04.14.2025
Կատեգորիա
Հասարակություն
հեռուստանովել

-Ժամը 10-ն է, շուտով սերիալը կսկսվի։

Տիկին Ռիտան «Արմենիա» հեռուստաընկերությամբ «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալն է դիտում։ Հետո հավելում, որ «Ա-ԹիՎի»-ով էլ «Կարմիր բլուր» հեռուստասերիալն են վերացուցադրում, դա էլ է դիտում։ Ինքը գյուղացի կին է, գյուղի հոգսը շատ է, մե՛կ առավոտն է հեռուստացույցը միացնում, մե՛կ երեկոյան՝ սերիալների ժամին։

Ի տարբերություն տիկին Ռիտայի, տիկին Անուշը երկար, բազմասերիանոց սցենարների սիրահար չէ։ «Երկար սերիալները ինչ-որ պահի կորցնում են հետաքրքրությունը, գուշակում ես, թե ինչ է լինելու։ Մեկ էլ չեմ սիրում, որ բոլոր սերիալներում նույն դերասանն ու դերասանուհին են, հոգնեցնող է, նոր կադրեր են պետք»։ 

Հայկական հեռուստաեթերում սերիալներին է տրամադրվում եթերաժամանակի ամենամեծ հատվածը։ Դրանք ցուցադրվում են հիմնականում փրայմ-թայմի ընթացքում, որը ենթադրում է երեկոյան ութից մինչև կեսգիշերն ընկած ժամանակահատվածը։ Այս է պատճառը, որ հեռուստատեսության բովանդակությունն ուսումնասիրելիս պետք է ուշադրություն դարձնել հատկապես հեռուսատասերիալներին։ 

Հեռուստասերիալների վերաբերյալ մեր իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ հեռուսատասերիալներ դիտող հարցման մասնակիցների 37%-ը ժամանցային սերիալների կամ սիթքոմների սիրահար է, 18%-ը ֆիլմաշար սերիալների, 16%-ը բազմասերիանոց սերիալների։ Այսպիսի արտադրանքներ նախընտրողների 45%-ը «Արմենիա», 31%-ը «Հանրային», 27%-ը «Շանթ», 9%-ը «Armenia US», 37%-ը այլ հեռուստաընկերությունների սպառողներ են։

Հարցման մասնակիցների 66%-ը կարծում է, որ հայկական հեռուստասերիալներում ներկայացված հիմնական թեմաներն են սերն ու ատելությունը։ Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ սիրո թեման իսկապես առանցքային է սերիալային բովանդակության համար, ինչն էլ ապահովում է սերիալների դիտելիությունը։ Հաճախ, սերն արտահայվում է ավելորդ և բացասական էմոցիաների բաժանության, ագրեսիայի միջոցով։ 

Հարցման մասնակիցների 32%-ն էլ կարծում է, որ հայկական սերիալներում գերակշռում են փողի և իշխանության թեմաները։ Այսօր էլ սերիալներում տեսնում ենք բարձր և ցածր խավերի սահմանագծում, հարուստների, պաշտոնյանների գերիշխանություն, փողի՝ որպես գերակա արժեքի ընկալում։

Հեռուստասերիալներում ներկայացված բովանդակությունը ազդում է հասարակական կյանքի, մարդկային հարաբերությունների, իրականության ճանաչման, վերլուծելու կարողության վրա։ 

Մեր հարցման մասնակիցների 56%-ը սերիալների ազդեցությունը հասարակության վրա բացասական է գնահատում, իսկ 44%-ը՝ չեզոք։ Այս առիթով զրուցել ենք հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ։

«Ինձ համար նողկալի է այն արտադրանքը, որ ցուցադրում են հեռուստաընկերությունները։ Շատ սերիալներ պրոպագանդում են բռնություն, դաժանություն, թշնամանք, դավաճանություն։ Կյանքի բոլոր բացասական ոլորտները տեղ են գտնում հեռուստասերիալներում, իսկ մենք դրանցից ոչ մի օգտակար և արդյունավետ բան չենք կարող սովորել»։

Ինչպես հոգեբան Լիլիթ Խաչատրյանը, այնպես էլ մեր հարցման մասնակիցների 46%-ը կարծում է, որ հայկական հեռուստասերիալների լեզուն ցածր ոճի և մակարդակի է։ «Ժառգոնը, բառապաշարը, միմյանց դիմելու տոնայնությունը, հնչերանգը համապատասխանում են ցածր ոճին»,-նշում է Լիլիթ Խաչատրյանը։

Հարցման մասնակիցների 65%-ը կարծում է, որ սերիալները կախվածություն են առաջացնում։ Հոգեբանը հավելում է․ «Միանշանակ առաջացնում են՝ մանավանդ անչափահասների շրջանում։ Չափահասներն ունեն քննադատական մտածողության որոշակի մակարդակ, գնահատելու և զերծ մնալու կարողություն։ Իմ սերունդը տեսել է գեղեցիկ արտադրանք, գիտի գեղեցիկն ու դաստիարակողը որն է, իսկ երեխաները կարող են անմիջապես կախվածության մեջ ընկնել և սովորածը խաղարկել դպրոցներում։ Այսպիսով, երեխաների մոտ չեն ձևավորվում միջանձնային փոխհարաբերություններ, սեր, հարգանք, գաղափարախոսություն, արժեհամակարգ»։

