04.04.2025
Կատեգորիա
Առողջապահություն
թմրամոլ

Երևանյան շենքերի պատերին, կանգառներում և հանրային այլ վայրերում կարելի է տեսնել տելեգրամյան ալիքների հղումներ, որոնց միջոցով իրականացվում է թմրանյութերի ապօրինի առքուվաճառք։ Վճարում իրականացվում է առցանց տարբերակով, ընդ որում՝ նաև կրիպտոարժույթով։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի 2024 թ․ տվյալների համաձայն՝ Հայաստանում «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառված շուրջ 7800 անձից 7-ը անչափահաս են, 13-ը՝ 18 տարեկան։ Սակայն տվյալները հիմք չեն կարող ընդունվել՝ գնահատելու համար դեռահասների շրջանում հոգեմետ նյութերի տարածման աստիճանը, քանի որ շատերը խուսափում են բժշկի դիմելուց։ Այդուհանդերձ, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքով՝ իրավիճակը երբեմն ուռճացվում է։ Հարևան երկրների համեմատ՝ մեր երկրում երևույթն ավելի լավ է վերահսկվում։ Իրավապահ մարմիններին հաջողվում է տելեգրամյան հարթակում թմրամիջոցների վաճառքով զբաղվող խմբեր հայտնաբերել։ 

Հայաստանի Հանրապետությունում լայն տարածում ունեն կանեփից պատրաստված թմրամիջոցները՝ մարիխուանա, հաշիշ, որն աճում է հանրապետության տարածքում, նաև՝ սինթետիկ թմրանյութերը։ Սրանք համեմատաբար մատչելի են և հասանելի։ Բացի այդ՝ փոստային առաքանիների միջոցով եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից Հայաստան են ներկրվում մեթամֆետամին, մեֆեդրոն, հերոին տեսակի թմրամիջոցներ։ 

15 տարվա մասնագիտական փորձ ունեցող հոգեբան-հոգեթերապևտ Էլոննա Հակոբյանի խոսքով՝ թմրամիջոցներ օգտագործող դեռահասները հակված են տագնապային խանգարումների, դեպրեսիայի և նույնիսկ հոգեզուրկ վիճակների զարգացման, հատկապես եթե ունեն գենետիկ նախատրամադրվածություն։ Հոգեբանը նշում է, որ չնայած ոչ բոլոր դեռահասներն են անցնում ավելի ուժեղ թմրամիջոցների, հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղ օգտագործումը մեծացնում է այլ հոգեակտիվ նյութեր՝ կոկաին, օփիոիդներ և այլն, փորձարկելու հավանականությունը։ Այսինքն այն ունենում է դարպասային էֆեկտ դեպի ավելի ծանր թմրամիջոցներ։ Հոգեներգործուն նյութերի նույնիսկ մեկանգամյա օգտագործումն առաջացնում է գիտակցության, մտածողության ֆունկցիաների խանգարումներ, հաճախ նաև՝ գերդոզավորում՝ մահվան ելքով։ Ընդ որում, իմպուլսիվ վարքագիծը, հոգեկան խանգարումները, «քաջալերող» միջավայրի առկայությունը ավելի հավանական են դարձնում թմրանյութերի օգտագործումն ու կախվածության ձևավորումը։ Շղթայական ռեակցիայի նմանությամբ՝ մեկի կողմից թմրանյութի օգտագործումը կարող է խրախուսիչ լինել մյուսի համար։ Անկայուն հարաբերությունները, ծնողների կողմից անտեսումը, բռնությունը ևս ռիսկային հանգամանքներ են։

ՀՀ տարածքում նարկոլոգիական հիվանդությունների բուժման ստանդարտներով նման դեպքերում սահմանված են խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և բուժում: ՀՀ քաղաքացիների համար նարկոլոգիական անվճար բուժօգնության և սպասարկման ամբողջ ծավալը երաշխավորվում է պետության կողմից և իրականացվում է պետական պատվերի հիմունքներով:

Մարինա Գրիգորյան