
Բուլինգը՝ հոգեբանական, ֆիզիկական կամ խոսքային ճնշման շարունակական դրսևորումը, շարունակում է լուրջ խնդիր մնալ հատկապես դպրոցական և պատանեկան միջավայրում։ Այն կարող է հանգեցնել սոցիալական մեկուսացման, ծանր հոգեբանական հետևանքների։ Չնայած թեմայի կարևորությանը՝ հաճախ այն մնում է չնկատված կամ անուշադրության մատնված։ Ներկայացնում ենք հարցազրույց, որը թույլ կտա հասկանալ բուլինգի ենթարկված մարդու հույզերը, դրա հետևանքները։ Հերոսը ցանկացել է մնալ անանուն։
-Կարո՞ղ եք պատմել, թե երբ և ինչ պայմաններում սկսվեց բուլինգը Ձեր նկատմամբ։
-Իհարկե։ Իմ դեպքում ամեն ինչ սկսվեց դպրոցում մոտավորապես 7-րդ դասարանից։ Ես տարբերվում էի՝ շատ ամաչկոտ էի, դասերին ակտիվ, սիրում էի գրքեր կարդալ, լավ էի սովորում, անկարգություններ չէի անում, և այդ ամենը ինչ–որ կերպ «անհանդուրժելի» էր իմ դասարանի մի խմբի համար։ Սկզբում դա պարզապես սարկազմ էր, հետո արդեն դարձավ բացահայտ ծաղրանք՝ սոցցանցերում, դասամիջոցներին, անգամ դասերի ժամանակ։ Երբեմն ամեն ինչ ավելի էր բարդանում, և ինձ սկսում էին ծաղրել նաև մյուս դասարանի երեխաները։ Որքան էլ փորձում էի անտեսել, ներսից կուտակվում էր մի խառնաշփոթ՝ մեղավորություն, ամոթ, ինքնափակվածություն, ինքնամփոփություն։ Դժվար էր, որովհետև ոչ ոք լուրջ չէր ընդունում։ Ամեն ինչ կարծես «հումոր» էր, բայց՝ վիրավորող, կազմաքանդող, իմ հոգեկան աշխարհը տակնուվրա անող։ Ու չնայած ես միշտ տխուր էի, փորձում էի շատ ժպտալ, նույնիսկ, երբ վիրավորում էին, ժպտում էի։ Միշտ փորձում էի հաճոյանալ դասընկերներիս, որ հնարավորինս քիչ տարբերվեի։
-Ինչպե՞ս է այն անդրադարձել Ձեր ինքնագնահատականի, հարաբերությունների և առօրյա կյանքի վրա։
-Բուլինգն ամենաշատը հենց ինքնագնահատակնիս վրա է ազդել։ Սկսեցի կասկածել իմ լավը լինելու, նորմալ մարդ լինելու վրա։ Մտածում էի, որ ինչ–որ բան իմ մեջ «պակաս» է, որ արժանի եմ այդ վերաբերմունքին։ Ժպտալը սովորություն էր դառնում, բայց ներսումս միշտ տխրություն էր, մենակության խորը զգացում։ Ընկերներին ու ընկերական հարաբերություններին սկսեցի կասկածամտորեն վերաբերվել։ Հաճախ մտածում էի՝ արդյոք ինձ ընդունում են, թե՞ պարզապես հանդուրժում։ Շատ բաներից սկսեցի հրաժարվել՝ հասարակական միջոցառումներին մասնակցելուց, դասերի, քննարկումների, բանավեճերի ընթացքում իմ սեփական կարծիքը հայտնելուց, անգամ լուսանկարներում երևալուց։ Կյանքս մի տեսակ միապաղաղ էր դարձել՝ քիչ մարդիկ, քիչ շփումներ։ Էդ շրջանից շատ քիչ լուսանկարներ ունեմ․ ինձ չէի հավանում, չէի սիրում ու չէի նկարվում։
-Ովքե՞ր էին Ձեր հիմնական աջակիցներն այդ ընթացքում։
