05.02.2025
Կատեգորիա
Կրթություն
1

Թվային տեխնոլոգիաների ինտեգրումը կրթական համակարգում արագորեն զարգանում է՝ փոխելով դասավանդման ավանդական մեթոդները։ Առցանց դասընթացները գիտելիքի ձեռքբերումն ավելի հասանելի են դարձրել, արհեստական բանականությունը (ԱԲ) ապահովում է անհատականացված աջակցություն սովորողներին, իսկ նորարարական գործիքներն ամբողջությամբ վերափոխում են ուսուցման գործընթացը։

Այս փոփոխությունները, սակայն, առաջացնում են նաև նոր խնդիրներ։ Արդյո՞ք առցանց կրթությունը կարող է լիարժեք փոխարինել ավանդական ուսուցմանը։ Ինչպե՞ս են դասախոսները, ուսուցիչները հարմարվում թվային միջավայրին, և ի՞նչ ազդեցություն են թողնում տեխնոլոգիաները սովորելու գործընթացի վրա։ Այս հարցերը դառնում են կրթական համակարգի արդիականացման կարևոր մաս:

2

Լուսանկարը՝ Chat GPT 

Թեև թվային գործիքները խթանում են ինքնուրույնությունը, շատ մասնագետներ կարծում են, որ ուսուցչի ֆիզիկական ներկայությունը շարունակում է մնալ անփոխարինելի՝ կրթական միջավայրում էմոցիոնալ կապի, աջակցության և ուղորդման տեսանկյունից։

Հասմիկ Սարգսյանը, ով Արարատի դպրոցում դասավանդում է մաթեմատիկա, կարծում է, որ տեխնոլոգիաները լավ օգնական են, բայց ոչ փոխարինող․

 «Թվային գործիքները հեշտացնում են դասապրոցեսը, օրինակ՝ ինտերակտիվ վարժանքներն օգնում են երեխաներին խորապես հասկանալ նյութը։ Սակայն դասարանում կենդանի շփումը, հարց ու պատասխանը, բացատրությունը դեռևս անփոխարինելի են»:

«Եթե դասի ժամանակ ինչ-որ բան չեմ հասկանում, օգտագործում եմ ԱԲ գործիքները՝ լրացուցիչ բացատրություններ ստանալու համար։ Դրանք օգնում են, հատկապես երբ դասախոսին միշտ հարց տալու հնարավորություն չկա»,- ասում է ԵՊՀ ուսանող Անգելինա Զաքարյանը: 

Թեև թվային տեխնոլոգիաները մեծապես դյուրին են դարձնում ուսուցման գործընթացը, ծնողները երբեմն մտահոգություն են հայտնում՝ կապված դրանց չարաշահման հետ։

«Թվային գործիքների կիրառումը կրթության մեջ մեծ հնարավորություններ է տալիս։ Արհեստական բանականությունը, իմ կարծիքով, կարող է շատ օգտակար լինել, եթե ճիշտ օգտագործվի։ Այն հնարավորություն է տալիս երեխաներին սովորել իրենց ռիթմով, կրկին անդրադառնալ չհասկացված նյութերին:

Բայց, կարծում եմ, շատ կարևոր է, որ դրանք չփոխարինեն ուսուցչին, որովհետև երեխային պետք է նաև մարդկային շփում և ուղղորդում»,- ասում է ծնող Լիլիթ Հովհաննիսյանը։

Հaյաստանում թվային կրթական համակարգերի զարգացումը հատկապես ակտիվացավ հեռավար ուսուցման շրջանում, երբ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պայմաններում կրթությունը տեղափոխվեց առցանց հարթակներ։ Այդ ընթացքում լայն կիրառություն ստացան Dasaran.am, Microsoft Teams, Zoom, Google Classroom և այլ գործիքներ։

Հայաստանում կան կրթական հաստատություններ, որոնք իրենց ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում տեխնոլոգիական ուսուցմանը: Դրանք են` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Այբ դպրոցը, UWC Դիլիջանը, Քվանտ վարժարանը, Armath ինժեներական լաբորատորիաները։

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ Արամ Փախչանյանն ասում է.

