03.05.2025
Կատեգորիա
Առողջապահություն
ծխախոտ

Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, ովքեր ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։

Հայաստանում ամեն տարի ծխախոտի օգտագործման պատճառով մահանում է շուրջ 5,500 մարդ։ Ծխախոտային արտադրատեսակները առաջացնում են տարբեր հիվանդություններ, որոնք մահվան պատճառ են դառնում։ Մահվան պատճառների ցանկում 53 % կազմում է քաղցկեղը,  1,5 %-ը՝ շաքարային դիաբետը։ Դեռահասների մոտ այդ խնդիրները կարող են կարճաժամկետ և երկարաժամկետ լինել․ կարճաժամկետը հևոցն է, հազը, խրոնիկ բրոնխիտը, երկարատևի դեպքում՝ քաղցկեղը, սիրտ-անոթային խնդիրները։ Այսինքն՝ այսօրվա երիտասարդության շրջանում 5 կամ 15 տարի հետո հնարավոր է ի հայտ գան նոր հիվանդություններ, բայց եթե թողնեն ծխելը, օրինակ, մեկ տարի հետո, կնվազի իշեմիկ հիվանդության ռիսկը։

2022 թվականին իրականացվել է «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» (ԱՀԳԳ), որի հետազոտության տվյալների համաձայն՝ ծխախոտային արտադրատեսակները և դրանց փոխարինիչները օգտագործողների թիվը կազմել է 27,2%, որից 53,2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 2,0%-ը՝ կանայք։ 2016 թվականին իրականացված նույն հետազոտության համաձայն՝ ծխախոտ օգտագործողների թիվը կազմել է 27,7%, որից 53,4%-ը տղամարդիկ են, իսկ 2,3%-ը՝ կանայք։

Գ. Մ.-ն շուրջ 2 տարի է, ինչ ծխախոտ է օգտագործում։ Այն հարցին, թե ինչն է ստիպում ծխել, պատասխանում է, որ այն հանգստացնում է։

«Երբ չեմ ծխում, ագրեսիվանում եմ։ 5 անգամ փորձել եմ այլևս չօգտագործել, բայց չի հաջողվել։ Ծխելիս հանգստանում եմ։ Կարծում եմ՝ բոլոր ծխողների մոտ այդպես է»։ 

Գ.Մ.-ն վստահ է, որ իր ծխելու վրա ազդեցություն է ունեցել նաև շրջապատը։ Ա.Խ.-ն ևս նույն կարծիքին է, սակայն հիշում է, որ առաջին անգամ ծխախոտ օգտագործելիս ծուխը վատ ազդեցություն է թողել։ 

«Փորձել եմ, բայց հաճելի ոչ մի բան չկա ծխախոտի մեջ։ Փորձելուց հետո անընդհատ հազում էի։ Ցանկություն չառաջացավ դրանից հետո»։

Թե որքանով կապ ունի չծխելու որոշման մեջ գումարը, Ա.Խ.-ն վստահ է, որ դա էական դեր չի խաղում։ Միևնույն է, ծխողը ծխում է։

Դպրոցահասակների մեջ ծխախոտի ազդեցությունը ևս մեծ է։ Համաձայն 2021-2022 թվականներին իրականացված «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» (այսուհետ՝ ԴԵԱՎ) տվյալների՝ ծխախոտ երբևիցե օգտագործել են 15 տարեկան տղաների 23%-ը և աղջիկների 4%-ը, իսկ էլեկտրոնային ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 36%-ը և աղջիկների 6%-ը։

Թոքաբան Գևորգ Բոյաջյանը կարծում է, որ ծխելու սովորությունը շատ հաճախ սկսվում է սոցիալական ազդեցության կամ շրջապատի օրինակների արդյունքում։ Շատ երիտասարդներ սկսում են ծխել՝ խմբում կամ ընկերների մեջ ընդունված բարքերից ելնելով։

Ըստ Բոյաջյանի՝ դեռահասների շրջանում չծխելու մի քանի լուծում կա, բայց նա ամենակարևորը ընտանիքի ու ծնողների դերն է համարում։

«Ծնողները և ընտանիքի անդամները պետք է իմանան, որ իրենց օրինակով կարող են մեծ ազդեցություն ունենալ դեռահասների վրա։ Եթե նրանք չեն ծխում, ապա իրենց երեխաները ավելի քիչ հավանական է, որ կծխեն։ Ընտանիքի և ընկերների կողմից աջակցությունը շատ կարևոր է, հատկապես երբ դեռահասները հայտնվում են սոցիալական ճնշման կամ ազդեցության տակ»։

Հոգեբան Մերի Սմբատյանն էլ խնդիրը լուծելու նման տարբերակ է նշում.
«Հոգեբանական առումով կարևոր է հասկանալ, թե որն է ծխելու պատճառը․ բացասական էմոցիանե՞րը, թե՞ սոցիալական ճնշումը։ Սովորաբար, մարդկանց համար ավելի հեշտ է հրաժարվել ծխելուց, երբ նրանք ունեն բացահայտ և կոնկրետ նպատակներ՝ կապված այն բանի հետ, որ ծխելը խլում է նրանց կյանքից (առողջություն, ընտանիք և այլն)»։ 

Հոգեբանը վստահ է, որ օգտակար է միանալ ուրիշների հետ, ովքեր նույնպես փորձում են հրաժարվել ծխելուց։ Ընդհանուր նպատակ ունենալու և փոխադարձ խրախուսման միջոցով՝ ծխելուց հրաժարվելը ավելի հուսալի է դառնում։
2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ծխախոտի մասին նոր դրույթներ, ըստ որի արգելվում է՝

▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների:

▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

Չնայած սրանց, ծխախոտային արտադրատեսակները հաճախ տեղադրվում են քաղցրավենիքի և երեխաների համար նախատեսված ապրանքների կողքին՝ տպավորություն ստեղծելով, որ ծխախոտային արտադրանքը առօրյա անվնաս առարկա է:

ծխախոտ

Նախարարությունը 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունել է հակածխախոտային օրենքը։ Դրանով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա:
Ըստ այդ օրենքի՝ արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և որոշ բաց հանրային վայրերում, ինչպես նաև  գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության բոլոր ձևերը։ 

Այնուամենայնիվ, որոշ հանրային վայրերում, մասնավորապես՝ սրճարաններում, տնօրինությունները հրաժարվում են պատասխանատվություն կրելուց ասելով, որ օրենքի խաղդման դեպքում տուգանք կարող է սահմանել ոստիկանությունը, իսկ իրենք իրավասու չեն արգելք հանդիսանալ, քանի որ դա իրենց գործառույթը չէ։ Սակայն ՀՀ «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Է և Ը մասերի համաձայն՝ արգելվում է դրանց օգտագործումը  այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների և հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), և սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված հաստատություններում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը, ինչը ենթադրում է, որ տվյալ հաստատությունների պատասխանատու անձինք ևս սույն օրենքի ենթակայության ներքո են։ 

Այսպիսով, չնայած հակածխախոտային օրենսդրության բարելավմանը և սահմանափակումների կիրառմանը, դեռևս կան խախտումներ և թերացումներ՝ հատկապես օրենքի կիրառկման և վերահսկման հարցում։ Օրենքի ամբողջական իրագործումը և հանրային իրազեկման բարձրացումը կարող են մեծ ազդեցություն ունենալ ծխախոտի օգտագործման  շեմի նվազեցման վրա։
 

Արևիկ Քոլունց