03.13.2025
Կատեգորիա
Այլ
ծառահատում

«Ժողովուրդն էլ ինչ որ տեղ հասկացել է, որ անտառը մեզ համար կարևոր արժեք է, այլևս ծառահատում չեն իրականացնում»,-նշում է անտառապահ Միշա Ալեքսանյանը։

Վերջին տարիներին Նոյեմբերյանի շրջանի անտառները կանգնած են լուրջ վտանգի առաջ։ Ծառահատումներն ազդում են ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ համայնքի կյանքի որակի վրա։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տվյալներով՝ վերջին 3 տարիներին արձանագրվել է անօրինական ծառահատման 538 դեպք։ Թվերը մտահոգիչ են, սակայն դրանք տարեց տարի նվազում են, քանի որ արդեն կիրառվում են անտառահատումների դեմ լուրջ պատժամիջոցներ: Կառավարության որոշմամբ՝ անտառում հերթապահություն են իրականացնում էկոպարեկները՝ կանխելու անտառահատումների ռիսկերը։

Տարվա մեջ յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է 8 խորանարդ մետր թափուկ վառելափայտ, որը հաճախ չի բավականացնում ողջ ձմեռվա ընթացքում։

Անտառապահ Միշա Ալեքսանյանը նշում է, որ բողոքների դեպքում անտառտնտեսությունը կազմակերպում է սանիտարական հատումներ և հիվանդ ու չորացած ծառերը բաժանում բնակիչներին։ 

«Հաճախ իսկապես չի բավականացնում փայտը, եթե մեծ ընտանիք ունես, դժվար է խնայողաբար օգտագործել, հատկապես՝ ցուրտ ամիսներին, իսկ գազ վառելը գյուղական բնակավայրում ֆինանսական տեսանկյունից դժվար է»,-նշում է համայնքի բնակիչ Ա. Ս-ն։

Բնակչությունը առանց համապատասխան փաստաթղթի իրավունք չունի անտառից որևէ տեսակի փայտ բերել, թուղթն էլ պետք է անտառտնտեսությունից վերցնել՝ խորանարդ մետրի համար վճարելով 13500 դրամ։
Մեր կատարած հարցումների հիման վրա պարզ է դառնում, որ բնակչության 53.1%-ը հարկադրված կատարում է ծառահատում, իսկ 40%-ը կողմ է գործող օրենքների խստացմանը։ Բնակչության 70%-ը իրավիճակի փրկությունը տեսնում է ծառատունկի մեջ, սակայն հարցվողներից շատերը նշել են, որ չեն իրականացնում ծառատունկ։ Նշված հարցով անտառտնտեսության վարչությունը պատասխանում է, որ յուրաքանչյուր տարի կազմակերպվում է ծառատունկ՝ մինչև 15 հա անտառ ավելացնելու նպատակով։

Նոյեմբերյանի անտառների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն էկոհամակարգի, այլև համայնքի կայուն զարգացման համար։ Միայն համատեղ գործողությունների միջոցով հնարավոր կլինի վերականգնել և պահպանել շրջանի կանաչ տարածքները։
 

Վերա Սահակյան