
CoppeRright-ը մտածել է երկրորդ կյանք տալ սովորական տերևներին՝ դարձնելով դրանք զարդեր։ Բիզնեսի հիմնադիրներն ամուսիններ Դավիթ Պոոսյանը և Տատյանա Ավդաևան են։ Ասում են՝ ուզում են մարդկանց ցույց տալ, որ բնությունը կարելի է գնահատել, պահպանել և օգտագործել առանց վնասելու։ Ըստ նրանց՝ իրենց զարդերը հենց այդ գաղափարն են կրում՝ տալ կյանք այն բաներին, որոնք սովորաբար անտեսվում են։
Տատյանան ռուսախոս է և մեր հարցերին պատասխանում էր կիսառուսերեն-կիսահայերեն։ Մի աթոռի վրա էին նստել ամուսիններն իրենց փոքրիկ խանութում և խոսելու ընթացքում հիացած նայում էին միմյանց։
-Ինչպե՞ս առաջացավ տերևները զարդեր դարձնելու և այն բիզնեսի վերածելու գաղափարը։
Դավիթ Պողոսյան- Շատ հանկարծակի։ Մինչ ամուսնանալս ոչ մի բան չէի անում։ Կինս՝ Տատյանան, շատ էր սիրում ուլունքներով ձեռագործ աշխատանքներ անել։ Մի օր եկավ ու ասաց. «Դավիթ, արի գալվանոպլաստիկայով զբաղվենք»։ Հարցրի՝ «Դա ի՞նչ է»։ Բացեց համացանցը, ցույց տվեց, որ տերևներ, միջատներ, ծաղիկներ վերցնում են ու պղնձապատում։ Տեխնիկան պարզ էր, ու որոշեցինք փորձել։
-Իսկ սկզբում դժվարություններ ունեցե՞լ եք։
Դավիթ Պողոսյան -Դե, խոչընդոտներ միշտ լինում են։ Չնայած ամենահետաքրքիրն այն էր, որ հենց առաջին փորձից ստացվեց։ Վերցրինք չինարի տերև, որը բավականին բարդ աշխատանք է պահանջում, բայց շատ լավ ստացվեց։
Տատյանա Ավդեևա -Երևի բախտ էր, որ հենց առաջին անգամից ստացանք լավագույն արդյունքը։
-Իսկ ինչո՞ւ հենց CopperRight անունը:
-Որովհետև մեր աշխատանքը հիմնված է պղնձի (copper) վրա, իսկ right նշանակում է «ճիշտ»։ Այսինքն՝ «ճիշտ պղինձ», որը բնությանը երկրորդ կյանք տալու և այն չվնասելու ճանապարհ է։
-Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել գործընթացի մասին։
Դավիթ Պողոսյան- Նախ, հավաքում ենք տերևները, չորացնում, այնուհետև պատում գրաֆիտով։ Գրաֆիտը ստեղծում է հաղորդիչ շերտ, որպեսզի էլեկտրոլիզի ընթացքում պղինձը հավասարապես նստի։ Վերջում զարդը փայլեցնում ենք, կարող ենք նաև ներկել, և այն ստանում է վերջնական տեսք։ Ստացված զարդը չափազանց ամուր է, նույնիսկ ուժեղ հարվածից չի կոտրվում։
-Ո՞ր փուլում հասկացաք, որ սա ոչ միայն հոբբի է, այլև կարող է դառնալ բիզնես։
Դավիթ Պողոսյան- Սկզբում ուղղակի հետաքրքրության համար էինք անում, բայց երբ մեր պատրաստած առաջին զարդերը սկսեցին հետաքրքրել մարդկանց, հասկացանք, որ կարող ենք ավելի լուրջ մոտենալ։ Մի քանի անգամ ցուցադրությունների մասնակցեցինք․ մարդկանց արձագանքները դրական էին։ Հետո սկսեցինք մտածել՝ ինչպես զարգացնենք դա որպես բիզնես։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ուզում են բիզնես սկսել։
Դավիթ Պողոսյան - Կապ չունի՝ ինչ բիզնես է, պատրաստ եղեք ծախսելու շատ փող, և պատրաստ եղեք նրան, որ ո՛չ առաջին օրը, ո՛չ առաջին ամիսը և ո՛չ առաջին տարին դուք գումար չեք վաստակի։ Եթե ուզում եք միանգամից շահույթ ունենալ, գնացեք և ճանապարհին բացեք շաուրմայի կետ։ Եթե ունեք յուրահատուկ առաջարկ, պետք է պատրաստ լինել նրան, որ մարդիկ քեզ չգիտեն, դու ոչ ոք ես, ու դու պիտի օր ու գիշեր ասես, թե ով ես դու, ասես քո բիզնեսի մասին, որ քեզ իմանան։ Գովազդ, աշխատանք, զարգանալ։ Եվ, իհարկե, պետք է լինի երկրորդական աղբյուր, որ քեզ կերակրի, մինչև դու կիրագործես քո գեղարվեստական միտքը։