
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, վերջին մեկ տարում ընտանեկան բռնության դեպքերը աճել են գրեթե 500-ով։ Բազմիցս այս թեմայով խոսում են տարբեր մասնագետներ՝ իրավաբաններ, հոգեբաններ, սոցիոլոգներ, ովքեր փորձում են իրենց գործունեությամբ օգնել բռնության ենթարկված անձանց։ Հայաստանում ընտանեկան բռնության ամենաշատը ենթարկվում են կանայք։
Ըստ Նելլի Արսենյանի՝ բռնությունը այն երևույթն է, որ ունի սիստեմատիկ բնույթ և համարվում է «պատժի» տեսակ։ Հիմնականում բռնության ենթարկվողները հստակ գիտեն՝ ինչ չի կարելի անել և ինչ արարքների համար նրանք կենթարկվեն «պատժի»։ Բռնության ենթարկվողները միշտ կախված են բռնության ենթարկողից, ինչը վերաբերում է բոլոր բռնության տեսակներին։

«Անձը, ով պաշտպանված չէ, ինքնուրույն չէ, ով, այսպես ասած, գնալու տեղ չունի և ֆինանսապես կայուն չէ, ամենաշատն է ենթարկվում բռնության, որովհետև այդ ամենին լավ տեղյակ է բռնարարը»։
Ըստ հոգեթերապևտի՝ հենց հարաբերությունների ամենասկզբից «կարմիր դրոշակները» նկատելով, չպետք է աչք փակել դրանց վրա, որովհետև հիմնականում այդպիսի մարդիկ շատ են փորձում քողարկել իրենց իրական դեմքը։ Ամենափոքր արարքներից հետո, երբ նրանք նկատում են վտանգ, որ կկորցնեն իրենց «զոհին», սկսում են «մեղրամսի» շրջանը։ Այսինքն՝ նվերներ են տալիս, ավելի շատ ուշադրություն դարձնում, որպեսզի մոռացվեն, օրինակ, վատ բառերը, եթե այլ բռնություն է եղել՝ հարվածները և այլն։
Հասմիկ Խաչատրյանը վաղ է ամուսնացել և ստիպված է եղել տարիներով հանդուրժել բռնությունը։ Հերթական վեճից ու բռնությունից հետո նա ստանում է ականջաթաղանթի վնասվածք և մի կերպ կարողանում է փախչել ամուսնուց։ Իր մեջ ուժ գտնելով՝ նա դիմում է «Կանանց աջակցման կենտրոն» և ստանում համապատասխան օգնություն։

«Ամեն ինչ սկսվեց, երբ դեռ նոր էինք նշանվել։ Ես սովորում էի համալսարանում, և երբ կուրսընկերներիս կամ դասընկերներիս տեսնելիս բարևում էի, դա վեճի պատճառ էր, կամ, եթե վերարկու էի հագնում ու չէի կոճկում, հարցնում էր, թե ինչու չեմ կոճկվում և այլն։ Հենց սկզբից մտածում էի, որ ճիշտ չէ, բայց կողքից էլ ասում էին՝ նշանված ես, տղամարդ է և այլն, այդ պատճառով աչք էի փակում։ Չկար նաև գիտակցություն, որ դա բռնություն է, քանի որ մեզանում շատ է տարածված, որ դա ուշադրություն է, այլ ոչ թե բռնություն։ 11 տարի անց հետ նայելով՝ արդեն շատ պարզ է երևում, որ հենց սկզբից էլ կար բռնություն։ Վերջին ծեծից հետո, երբ ես փախա, հիվանդանոցում ասացի, որ ընկել եմ, բայց ոչ ոք չէր հավատում, որովհետև մինչ այդ էլի էի ենթարկվել ծեծի, և ողջ մարմինս կապտուկների մեջ էր։ Բայց ես չէի ուզում ոստիկանություն դիմել ու քաշքշուկի մեջ ընկնել։ Հիվանդանոցից տեղափոխվեցի հորաքրոջս տուն: Ինձ անընդհատ զանգահրում էին Գավառի ոստիկանությունից, ասելով, որ խոսել են նրա հետ, խելոքացել է, և ինձ հանգիստ չէին տալիս։ Ես զանգահարեցի «Կանանց աջակցման կենտրոնի» թեժ գիծ, չնայած չէի հավատում, որ իրականում կստանամ օգնություն»։
2017 թվականին Հայաստանում ընդունվեց ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, որը թույլ է տալիս ոստիկանական ուժերին օրենքի սահմաններում աջակցել բռնության ենթարկվածներին, անհրաժեշտության դեպքում մուտք գործել այն հաստատություն, որտեղ տեղի է ունենում բռնություն, և կանխել այն։ Այդ դեպքում ինչու՞ բռնության ենթարկված կանանց մեծամասնությունը չի ստանում սահմանված օգնությունը։
Իրավապաշտպան, «Կանանց աջակցման կենտրոնի» ՀԿ ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ ընտանեկան բռնությունը զարգանում է փուլ առ փուլ, և հաճախ մարդիկ չեն էլ հասկանում, որ խախտվում են իրենց իրավունքները։

«Մեզանում տարածված է, որ աղջիկ երեխայի փոխարեն միշտ որոշումներ են կայացնում տան այլ անդամներ՝ թե ինչպես հագնվի, իրեն պահի, սովորի, աշխատի և այլն։ Այս ամենը ևս բռնություն է։ Մեր հասարակությունում դեռ մանկուց ձևավորվում են կարծրատիպեր, որ աղջիկը պետք է հնազանդվի, թույլ է, պետք է լսի և հարմարվի։ Սա բերում է նրան, որ բազմաթիվ կանայք երկար տարիներ հանդուրժում են բռնությունը և նույնիսկ կարող են պատկերացում չունենալ, որ իրենց հանդեպ բռնություն է լինում։ Բռնության մասին կանայք խուսափում են խոսել, դիմել ոստիկանության կամ աջակցման կենտրոններին՝ վախենալով պիտակավորումից, մտածելով, որ բոլորի մոտ նույնն է և այլն։ Ցավոք, մեր հասարակությունը դեռ չունի այն ընկալումը, որ ցանկացած բռնության մեջ մեղավոր է միայն բռնարարը»։
Ըստ ուսումնասիրությունների՝ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության: Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնությունը շատ ավելի տարածված է, քան շատերը մտածում են։ Այն, որ հասարակությունը դեռ չի հասկանում բռնության բոլոր ձևերը, ազդում է այն բանի վրա, թե ինչպես են կանայք ընդունում իրենց վիճակը: Այս բոլոր խնդիրները պահանջում են ոչ միայն օրենսդրական բարեփոխումներ, այլև հասարակական գիտակցության փոփոխություն։ Պետք է հասնել այն ընկալմանը, որ բռնության դեմ պայքարելը ընդհանուր հասարակական խնդիր է։