Այն, որ հայկական արտադրության սերիալները միատիպ են, կրկնվող և կանխատեսելի սցենարով, փաստում է մեր հարցման մասնակիցների 52%-ը։ Սերիալներն առավելապես ազդում են հանրության հուզականության վրա՝ բաց թողնելով գիտակցականը։ Շրջանառվում են ավելի շատ բառեր, քան գաղափարներ, այդ պատճառով սերիալներում առանձնացված թեմաները չեն ունենում գաղափարական հիմք։

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը նշում է․ «Հասարակությունն այնքան է սովորել նմանօրինակ արտադրանքին, որ միանգամից մերժում է գեղեցիկը։ Հասարակությանը ցանկալի է նման ոճը, ժառգոնը, նեգատիվը, թվացյալ ուժեղությունը։ Եվ հասարակությունը ընդօրինակում է այս ամենը»։

Հեռուստասերիալների մասին խոսելիս, չենք կարող չանդրադառնալ գովազդներին։ Հեռուստադիտողների համար անցանկալի են թաքնված գովադները, որոնք երբեմն այնքան բացահայտ են արվում, որ նյարդայնացնում են մեր հարցման մասնակից հեռուստադիտողների 63%-ին։ Դրանք 71%-ով արտահայվում են չիփսի, արևածաղկի, պաղպաղակի և այլ մթերքների տեսքով, 44%-ով որևէ կազմակերպության տեսքով, 34%-ով էներգետիկ խմիչքների և 18%-ով բուքմեյքերական ընկերությունների տեսքով։ 

Մեր հարցման մասնակիցների 45-ը կարծում է, որ հայկական հեռուստասերիալներում հանդիպում են հոգեբանական բռնության դրսևորումներ, իսկ 42-ը կարծում է, որ հայկական հեռուստասերիալներում ցուցադրվում է ֆիզիկական բռնություն։

«Սերիալները պետք է պարունակեն բարոյադաստիարակչական, հոգևոր, խրատական բովանդակություն»,- նշում է հոգեբանն ու հավելում. «Մի՞թե այս ոլորտը չի վերահսկվում»։

Այս հարցին պատասխանել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)։ Մեր՝ տեսալսողական մեդիայի վերահսկողության վերաբերյալ հարցման համար ստացել ենք հետևյալ պատասխանը․ «Հանձնաժողովը, օրենքով վերապահված իր վերահսկողական լիազորություններն իրականացնելիս, տեսալսողական մեդիածառայություն մատուցողների նկատմամբ իրականացնում է գործունեության մշտադիտարկում։ Մշտադիտարկման արդյունքում օրենքի դրույթի պահանջի խախտման փաստը արձանագրելու դեպքում, Հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ։ Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում Հանձնաժողովը արձանագրում է իրավախախտման բացակայության կամ առկայության փաստ։ Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ։ 

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին զգուշացում կամ հորդոր ուղարկելուն, հայտնում ենք, որ Հանձնաժողովը իր լիազորություններն իրականացնում է տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության շրջականերում՝ լրատվամիջոցներին զգուշացնելը կամ հորդորելը Հանձնաժողովի լիազորություններից դուրս է»:

Մենք հարցում ենք ուղարկել նաև «Հանրային», «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններին, հասկանալու՝ արդյոք ներկայացվող հեռուստասերիալներում պահպանվում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կետերը և վերջին տասը տարվա ընթացքում լրատվամիջոցը որևէ զգուշացում ստացե՞լ է վերահսկող հանձնաժողովից՝ հեռուստասերիալներում որոշակի նորմեր խախտելու համար։ 

Մեր հարցմանը «Հանրային հեռուստաընկերությունը» պատասխանեց. «Հեռարձակվող արտադրանքի (ներառյալ սերիալներ և լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր) մասով լիովին պահպանվում են ոլորտը կարգավորող օրենսդրության բոլոր պահանջները: Հեռարձակվող սերիալներն ու ֆիլմերը նախքան եթերում հայտնվելն անցնում են նախադիտման փուլով։ Հայրենական արտադրության սերիալները իրենց որակական հատկանիշներով չեն զիջում այն արտասահմանյան շուկաների սերիալներին, որոնցից Հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերում ցուցադրման իրավունքներ: Հանրային հեռուստաընկերության սերիալներից մի քանիսի լիցենզիաները վաճառվել են նաև միջազգային շուկաներում: 

Հանրային հեռուստաընկերությունն աշխատանքային կարգով գտնվում է ակտիվ կապի մեջ ոլորտը կարգավորող մարմինների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ՝ պարբերաբար ստանալով նրանց արձագանքներն ու դիտարկումները: Վերջին 10 տարիների ընթացքում հեռուստասերիալներում նորմերի խախտման դեպք չենք ունեցել»: 

Իսկ «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները այդպես էլ չպատասխանեցին մեր հարցումներին։ 

Նարե Շավինյան