3

Արամ Փախչանյանը                                                                                          

Լուսանկարը՝ անձնական արխիվից 

«Այն, թե որքան արդյունավետ կլինի թվային գործիքների, ԱԲ-ի օգտագործումը կրթության մեջ, կախված է նրանից, թե ինչպես են ուսուցիչներն ու ուսանողները հասկանում այս համակարգերի հնարավորությունները և սահմանափակումները։ Պետք է նախ սովորել, թե ինչպես են աշխատում այդ համակարգերը, որպեսզի հնարավոր լինի ձևավորել նոր ուսուցման մեթոդներ, ստեղծագործաբար մոտենալ և ստանալ առավել որակյալ արդյունքներ»:

Նա նաև ընդգծում է, որ ԱԲ համակարգերը սովորում են մեծ քանակությամբ տվյալների հիման վրա, որոնք ստեղծվել են մարդկանց կողմից։ 

«ԱԲ-ն չի մտածում, ինչպես մարդը, այլ մշակում է տվյալներ, հիմնվելով մաթեմատիկական ալգորիթմների վրա։ Այն կարող է հիանալի կերպով նմանակել մարդու խոսքը, բայց այն չունի անձնավորություն, պատմություն, գիտակցություն»:

Հարցին, թե ինչպիսի խնդիրներ կան թվային կրթության զարգացման առջև Հայաստանում, և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն դրանց հաղթահարման համար, ՀԱՊՀ Տվյալագիտություն կրթական ծրագրի ղեկավար Սուրեն Էդիլյանն ասում է.

4

Սուրեն Էդիլյանը

Լուսանկարը՝ Հանրային Ռադիո

«Հիմնական խնդիրը մասնագետների և տեխնիկապես հագեցված լսարանային և լաբորատոր պայմանների սակավությունն է։ Այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ներդնել նոր մասնագետներ, բարելավել տեխնիկական ենթակառուցվածքը և ստեղծել հարմարավետ լաբորատոր պայմաններ»: 

Պարզելու համար, թե ինչպես են ուսուցիչներն ու աշակերտները գնահատում թվային տեխնոլոգիաների ազդեցությունը կրթության վրա, իրականացրել ենք ֆոկուս խմբային հարցում։ Արդյունքները ցույց են տվել, որ թվային տեխնոլոգիաներն էականորեն փոխել են ուսումնական գործընթացը։ Մասնակիցների մեծ մասը դրական է գնահատում դրանց կիրառությունը՝ ընդգծելով տեղեկատվության արագ հասանելիությունը, ուսուցման արդյունավետության բարձրացումը։ Սակայն որոշ մասնակիցներ նշել են,որ տեխնոլոգիաների չափազանց մեծ ներգրավվածությունը կարող է բացասաբար ազդել։ Հարցման արդյունքները ներկայացված են գրաֆիկներով՝ թեմայի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու համար։

5

 

6
7

 Գրաֆիկները `Ֆոկուս խմբային հարցում

Սուրեն Էդիլյանը կարևորում է նաև միջազգային փորձի կիրառումը. 

«Հայաստանում կրթության թվայնացման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է օգտվել միջազգային փորձից։ Բազմաթիվ հաջողված միջազգային ձևեր կան, օրինակ` արևմտյան փորձը։ Հայաստանի կրթական համակարգը կարող է շատ բան սովորել այս փորձից՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ ու ուսուցման մեթոդներ, որոնք արդեն հաջողությամբ օգտագործվում են այլ երկրներում»:

Թվային կրթական միջավայրի զարգացումը կարող է նպաստել ուսուցման որակի բարձրացմանը, թե՞ այն պետք է լինի լրացուցիչ աջակցություն ավանդական մեթոդներին, առանց դրանք փոխարինելու Սուրեն Էդիլյանն ասում է. 

«Թվային տեխնոլոգիաները միանգամայն կարող են նպաստել ուսուցման որակի բարձրացմանը։ Այնուամենայնիվ, որոշ իմաստով դրանք նաև փոխարինում են ավանդական միջոցներին։ Տեխնոլոգիաների հնարավորությունները թույլ են տալիս ուսուցման գործընթացին նորարարական մոտեցումներ, որոնք  ավելի արդյունավետ են»: 

Թեև թվային տեխնոլոգիաներն առաջարկում են նոր հնարավորություններ կրթության համար, դրանց լիարժեք արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ են համակարգված լուծումներ։ Նախ, կարևոր է, որ ուսուցիչներն անցնեն համապատասխան վերապատրաստում, որպեսզի կարողանան լիարժեք օգտվել նորարարական գործիքներից։ Բացի այդ պետք է ուշադրություն դարձնել տեխնիկական հասանելիությանը։

Առանց այս ամեն նույնիսկ ամենաառաջատար տեխնոլոգիաները չեն կարող լիարժեք արդյունք ապահովել։ 

Մարիանա Հովհաննիսյան