03.20.2025
Կատեգորիա
Իրավական
Ֆակուլտետային
Վարդուհի Պետրոսյան

Իրավական թեմաները լրատվական դաշտում առանձնահատուկ մոտեցում են պահանջում՝ իրենց բարդության և մասնագիտական նրբությունների պատճառով։ Շատ հաճախ ընթերցողները դժվարանում են հասկանալ օրենքների և դատական պրոցեսների բովանդակությունը՝ խճճվելով իրավաբանական տերմինների ու մանրամասների մեջ։ Ահա թե ինչու իրավական լրագրողի դերը ոչ միայն փաստերը ներկայացնելն է, այլև դրանք հասանելի ու պարզ ձևով բացատրելը։
Այս հարցերի շուրջ զրուցեցինք իրավական լրագրող, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական-մամուլի քարտուղար և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Վարդուհի Պետրոսյանի հետ:

-Տիկին Պետրոսյան, ինչպե՞ս պետք է անդրադառնալ հասարակության համար զգայուն իրավական հարցերին՝ առանց էթիկայի կանոնները խախտելու։

-Մասնագիտական էթիկայի կանոններին խստագույնս հետևելը արհեստավարժ լրագրողի ապահովությունն է: Ցանկացած թեմա լուսաբանելիս էթիկայի կանոնները շատ կարևոր են՝ մասնավորապես իրավական ոլորտը լուսաբանողների համար, որովհետև այստեղ շոշափվում են մարդկային ճակատագրեր, իսկ մարդու մասին ցանկացած հրապարակում, առավել ևս իրավական պրոցեսներում հայտնված անձի իրավական պաշտպանությունը նաև մեդիայի կարևոր առաքելությունն է: Որքան պահպանված է լինում էթիկայի կանոնները, այնքան ավելի շահեկան վիճակում են հայտնվում և՛ նյութի հերոսը, և՛ լսարանը։

-Կա՞ն որոշակի էթիկական սահմանափակումներ կամ կանոններ, որոնց պետք է անպայման հետևի իրավական ոլորտում աշխատող լրագրողը։

-Իրավական ոլորտում աշխատող լրագրողի համար ամենակարևոր սահմնափակումը, կամ էթիկական նորմը,  որին պետք է անպայման հետևի՝ անմեղության կանխավարկածի պահպանման սկզբունքն է։ Մինչև չլինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, լրագրողը կանխորոշիչ ձևակերպումներ չպետք է թույլ տա իր հրապարկման մեջ, քանի որ այդպիով կձևավորի կանխակալ վերաբերմունք գործում ներգրավված մեղադրյալի նկատմամբ։

-Ինչպե՞ս եք գնահատում հասարակության իրավագիտակցության մակարդակը, և ի՞նչ դեր ունի մամուլը դրա բարձրացման գործում։

-Հստակ գնահատական տալու համար, թե ինչպիսին է հասարակության իրավագիտակցության մակարդակը, անհրաժեշտ է որոշակի վիճակագրական տվյալներ, պարզապես կարող եմ ասել, որ հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում բավականին լուրջ դերակատարում ունեն զանգվածային լրատվամիջոցները և ընդհանուր մեդիան։ Եթե փորձագետները, մասնագետները, իրենց խորհուրդներով, իրենց տիրապետած տեղեկատվությամբ բավարար բազաիրավական գիտելիքներ կկարողանան փոխանցել հասարակությանը, ապա տվյալ հասարակությունը իրավագիտակից կլինի և պահանջատեր իր իրավունքների պաշտպանության իրացումն ամբողջ ծավալով ապահովելու հարցում։

-Կան, արդյոք, որոշակի իրավական թեմաներ, որոնք ավելի դժվար է լուսաբանել հասարական արձագանքի կամ բարդության պատճառով։

-Կան նման թեմաներ, և հիմնականում այդ բարդությունը զգացական և իրական պատկերի խաչաձևումն է, որովհետև հիմնականում այդ խնդիրը բարդանում է աղմկահարույց և հասարակական հնչեղություն ունեցող գործերի դեպքում: Լրագրողը բավականին արհեստավարժ պետք է գտնվի՝ հավասարակշռելու և զսպելու բոլոր էմոցիաները, ոչ միայն սեփական անձի, այլ նաև հասարակության իրավական գործընթացների ճիշտ վավերագրությունը ներկայացնելու համար։

-Կա՞ն հատուկ մեխանիզմներ կամ անվտանգության միջոցառումներ, որոնք կիրառվում են իրավական լրագրողների համար։

-Հատուկ առանձին մեխանիզմներ չկան իրավական լրագրողների պաշտպանությունն ապահովելու համար, այդ մեխանիզմները կիրառելի են առհասարակ լրագրողի մասնագիտության շրջանակում։ Նույն խնդրի առջև լրագրողը կարող է կանգնել ցանկացած խնդիր լուսաբնելիս, այսինքն այստեղ մոտեցումը պետք է  միտված լինի լրագրողի անվտանգային գործոնով պայմանավորված։ Լրագրողը, որքան էլ իր գործունեությունը ռիսկային համարի, այդ գիտակցումը բերում է նրան, որ իր գործը անի շատ ավելի զգույշ, արհեստավարժ, որպեսզի իր մոտեցումներով ապահովի իր անվտանգությունը։

-Ինչպե՞ս եք տեսնում իրավական լրագրության ապագան Հայաստանում։

-Ի ուրախություն ինձ պետք է ասեմ, որ իրավական լրագրության նկատմամբ հետաքրքրությունը մեզանում գնալով ավելի է մեծանում, և դրա ապացույցն է նաև Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում վերջին տարիներին ներդրված «դատաիրավական լրագրություն» կամընտրական դասընթացը, այս առարկայի դիմելիության ցուցանիշը բավականին  բարձր է։ Սա շատ ողջունելի է, ինչքան իրավագիտակից լինի ոչ միայն լրագրողը, առհասարակ մարդկությունը, այդքան կունենանք իրենց իրավունքներն ամբողջ ծավալով իրացնող հասարակություն։

-Ի՞նչ խորհուրդ կտաք իրավական ոլորտը լուսաբանող լրագրողներին։

-Խորհուրդս իրավական ոլորտը լուսաբանող լրագրողներին հետևյալն է. ցանկացած հրապարակում անելիս առաջնորդվել «մարդը բարձրագույն արժեք է» սկզբունքով, որովհետև իրենց հրապարակումներում իրավական լրագրողները հիմնականում շոշափում են մարդկանց իրավունքները: Որոշ դեպքերում դրանք խախտված իրավունքներ են, և այդ խախտված իրավունքների վերջնական վերականգնումն ապահովում է արդարադատությունը, իսկ մեդիան, որպես բոլոր այդ գործընթացների նկատմամբ հսկողություն սահմանող, պետք է շատ աչալուրջ և զգոն լինի։
 

Վերա Սահակյան