
Լուսիկ Ագուլեցի (Լուսիկ Ժորիկի Հարությունյան) հայ ազգագրագետ էր, նկարիչ, հավաքորդ և գրող, ով մեծ դեր է ունեցել հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։ Նա հայտնի էր իր տանն ու հավաքածուում պահվող հազվագյուտ հայկական ազգային հագուստներով, կարպետներով, կերամիկական և ձեռագործ աշխատանքներով։


Լուսիկ Ագուլեցին իր կյանքը նվիրել է հայկական ավանդական մշակույթի պահպանմանը։ Նրա տունը տարիների ընթացքում վերածվել է իսկական թանգարանի, որտեղ հավաքված են հնագույն կենցաղային իրեր, գորգեր, զարդեր, ազգային տարազներ ու նկարներ։ Նրա շնորհիվ շատ հայկական ավանդույթներ և արհեստներ չեն մոռացվել։ Այսօր նրա տունը գործում է որպես «Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան», որը ոչ միայն ցուցադրում է նրա հավաքածուն, այլև հանդիսանում է մշակութային կենտրոն՝ արվեստի ցուցահանդեսներով, արհեստագործական վարպետության դասերով և այլ միջոցառումներով։


–Թանգարանը բացվել է 2019 թվականին՝ Լուսիկ Ագուլեցու մահվանից հետո, – պատմում է տուն-թանգարանի զբոսավար Վիկտորիա Մարգարյանը։ Թանգարանի գաղափարը պատկանում է նրա ընտանիքի անդամներին։ Սա այն տունն է, որտեղ նա հարս է եկել։ Երեխաներ ունենալով՝ տունը ձևափոխել են, ընդլայնել, և այսօր այն ունի այն տեսքը, որտեղ նրանք տարիներ շարունակ բնակվել են։ Ոչինչ փոխված չէ։ Թանգարանի գերգաղափարն այն է, որ մեր հյուրերը չեն գալիս թանգարան, նրանք գալիս են տիկին Լուսիկին հյուր։


Ծնվելով և մեծանալով Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում՝ Լուսիկ Ագուլեցին տեսել է օտարների վատ վերաբերմունքը հայկական տարբեր իրերի նկատմամբ։ Իր մշակույթը կորցնելու վախից նա սկսում է հավաքել հայկական հին իրեր։ Այդ հավաքածուն նա հավաքում է մոտ 50 տարի։



–Հավաքածու առաջին նմուշը մի հին հայկական գոտի էր, որը ամուսինը նվիրել էր Լուսիկ Ագուլեցուն։
–Գոտին ոգեշնչում է նրան, և նա որոշում է, որ պետք է հավաքի ամենատարբեր հայկական իրեր։ Սկսած 70-ական թվականներից՝ Ագուլեցին հավաքում է հին հայկական զարդեր, գորգեր, տարազներ, կենցաղային իրեր և այլն։ Իսկ արդեն 90-ական թվականներից, հաշվի առնելով երկրի ճգնաժամային իրավիճակը, երբ շատերը վաճառում էին ամենատարբեր իրեր, նա սկսում է հավաքել հնոտիներ։


Այսօր թանգարանում կարելի է տեսնել ամենատարբեր հին իրեր, որոնցից ամենահինը քարի դարից պահպանված կտրող գործիքն է։ Այստեղ կարելի է տեսնել նաև տարբեր ժամանակահատվածներին առնչվող աշխատանքներ՝ սկսած հեթանոսական շրջանի ծեսեր պատկերող նկարներից ու տիկնիկներից։


Բացի թանգարանից, այստեղ գործում է արտ-սրճարան, որը նույնպես արտացոլում է Ագուլեցու էսթետիկան՝ իր ավանդական ոճով, դեկորներով և հայկական խոհանոցով։



–Մեզ մոտ մատուցվող ուտեստները հայկական խոհանոցից են։ Մի մասը՝ Արևմտյան Հայաստանից, մյուսը՝ Արևելյան։ Մատուցվում են նաև պահքային ուտեստներ։ Ճաշատեսակները հիմնականում կրում են հին հայկական կամ թանգարանի կերպարներից վերցված անվանումներ։ Օրինակ՝ տարբեր քաղցրավենիքների շարքում ունենք կարամելիզացված խնձոր, որը կոչվում է Ասիլ, և ունենք տանձ, որը կոչվում է Վասիլ։