02.14.2025
Կատեգորիա
Կրոն
տեառնընդառաջ

Փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց  Տեառնընդառաջը։ Տերունի այս տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը Տաճարին։ Ըստ հրեաների օրենքի՝ ամեն արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրը որդու հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և օրհնություն ստանում քահանայից։ Այսպես և Սուրբ Աստվածամայրը 40 օրական Հիսուսի հետ այցելում է տաճար։ 

Տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Կատարվեց երեկոյան ժամերգություն, որին հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ տարվա առաջին Անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը։ Այնուհետև Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցվեց ներկա հավատավոր ժողովրդին, իսկ արարողության ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը:

Փետրվարի 14-ին Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտից հետո իրականացվեց նորապսակների օրհնության կարգ (Տեառնընդառաջի տոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր)։ 

Նորապսակներ Լիլիթը և Հովհաննեսը պատմեցին, որ  այս տարի Տեառնընդառաջը նրանց համար առանձնահատուկ էր, քանի որ առաջին անգամ էին այն նշում որպես ամուսիններ։

«Տարիներ շարունակ այս տոնին ներկա եղել ենք, բայց երբ ընտանիք ես կազմում՝ զգացողություններն այլ են», – ասաց Լիլիթը։

Հովհաննեսն էլ հավելեց. «Այս օրհնությունն ու ավանդույթը մեզ համար նոր սկիզբ են ազդարարում»։

Տոնի մասին խոսելով՝ զույգը նշեց, որ այն ոչ միայն կրոնական, այլև ընտանեկան արժեքների պահպանման ու ավանդույթների շարունակման խորհրդանիշ է։

Արևիկ Քոլունց