04.07.2025
Կատեգորիա
Մշակույթ
3

Ապրիլի 6-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի պղնձագույն քանդակների կողքին բացվեց «Կանայք արվեստում» խորագրով ցուցահանդեսը։ Այն համատեղում էր երկու խորհուրդ՝ Արա Սարգսյանի 123-ամյա հոբելյանն ու մայրության և գեղեցկության տոնը։

«Տեսեք, թե այսօր Արա Սարգսյանն ինչպիսի գունագեղ պատկերներով է շրջապատված»,- նկատում է «Լաթե» ՀԿ-ի հիմնադիր Սուսաննա Ամիրխանյանը, ով ցուցահանդեսի կազմակերպիչն է։ «Լաթե» հասարակական կազմակերպությունը զբաղվում է հագուստի և արտադրական տեքստիլի թափոնների հավաքագրմամբ և վերամշակմամբ։ Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հեղինակները «Լաթե»-ի անդամ կանայք են։ Սուսաննա Ամիրխանյանի խոսքով՝ որոշեցին ցուցահանդես կազմակերպել, որտեղ ներկայացված կլինեն կանանց աշխատանքները․

«Այս բոլոր աշխատանքները պատրաստված են տեքստիլ արդյունաբերության մնացորդներով։ Մեր կանայք դրանք պատրաստում են տարբեր տեխնիկաներով, յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը, որոնք տարբերվում են թե’ գունային, թե’ թեմատիկ առումով»։

Այս ստեղծագործական մոտեցումը ոչ միայն նոր կյանք է տալիս թափոններին, այլև արվեստը դարձնում է բնության հանդեպ հոգատարության արտահայտչամիջոց։ Ցուցահանդեսը վերարժևորում է կանանց ներդրումն արվեստում։ Ստեղծագործություններն անդրադառնում էին կանացի ինքնությանն ու գեղեցիկին։ Ստեղծագործությունների հեղինակները տարբեր մասնագիտությունների տեր կանայք են, սակայն նրանց բոլորին միավորում է արվեստը բնությանն օգտավետ ծառայեցնելու ձգտումը։ Զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ։

Հայաստանի նկարիչների միության անդամ Լիանա Օհանյանը 2021 թվականից է անդամակցում «Լաթե»-ին։ Կտորներով աշխատելն իր համար հոբբի է, և առանձնակի հիացմունքով և ոգևորությամբ է խոսում «Նամակ աշնանը» ինքնադիմանկարի մասին, որը տեքստիլ արդյունաբերության մնացորդներից ստեղծած իր առաջին գործն է։ Նա իր գործերում հաճախ շեշտում է կանանց միասնականության գաղափարը՝ հիմնված պայքարի և անձնական ազատության ձգտման վրա։

1
2

Լիանա Օհանյանի գործերի կողքին Մարգարիտա Սիրունանյանը իր սիրելի հայ և համաշխարհային նկարիչների լավագույն գործերն է պատկերել։ Նա պատմում է, թե ինչպես է արտադրական մնացորդներով նոր շունչ տալիս իր սիրելի ստեղծագործություններին․ պատկերների ստեղծման ընթացքում կտորները նախ դասավորվում են ինչպես մոզայկա, ապա ծածկվում ցանցով, որի վրա կարելով ձևավորում է ամբողջական պատկեր։

4

«Լաթե»-ի կանայք ոչ միայն ստեղծում են կտավներ։ Օրինակ՝ Զոյա Ասլիկյանը բացահայտեց արտադրական մնացորդներով պատրաստած իր տիկնիկները, իսկ թանգարանում ցուցադրված էին ստեղծագործություններ, որոնք նա վերակառուցել և դրանց նոր շունչ է տվել ասեղնագործությամբ։ Այցելուներից մեկը նկատեց․ «Ասեղնագործած պատկերների հեղինակն իսկույն նկատվում է»։

5
6
7



Սրահի մի անկյունում առանձնանում էին ատլասե կտորից ծաղկային կոմպոզիցիաները։ Մասնագիտությամբ ինժեներ Նոնա Նարեկացյանն այս կոմպոզիցիաները ստացել է ատլասե ժապավեններից, որոնք հիմնականում ծառայում են նվերների փաթեթավորման համար։ Նրա խոսքով՝ նպատակ կա վերապատկերել հայ նկարիչների ստեղծագործությունները, և սկսել է Սարյանից։

8

Ի տարբերություն մյուսների՝ Ալվինա Աբելյանն իր ստեղծագործությունները ստանում է չորածաղիկներից։ Ծաղկի մանր թերթերը կարելի է նկատել միայն պատկերը մոտիկից դիտելիս։ Նրա խոսքով՝ ծաղիկներով ստեղծագործելու հանդեպ սերը գալիս է մանկուց։ Հիշում է՝ այն ժամանակ շատ դժվար էր ցանկալի գույնի ծաղիկ գտնելը, իսկ այսօր ծաղիկների առատության մեջ չես կողմնորոշվում՝ որն ընտրել։ 

9
10



Թանգարանում ցուցադրված էին նաև Ելենա Կուրչավովայի, Մարգո Հարությունյանի, Գայանե Պետրոսյանի ստեղծագործությունները։

Արվեստագետի թոռնուհին՝ Աննա Սարգսյանն էր որոշել պապի ծնունդը նշել կանանց ստեղծագործություններով՝ մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ։ Եվ պատահական չէ, որ Արա Սարգսյանի բազմաժանր գործերի, բարձրաքանդակների և մոնումենտալ ստեղծագործությունների կողքին առանձնանում են քնքշորեն կերտված կանայք, որոնք էլ անմիջապես երևում են թանգարան մուտք գործելուն պես։ Ժամանակին այս գնահատանքը դեպի կանայք արվեստագետի հոբելյանին թանգարան է բերել ցուցահանդես, որի առանցքում հենց ինքը՝ կինն է։

11

                                                                           (Արա Սարգսյան- Մերկ կինը 1936)


Ցուցահանդեսը բացվել է ապրիլի 6-ին և կշարունակվի մեկ շաբաթ։
 

Շուշան Ասրյան