03.26.2025
Կատեգորիա
Կրթություն
Ֆակուլտետային

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները «Պրակտիկում» առարկայի շրջանակում այցելեցին Մատենադարան՝ բացահայտելու հայկական ձեռագրական ժառանգության պահապանի առաքելությունը։ 
Այցի ընթացքում նրանք ծանոթացան նոր, ժամանակավոր ցուցադրություններին, այդ թվում՝  «Ճառագող առաքելությունը» ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին ոչ միայն Մատենադարանի բացառիկ ձեռագրերը, այլև տարբեր տուն-թանգարաններից բերված արժեքավոր ցուցանմուշներ։

Ուսանողները հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնելու պատմական ձեռագրերն ու հնատիպ գրքերը, այլև հետևելու դրանց վերականգնման ու պահպանման գործընթացներին։ Նրանք ներկա գտնվեցին Մատենադարանի թղթի վերամշակման արհեստանոցում իրականացվող աշխատանքներին՝ տեսնելով, թե ինչպես են մասնագետները մանրակրկիտ մաքրում և վերականգնում դարերի խորքից մեզ հասած գրչագրերը։ Այցի ընթացքում ուսանողները զրուցեցին նաև մասնագետների հետ՝ ավելի խորը հասկանալու համար Մատենադարանի դերը հայկական մշակույթի պահպանման գործում։

Մանե Խանդանյան