
Եթե մտածում եք, որ, օրինակ, կարմիր գույնը Ձեզ չի սազում, կամ կարմիր շրթներկը չեք հավանում, փոխարինեք այն կարմիր գույնի պայուսակով կամ որևէ այլ դետալով․․․
Հագուստի հանդեպ սերը ինձ մոտ արտահայտվել է վաղ տարիքից: Ես իմ հագուստները սիրում էի ձևափոխել, կտրում էի, կարում ու էդպես ներկայանում դպրոց: Մայրս ասում էր՝ ամոթ ա, չի կարելի էդպես, մարդիկ տարօրինակ կնայեն, նույնիսկ երբեմն հրաժարվում էր ինձ հետ դուրս գալուց: Ես ասում էի. «Մա՛մ, սպասի ու կտեսնես, որ սա 2 տարի հետո նորաձև ա լինելու»:
14 տարեկան էի, երբ դիտեցի Կոկո Շանելի ֆիլմը: Մայրս կողքից նայում ու ասում էր. «Նայիր՝ քեզ ինչ նման ա, կարում ա, ինչ-որ փոփոխություններ ա անում, նույնիսկ գնաց տղամարդու տաբատ հագավ ու ոչ մեկից չի նեղվում, իրան տարօրինակ են նայում, ու ինքը չի կոպլեքսավորվում»: Ու ես որոշում եմ, որ պետք է Կոկո Շանելի նման դառնամ, պետք է սկսեմ հագուստ ստեղծել։ Ընդունվում եմ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ՝ հագուստի մոդելավորման ու նախագծման բաժին: Ընդունվում եմ ու 2-րդ կուրսում հասկանում, որ ես ընդհանրապես չեմ ուզում կար անել, չեմ ուզում նախագծել․ որպես մշտական աշխատանք՝ ինձ համար ընդհանրապես հետաքրքիր չէր կար անելը:
Համացանցում հանդիպում եմ ոճաբանություն մասնագիտությունը: Ալեքսանդր Ռոգվիին շատերը կճանաչեն՝ հաղորդում ուներ, որտեղ ոճափոխում էր աղջիկներին: Ու հիշում եմ՝ երբ Ալեքսանդր Ռոգվին ինչ-որ մասնագիտական բան էր ասում, ես նախօրոք գուշակում էի, թե ինչ է ասելու այդ պահին:
Հետո սովորում եմ Կարինա Նիգայի ու Մարգարիտա Մուրադովայի ոճաբանության դպրոցներում ու ստանում եմ միջազգային վկայական, ու հիմա ես էլ եմ սովորեցնում ոճաբանություն: Շատ կարևոր է հաշվի առնել տվյալ մարդու հոգեբանությունը, այն, թե արդյոք նա պատրաստ է այդ փոփոխություններին: Արդյոք պատրա՞ստ է իմ առաջարկած հագուստը կրել: Աշխատում եմ այնպես, որ երկուսս էլ գոհ լինենք. Ես՝ իմ աշխատանքից, նա՝ իր հարմարավետ և ոճային հագուստից:
Ու հիմա այդ ամենը ընդլայնել եմ բլոգինգում, որտեղ փորձում եմ ցույց տալ, թե ինչպես է հագուստը փոխում մարդուն: Ունեմ առցանց ամսագիր, որն աշխատում է ամսական բաժանորդագրությամբ։ Մարդիկ տեսնում են՝ որտեղից գտնել հարմարավետ, ոճային և միաժամանակ մատչելի հագուստ և ճիշտ համադրել հագուստի տարբեր տեսաները։ Բայց կա բաց փորձնական ամսագիր, որ մինչև բաժանորդագրվելը մարդիկ հասկանան ամսագրի իմաստը: Շատ անգամներ այցելում եմ աղջիկների տուն և մատուցում զգեստապահարանի վերլուծության ծառայություն: Շատ աղջիկների մոտ հագուստի տեղատարափ է, բայց ամեն առավոտ չգիտեն՝ ինչ հագնեն, գնում են նոր հագուստ, բայց չգիտեն՝ ինչի հետ համադրեն:
Ոճաբանությունը հնարավորություն է, որ աղջիկները տիրապետեն սեփական ոճին: