04.07.2025
Կատեգորիա
Այլ
Դեբեդ

2024 թվականի մայիսի 25-26-ին Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղը ոչ միայն մարդկային և նյութական, այլև մեծ վնաս հասցրեց շրջակա միջավայրին։ Դեբեդ գետը աղետի հետեւանքով լցվեց շինարարական աղբի մնացորդներով, կենցաղային թափոններով և վտանգավոր նյութերով։ Աղետից մեկ տարի անց գետը դեռևս աղտոտված է։

Չնայած պետական մարմինների հավաստիացումներին, որ իրականացվել են մաքրման աշխատանքներ, գետի ափով շրջելիս անզեն աչքով երեւում է, որ իրականությունն այլ է։ Հոսող ջրի մեջ դեռևս կարելի է տեսնել պլաստիկ շշեր, կոտրված կահույք, մետաղական մնացորդներ և անգամ հագուստ։ Տեղացիները պնդում են, որ գետի վիճակն ավելի է վատացել, եւ աղտոտված ջուրը տարածվում է հարակից համայնքներում՝ ազդելով տեղաբնակների առողջության վրա։

Աղետի անմիջական հետևանքները Դեբեդի համար

Ջրհեղեղի ժամանակ գետը դարձավ հոսող աղբավայր, որտեղ լցվեցին ոչ միայն տեղի աղբանոցների թափոնները, այլև վնասված տների և խանութների մնացորդները։ Գետն ի վիճակի չէր ինքնամաքրվել, քանի որ մեծ քանակությամբ պլաստիկ, ծանր մետաղներ, շինարարական նյութեր են խառնվել նրա ջրերին։

Տեղաբնակների խոսքով՝ գետի ափերին տեղ-տեղ գոյացել են աղբակույտեր, որոնցից որոշներն այրվում են՝ ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծելով։ «Ամռանը անհնար է լինում մոտենալ Դեբեդին, որովհետև գարշահոտությունն անտանելի է։ Իսկ երբ անձրևներ են գալիս, այդ ամբողջ աղբը նորից լցվում է ջուրը»,- պատմում է Ալավերդու բնակիչներից Արթուր Միքայելյանը։

Դեբեդի աղետը՝ համայնքի աչքերով

Արման Հակոբյանը, ով ապրում է Դեբեդի մոտակայքում, ամենամեծ խնդիրը համարում է գետի աղտոտվածության անտեսանելի հետևանքները։

«Մեր երեխաները փոքր տարիքից շփվում են այս կեղտոտ ջրի հետ։ Մարդիկ այլևս չեն գնում Դեբեդի մոտ, ինչպես նախկինում։ Միայն պատկերացրեք, թե ինչ վնաս է սա հասցնում մեր առողջությանը։ Բայց ամենացավալին այն է, որ ոչ ոք լուրջ չի վերաբերվում խնդրին։ Հետո բոլորս զարմանում ենք, թե ինչու են հիվանդությունները ավելանում»,- ասում է նա։

Նարեկ Գրիգորյանը, ով ջրհեղեղից հետո մի քանի կամավորների հետ փորձել է մաքրել Դեբեդի ափերը, ասում է, որ խնդիրը շատ ավելի խորն է, քան թվում է։

«Մենք փորձեցինք կազմակերպել գետի մաքրման արշավ, բայց երբ սկսեցինք, հասկացանք, որ այդ աղբը մաքրելն անհնար է առանց հատուկ տեխնիկայի։ Մեկ շաբաթ աշխատելուց հետո միայն մի փոքր հատված մաքրեցինք, բայց հաջորդ շաբաթ նորից ամեն ինչ նույնն էր։ Եթե տեղական իշխանությունները լուրջ չվերաբերվեն այս խնդրին, ապա տարիներ անց Դեբեդը պարզապես կվերածվի ոչ թե գետի, այլ թափոնների գծով հոսող հեղուկի»,- նշում է նա։

Ի՞նչ են ասում պետական կառույցները

Ի պատասխան մեր հարցումների՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․

«Համաձայն Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1800-Ն որոշման, իրականացվել են համալիր միջոցառումներ 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերում հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման, մասնավորապես` Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Տաշիր եւ Աղստեւ գետերի խնդրահարույց հատվածների մաքրման եւ հակահեղեղային միջոցառումների ուղղությամբ տարվող աշխատանքների մշտադիտարկման համար:

Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքները վերացնելու նպատակով ՄԱԿ ՄԱԶԾ-ի եւ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակվել է ՀՀ հետաղետային կարիքների գնահատման զեկույցը։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Դեբեդ գետի ավազանում իրականացնում է ջրի որակի ամենամսյա մոնիթորինգ: Ջրի որակի գնահատականները հրապարակված են «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի եռամսյակային տեղեկագրերում»։

Իսկ Ալավերդու համայնքապետարանն այդպես էլ չպատասխանեց ձեռնարկված քայլերի մասին մեր հարցմանը: Ստորեւ՝ Դեբեդ գետի որակի գնահատականը՝ գրաֆիկականպատկերներով։

Տվյալներն՝ ըստ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի

գրաֆիկ
գրաֆիկ

 

գրաֆիկ
գրաֆիկ

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի ամառային ամիսներին (հատկապես հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր) Դեբեդ գետում որոշ աղտոտիչների մակարդակները զգալիորեն բարձրացել են՝ համեմատած տարվա մնացած հատվածի հետ։

•        Ցինկի (Zn) կոնցենտրացիան 2024-ին առավելապես բարձր է եղել հուլիս-սեպտեմբեր ամիսներին, սակայն 2025-ի սկզբին գրեթե բացակայում է։

•        Պղնձի (Cu) մակարդակը հասել է գագաթնակետին մայիսին, բայց ընդհանուր առմամբ մնում է թույլատրելի սահմաններում։

•        Կապարի (Pb) կոնցենտրացիան 2024-ի հոկտեմբերին գրանցել է կտրուկ աճ, ինչը կարող է պայմանավորված լինել արդյունաբերական կամ շրջակա միջավայրային գործոններով։

•        Մոլիբդենի (Mo) մակարդակը մնացել է հարաբերականորեն կայուն, առանց զգալի տատանումների։

Ալավերդու բնակիչները մտահոգված են, որ եթե շուտով լուրջ քայլեր չձեռնարկվեն, Դեբեդի աղտոտվածությունը կարող է անդառնալի դառնալ։ Բացի էկոլոգիական վնասներից, խնդիրը նաև առողջական հետևանքներ ունի․ մարդիկ ավելի հաճախ են բողոքում մաշկային հիվանդություններից, ալերգիաներից և շնչառական խնդիրներից։

Համայնքի ներսում ակտիվիստները փորձում են բարձրաձայնել խնդիրը, սակայն առանց Կառավարության և մասնավոր սեկտորի լուրջ ներգրավման, լուծումներ չեն տեսնում։

Մերի Սողոյան