04.08.2025
Կատեգորիա
Մշակույթ
Դիմանկար
Արմինե Դանիելյան

Արմինե Դանիելյանը մասնագիտությամբ թատերագետ է։ 2016-2020 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտություն բաժնում։ 2021-2022 ուստարում սովորել է Հետք Մեդիա Գործարանում։ 2021 թվականին «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի հետ իրականացրել է կանանց իրավունքներին նվիրված ֆոտոցուցահանդես։ 2022 թվականից «Իմ Ռադիո»-ում պատրաստում և վարում է «ԹատրON» հեղինակային ռադիոհաղորդումը։ Ուսումնասիրում է 21-րդ դարի թատրոնն ու դրա խնդիրները։ 2023-ի փետրվարից աշխատում է Հետք Մեդիա Գործարանում՝ որպես տեխնիկական պատասխանատու։
«Շատ եմ կարևորում ոչ ֆորմալ կրթությունը, որովհետև Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ոչ բոլորն ունեն»,- ասում է Ա․ Դանիելյանը։

-Դուք մասնագիտությամբ թատերագետ եք։ Ինչպե՞ս ստացվեց:
-Ի սկզբանե իմ ցանկությունն ու երազանքը դերասանուհի դառնալն էր։ Դրա համար գնացի սովորելու Սունդուկյան թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան դերասանական ստուդիայում։ Երկու տարի սովորելուց հետո հասկացա, որ ինձ դուր է գալիս նաև թատրոնի պատմությունը, ուսումնասիրելը՝ դերասանն ի՞նչ է զգում բեմում, ինչպե՞ս է աշխատում իր մարմնի հետ, ռեժիսորն ինչպե՞ս է աշխատում պիեսի հետ կամ ինչպե՞ս են առաջանում, զարգանում թատերական ուղղությունները։ Մի խոսքով՝ այն ամենը, ինչ հանդիսատեսի աչքից հեռու էր, ինձ հետաքրքիր էր։ Ու այդպես որոշեցի ընդունվել թատերական ինստիտուտ՝ թատերագիտության բաժին։ 

-Ի՞նչ է Ձեզ տվել թատրոնը:
-Ես չեմ կարող ասել՝ ինչ է ինձ տվել թատրոնը, որովհետև դեռ ճանապարհին եմ ու ամեն անգամ բացահայտում եմ նորովի։ Ուղղակի ասեմ՝ թատրոնով ապրելն ինձ համար ապրելակերպ է։ 

-Աշխատում եք «Իմ ռադիո»-ում, կպատմե՞ք՝ ինչպես հայտնվեցիք այնտեղ:
Եկավ մի պահ, որ հասկացա՝ ուզում եմ աշխատել ռադիոյում։ Ինչից հետո առաջացավ ցանկությունը՝ չգիտեմ։ Ամբողջ ուժերս կենտրոնացրել էի այդ մտքի վրա, ու երևի դրա համար հեշտ ստացվեց մուտքը ռադիո։ Ընթացքն է դժվար, բայց եթե սիրում ես աշխատանքդ, դժվարությունները միայն օգնում են։

-Ունեք հեղինակային ռադիոհաղորդում՝ «ԹատրON», ինչպե՞ս ծնվեց գաղափարը:
-Ռադիոյում եմ արդեն երեք տարի։ «ԹատրON» և «ՌադիոթատրON» հաղորդումների հեղինակն եմ։ Ես այլ բանի համար չէի գնացել ռադիո, քան պատմելու, խոսելու թատրոնի մասին՝ թատերագետի աչքերով։ Մեր մասնագիտությունը պահանջվածներից չէ, ցավոք, ու ընկալումները վատն են։ Նման հաղորդում ունենալու դեպքում ես կկարողանայի մասնագիտության հանդեպ մի քիչ ավելի շատ հետաքրքրություն առաջացնել։ Հուսով եմ՝ ստացվում է։

-Ինչպե՞ս եք պատկերացնում թատրոնի և լրագրության միջև կապը:
-Ես սովորել եմ լրագրություն ու լավ գիտեմ՝ ինչ պետք է անել ու չպետք է անել որակյալ, բանիմաց ու պիտանի լրագրող լինելու համար։ Ու այդ գիտելիքներն օգտագործում եմ որպես թատերագետ։ Ի դեպ, իրար շատ մոտ մասնագիտություններ են։ Երկուսն էլ անմիջական կապ ունեն մարդու հետ։ Երկուսն էլ խոսում են մարդու մասին ու մարդու հետ։ Երկուսի դեպքում էլ պետք է ազնիվ լինեն հանդիսատես-ընթերցողի հետ, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։

Անի Արամյան