03.03.2025
Կատեգորիա
Հասարակություն
fact checking

Հաշվի առնելով հայաստանյան և միջազգային մեդիայում տեղեկատվության տարածման արագությունը, ապատեղեկատվության տարածման վտանգը և առցանց լրատվամիջոցների հասանելիությունը՝ փաստերի ստուգման գործընթացը ժամանակի թելադրանք է դառնում:
Առցանց լրատվամիջոցները հիմնական դեր են խաղում հասարակության իրազեկման և կարծիքի ձևավորման գործընթացներում:
Journalist.am-ը հարցազրույց է վարել «Հետք»-ի փաստեր ստուգող լրագրող Վահե Սարուխանյանի հետ: Զրուցել ենք Հայաստանում փաստերի ստուգման գործիքակազմի կիրառության, ապատեղեկատվության դեմ պայքարի, առկա խնդիրների և մարտահրավերների մասին:

-Ի՞նչ կասեք փաստերի ստուգման կարևորության մասին, հատկապես առցանց մամուլում:
-Հատկապես առցանց մամուլում փաստերի ստուգումը կարևոր նշանակություն ունի: Մենք ապրում ենք ինտերնետի դարաշրջանում, երբ առցանց մամուլը համարվում է ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և քարոզչության տարածման ամենամեծ հարթակը: Եվ առցանց մամուլում պատրաստված փաստեր ստուգող մասնագետները մեր օրերում պետք է շատ լինեն: Դրան զուգահեռ պետք է նշեմ, որ ապատեղեկատվության դեմ պայքարը միշտ եղել է և լինելու է, քանի որ միևնույն է, այն տարածողները շատ ավելի շատ են, քան դրա դեմ պայքարող մասնագետները:

-Ձեր փորձից ելնելով՝ որո՞նք են հայկական առցանց մամուլում ապատեղեկատվության ամենատարածված տեսակները:
-Բոլոր տեսակներն էլ հանդիպում են՝ disinformation, misinformation, clickbait: Առհասարակ կարիք չկա տարանջատելու fake news-ի տեսակները, քանի որ բոլորն էլ նույն վատ ազդեցությունը կարող են ունենալ՝ մանիպուլյացիոն վերնագրերից մինչև բուն ապատեղեկատվություն, երքաղաքական տեսանկյունից բնականաբար քարոզչություն՝ թե իշխանության, թե ընդդիմության կողմից: Շատ տարածված են նաև սունկ կեղծ կայքերը, որոնք մեծամասամբ հենց զանգված ներգրավելու համար են:

-Փաստերը ստուգելիս ի՞նչ առաջնահերթություններ եք սահմանում: Ինչպե՞ս եք ապահովում, որ ստուգված փաստերը արդյունավետ հասնեն լսարանին, և կա՞ նյութերի հանդեպ պահանջարկ:
-Առաջին հերթին կարևորում ենք հանրային շահը և մեր որդեգրած քաղաքականությունը: Մենք ունենք սահմանված կանոններ՝ ինչն ենք լուսաբանում, ինչը՝ ոչ: Այնուամենայնիվ, անհնար է ստուգել բոլոր հայտարարությունները և փաստերը, քանի որ դա մեծ ռեսուրսներ է պահանջում: Դա է պատճառը, որ մենք ընտրում ենք ակնհայտ մանիպուլյացիաները և մեծ կարևորություն ունեցող հայտարարությունները: Լսարանի կողմից պահանջը համարում եմ այն, որ մենք վստահություն ենք վայելում մեր լսարանի կողմից, և մեր հրապարակումները համարվում են հավաստի: Մենք հստակ գիտենք՝ ինչ է պահանջում մեր լսարանը․ անկախ և հավաստի տեղեկատվություն՝ զերծ մանիպուլյացիաներից ու քարոզչությունից, և հենց դա էլ փորձում ենք փոխանցել փաստերի ստուգման միջոցով:
«Հետքը» 2021 թվականից նախաձեռնել է «Infact» փաստացի հարթակը, որը միավորում է փաստերի ստուգմամբ զբաղվող հայաստանյան լրագրողներին: Այդ հարթակի շրջանակներում տարբեր հաղորդումներ ենք պատրաստել, հարցազրույցների շարք ենք իրականացրել, կրթական բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել մեր ընթերցողների և հենց լրագրողների համար:
2024 թվականից մենք սկսել ենք հաղորդում, որը կոչվում է «Փաստացի», նաև Mapfact-ը, որտեղ քարտեզների և արբանյակային լուսանկարների միջոցով մեր լսարանին ծանոթացնում ենք, օրինակ, երկրի սահմաններին: Քարտեզները և արբանյակային լուսանկարները մեծ իրական պատկերացում են տալիս սահմանների մասին:

-Որոնք են Հայաստանում առկա ամենամեծ խոչընդոտները, որոնց բախվում եք փաստերի ստուգում իրականացնելիս:
-Որպես փաստեր ստուգող լրագրող՝ ինձ համար ամենամեծ խոչընդոտը հավաստի և ամբողջական տեղեկատվություն ստանալն է որոշ պետական մարմիններից: Կան մարմիններ, որոնք շատ սահմանափակ են տեղեկատվություն տրամադրելու հարցում, ինչը ես շատ դեպքերում անիմաստ եմ համարում:

-Ո՞ր գործիքներն են ամենահաճախ կիրառվողը Ձեզ համար: Կխնդրեմ մի քանի օրինակներ բերել դրանց արդյունավետ կիրառումից:
-Ինձ համար առաջին տեղում է տվյալների հետ աշխատանքը, որը կիրառելի է և՛ փաստերի ստուգման, և՛ հատկապես հետաքննության մեջ: Երբ ասում եմ տվյալների բազաներ, առաջին հերթին նկատի ունեմ արտասահմանյան բազաները, քանի որ հայկական մեդիայում այս ոլորտը շատ քիչ է լուսաբանվում: Արտասահմանյան տարբեր բազաների հետ աշխատելը մեծ բացահայտումների ու տարբեր փաստերի ստուգման հնարավորություն է տալիս:
Շատ կարևոր և հետաքրքիր է նաև քարտեզների, արբանյակային լուսանկարների հետ աշխատանքը: Google Maps, Google Earth, Sentinel Hub, վերջերս սկսել ենք աշխատել նաև Planet Labs գործիքով, որը, ինչքանով ես տեղյակ եմ, այս պահին միայն «Հետք»-ն է օգտագործում իր ընթերցողների համար: Մենք պատրաստվում ենք նաև կիսվել այս հարթակով մեր գործընկերների հետ: Planet-ը մեզ կօգնի ավելի լավ ուսումնասիրել հայ–ադրբեջանական սահմանը, Արցախի օկուպացված տարածքները, պատմամշակութային ժառանգությունը: Անդրադառնում ենք նաև Հայաստանի շրջակա միջավայրին, ապօրինի շինարարությանը և այլն:
Կարևոր է նշել, որ քարտեզների իմացությունը և ինտերնետի հետ աշխատելու ունակությունը նոր սերնդի համար առավելություններ են, որոնցով նրանք ավելի հեշտ են կարողանում աշխատել այս ոլորտում: Ողջունելի է նաև, որ կան որոշ աշխարհագրության ուսուցիչներ, որոնք հետաքրքրված են աշակերտներին ծանոթացնելու փաստերի ստուգման որոշ գործիքների հետ:

-Կա՞ն դժվարություններ հայերենով փաստերի ստուգում իրաանացնելու դեպքում:
-Կարծում եմ՝ չկան կոնկրետ դժվարություններ հայերենի հետ կապված, որովհետև մենք այսպես, թե այնպես ուսումնասիրում և ստուգում ենք հայաստանյան իրադարձությունները:

-Պետության կողմից կա՞ որոշակի աջակցություն և վերահսկողություն փաստերի ստուգման ոլորտում:
-Փաստերի ստուգման ոլորտում միակ աջակցությունը, որ կարող է լինել՝ ճշգրիտ, համակարգված և կոնկրետ տեղեկություն տրամադրելն է՝ առանց կեղծիքի և մանիպուլյացիայի:
Այլ աջակցություն չկա և չի էլ ակնկալվում մեր կողմից: Միջազգային բոլոր համագործակցությունները նույնպես կատարվում են մասնագետների և խմբագրությունների ջանքերով:

Սրբուհի Սարգսյան