ունենան, գոնե պետք է ազատվեն որոշակի հարկատեսակներից՝ շահույթը ներդնելով դեղատան աշխատանքի մեջ՝ չվախենալով դեղեր ստանալուց։ Պետությունը պետք է կատարի կազմակերպչական մեծ աշխատանք՝ ուղղորդելով առավել խոշոր արտադրողներին։ Օրինակ՝ ազատելով դեղատնային ցանցին բոլոր տեսակի հարկերից՝ պետությունը շահագրգռում է խոշոր տնտեսվարողին՝ անվճար ապահովելու որոշակի դեղորայք գյուղերի համար»։

Լուսանկարը՝ shantnews.am
Դեղագետն ասում է, որ եթե յուրաքանրյուր երեք գյուղից գոնե մեկը, որը համարվում է առավել կենտրոնացված, ունենա դեղատուն, խնդիրը կարող է որոշակիորեն լուծում գտնել։
Հասկանալու համար, թե իրականում ինչպիսի բաշխվածություն ունեն դեղատները մարզերում, փորձել ենք ուսումնասիրել խնդիրը մեկ շրջանի օրինակով։ Արագածոտնի մարզի Թալինի շրջանը կազմված է շուրջ 35 գյուղերից։ Թալինի համայնքապետարանից մեզ հայտնել են, որ դրանցից միայն 5-ում են առկա դեղատներ. քաղաք Թալին` 5 դեղատուն, գյուղ Արագածավան` 3 դեղատուն, գյուղ Արտենի` 2 դեղատուն, գյուղ Մաստարա` 1 դեղատուն, և գյուղ Ներքին Բազմաբերդ` 1 դեղատուն։

Ամբողջական քարտեզի հղումը` այստեղ
Թալինի տարածաշրջանի գյուղդ է։
«Շահութաբերության հարցը բարդ է գյուղական միջավայրում։ Այստեղ բնակչության քանակը քիչ է, ուստի պահանջարկն էլ՝ ցածր։ Օրինակ, եթե Երևանում օրական մի քանի հարյուր հաճախորդ է այցելում, գյուղում դա կարող է ընդամենը մի քանի տասնյակ լինել։ Սա բիզնեսի տեսանկյունից շահավետ չէ։ Բացի այդ, մատակարարման հարցը լուրջ խնդիր է։ Գյուղերում դեղերի պահանջարկը ցածր է, ուստի դեղերի մեծածախ մատակարարները հաճախ խուսափում են գյուղեր մատակարարելուց։ Բացի այդ, դեղատան գործարկման համար պահանջվող լիցենզիաները և հարկերը նույնն են, ինչ քաղաքներում։ Այսինքն՝ մենք գյուղում նույն չափով հարկ ենք վճարում, ինչ քաղաքում գործող դեղատները, բայց եկամուտը համեմատաբար ցածր է»։

Լուսանկարը՝ shantnews.am
Արմեն Հարությունյանն ասում է, որ պետական աջակցություն գյուղերում դեղատներ գործարկելու համար գրեթե չկա։
«Ներկայում հատուկ աջակցություն չկա։ Եթե պետությունը նվազեցնի գյուղական դեղատների հարկային բեռը կամ որոշակի ֆինանսական խթաններ տրամադրի, դա կնպաստի գյուղերում դեղատների թվի ավելացմանը։ Կարևորվում է պետական և մասնավոր սեկտորի համագործակցությունը՝ խնդրի լուծման համար։
Թալինի շրջանի գյուղերից մեկի քսանհինգամյա բնակիչ Անահիտը Ավետիսյանը պատմում է՝ ինչ բարդությունների է բախվել անհրաժեշտ դեղորայք գտնելու ճանապարհին։
«Անցած ձմեռ էր, երբ տատիկիս ճնշումը բարձրացավ։ Դեղերը վերջացել էին, ու դեղատուն հասնելու համար ստիպված էինք զանգել հարևանին, ով մեքենայով մեզ տարավ մոտակա քաղաք՝ 15 կմ հեռավորության վրա գտնվող դեղատուն։ Գնալ-գալը գրեթե կես ժամ տևեց, ու դա վատագույն պահին էր»։
Անահիտն ասում է, որ առողջական խնդիրների դեպքում գյուղում դեղատների բացակայությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ «Շատ բարդ է, երբ գիտես, որ առողջական խնդիր առաջանալու դեպքում մոտակա օգնությունը հասանելի չէ։ Հատկապես տարեցների դեպքում սա լուրջ ռիսկ է։ Հիմա փորձում ենք որոշ դեղեր պահել տանը՝ նախապես գնելով, բայց ամեն ինչ պահել հնարավոր չէ։ Դեղերի պահպանման ժամկետն էլ սահմանափակ է։ Կցանկանայի, որ գոնե համայնքի կենտրոնում դեղատուն լիներ։ Թող գոնե հիմնական դեղերը հասանելի լինեն»։
Առողջության իրավունքը չպետք է պայմանավորված լինի բնակավայրով։ Երբ քաղաքում դեղատներ կան գրեթե ամեն քայլափոխի, իսկ գյուղերում անգամ առաջին անհրաժեշտության դեղը ձեռք բերելը դառնում է մարտահրավեր, սա արդեն ոչ թե բիզնեսի խնդիր է, այլ համակարգի բաց։ Առողջական խնդիրները չեն սպասում․ դեղերի հասանելիությունը կարող է լինել կյանքի ու մահվան հարց։