
Արտերկրում հայկական մշակույթը պահպանելը և ներկայացնելը բազմաբնույթ մարտահրավերների է բախվում, իսկ երբ այդ երկիրը նաև պատերազմական գոտում է, գործընթացը կրկնակի է բարդանում: Ուկրաինայում գործող «Նռան գույն» հայկական ապրանքանիշը ձևավորվել և գործում է այդ պայմաններում՝ ներառելով հայկական մշակութային մոտիվներ և ներկայացնելով ինքնության տարրեր հագուստի միջոցով։
2021 թվականին «Նռան գույն»-ի հիմնադրի՝ Ուկրաինայում բնակվող Աստղիկ Չոբանյանի մոտ ծնվում է բրենդի գաղափարը։ Այն իրագործվում է 2022-ին՝ Ուկրաինայում պատերազմական գործողությունների մեկնարկից հետո։
«Երբ Ուկրաինայում սկսվեց պատերազմը, ավելի ուժեղացավ վախը, որ չպիտի սկսեմ։ Բայց մի օր էլ հասկացա, որ հայրենիքից հեռու հայկական մշակույթը քարոզելը իմն է։ Ու սկսեցի։ Հասկացա, որ ուզում եմ ինձ շրջապատել հայկականով՝ սկսած լեզվից, երգից, Առաքելական եկեղեցուց, վերջացրած ոճով ու հագուստով», - պատմում է հիմնադիրը։
Բրենդի անվանումը՝ «Նռան գույն»-ը, Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Փարաջանյան) համանուն ֆիլմից է, որով պայմանավորված էլ ապրանքանիշը երբեմն ներառում է տարրեր նրա աշխատանքներից։
Աստղիկը հավելում է, որ դիզայններում խուսափել է պաթոսից և ճանաչված խորհրդանիշների կրկնությունից։
Սկզբնական շրջանում բրենդի ձևավորումներն ու արտադրանքը աչքի չէին ընկնում տարբերվող մոտեցումներով։ Աստղիկի խոսքով՝ վաճառվում էին միայն խաչերով ստանդարտ շապիկները։ Հետագայում մշակվեցին նոր ձևաչափեր՝ չնայած վաճառքների ցածր ցուցանիշներին։


«Ես ուզում էի նոր բան անել, ու չնայած գիտակցում էի, որ նոր գաղափարները դուր չեն գալիս շատերին, ու շատ շապիկներ ուղղակի չեն վաճառվում, միևնույն է, շարունակում էի։ Ու մի քանի ամիս շարունակ վաճառք չունենալով՝ կորցրի մոտիվացիաս, - մանրամասնում է Չոբանյանը, -
2024 թվականին վաճառքները եղել են ցածր՝ ամսական մոտ 5–10 շապիկ։ 2025 թվականի հունվարից սկսած՝ ինստագրամյան էջի բովանդակության և գովազդային ռազմավարության փոփոխությունները նպաստեցին վաճառքի աճին։ Ներկայումս պատվերներ ենք գրանցում տարբեր երկրներից՝ անհամեմատ մեծ քանակությամբ»:
Արտադրական գործընթացը վերահսկում է հիմնադիրը։ Բրենդը գործում է փոքր խմբով. թիմում ընդամենը հինգ անձ է ներգրավված։
«Մեր աշխատանքային թիմը շատ փոքր է, սակայն յուրաքանչյուր հաճախորդի հետ օր օրի ավելի մեծ ընտանիք ենք կազմում։ Իմ հաճախորդները չեն գալիս պարզ տեքստով շապիկների հետևից, նրանք ուզում են գաղափար», -ընդգծում է Աստղիկ Չոբանյանը։
Պատերազմի պայմանները ազդեցություն են թողել արտադրության վրա։ Խափանումներ են եղել լույսի բացակայության, վտանգի, կապի և լոգիստիկ խնդիրների պատճառով։ Չոբանյանը հավելում է, որ հագուստի միջոցով հնարավոր է փոխանցել մշակութային արժեքներ և նպաստել ինքնության պահպանմանը։
Ամփոփելով Աստղիկ Չոբանյանը նշում է բրենդի հետագա պլանների մասին.
««Չակերտները բացել» այս պահին չեմ ցանկանա, բայց, ընդհանուր առմամբ, «Նռան գույն»-ը կշարունակի աճել և զարգանալ, հիմնականում՝ որպես բրենդ հայուհիների համար։ Կցանկանայի հագուստի մեջ պահպանել մշակույթն ու ավանդույթները. հետևաբար ինձ համար շատ կարևոր է, որ հագուստն իսկապես հայկական լինի»։