-Բարեբախտաբար, մի օր խոսեցի մայրիկիս հետ։ Սկզբում վախենում էի, որ էլի կհնչի «անտեսի, կանցնի» արտահայտությունը, բայց նա միայն լսեց։ Առանց դատելու, առանց հրահանգների։ Վերջում առաջարկեց դպրոցը փոխել, բայց չհամաձայնեցի։ Դա դարձավ իմ առաջին փոքրիկ հաղթանակը։ Հետո մի ընկեր գտա, որ անընդհատ ասում էր՝ «քո տարբերվելը հենց քո ուժն է»։ Այդ նախադասությունը շատ բան փոխեց։ Հիմա իմ շրջապատում միայն այդպիսի ընկերներ են։ Ավելի ուշ դիմեցի հոգեբանի՝ գիտակցաբար։ Թերապիայի ընթացքում ամեն քայլ ինձ մոտեցնում էր մի փոքր ավելի ազատության։
-Ի՞նչ մեթոդներ կամ քայլեր օգնեցին Ձեզ հաղթահարել բուլինգի հետևանքները։
-Առաջին քայլը անկեղծ խոսելն էր՝ սկզբում ինձ հետ, հետո՝ նաև շրջապատիս։ Սովորեցի չարդարանալ իմ գոյության համար, իմ տեսակի համար։ Գրելը շատ օգնեց. մի օրագիր ունեի, որտեղ թույլ էի՝ ոչ ուժեղ, ոչ խիզախ, ուղղակի ես։ Հետո սկսեցի տեղեկանալ բուլինգի մասին՝ հասկանալ, որ դա ոչ թե իմ խնդիրն էր, այլ երևույթի, որը պիտի հաղթահարեի, ոչ թե մարսեի, կուլ տայի։ Սովորեցի դանդաղ, բայց հստակ գծել իմ սահմանները։ Ընդունեցի ինձ այնպիսին, ինչպիսին կայի։ Ու հենց այդտեղից սկսվեց բուժումը։
-Կայի՞ն պահեր, երբ ուզում էիք հանձնվել։ Ինչպե՞ս կարողացաք ուժ գտնել առաջ շարժվելու։
-Այո։ Կային օրեր, երբ կասկածում էի՝ «իսկ գուցե իրո՞ք արժանի եմ դրան»։ Մի բառը կարող էր ամբողջ օրս փչացնել, հայելին դարձել էր թշնամիս։ Բայց հենց այդ պահերին սկսեցի ինձ հարց տալ՝ իսկ ես կցանկանայի՞, որ ուրիշ մեկը ապրեր այդ զգացողությունը։ Պատասխանը միշտ «ոչ» էր։ Ու դա ինձ ուժ տվեց։ Որովհետև եթե մեկ ուրիշն արժանի չէր, ուրեմն ես էլ արժանի չէի։ Այսօր հասկանում եմ՝ ուժը միշտ եղել է իմ ներսում, ուղղակի ես չէի տեսնում։
-Ի՞նչ եք այսօր մտածում այդ շրջանի մասին, և ի՞նչ ազդեցություն է այն թողել Ձեր անձի ձևավորման վրա։
-Երբեմն մտածում եմ, թե ինչպիսին կլինեի, եթե դա երբեք տեղի չունենար։ Բայց այսօր կարող եմ անկեղծ ասել՝ այդ փորձառությունն ինձ ավելի էմպատիկ դարձրեց։ Ավելի զգայուն՝ ոչ թույլ, այլ ընկալունակ։ Այն սովորեցրեց չդատել մարդկանց իրենց լռության համար։ Ու նաև օգնեց հասկանալ, որ բարությունը երբեմն պարզապես լսելն է։ Դեռ կան սպիներ, բայց դրանք հիշեցնում են, թե որտեղից ուր եմ հասել, ինչեր եմ հաղթահարել։
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր այժմ բախվում են բուլինգին և զգում են, որ մենակ են։
-Առաջին հերթին՝ դուք մենակ չեք։ Ճիշտ է, այս պահին այդպես է թվում, բայց դա հենց բուլինգի ամենավտանգավոր կողմերից է՝ այն համոզում է, թե միակն ես։ Խոսեք։ Գոնե մեկի հետ։ Խոսելը բուժում է։ Գտեք մարդկանց, ովքեր կլսեն առանց դատելու։ Ձեր տարբերվելը ձեր թույլ կողմը չէ, դա ձեր առավելությունն է։ Նկատեք այդ առավելությունը։