04.18.2025
Կատեգորիա
Ֆակուլտետային
գիտաժողով

Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսի կրթական ծրագրի սովորողների մասնակցությամբ կայացավ «Հեռուստատեսությունը թվային մեդիամիջավայրում. նոր ձևաչափեր և պրակտիկաներ» խորագրով գիտաժողովը:

Մագիստրանտները որպես գիտական զեկույց ներկայացրին իրենց հեղինակած թեզերից ընտրված հատվածներ: Թեմաները բազմազան էին՝ մասնագիտական կոմպետենցիաների փոխակերպումներ, ինֆլուենսեր հեռուստադեմքերի և լսարանի փոխգործակցության խնդիրներ, աուդիովիզուալ փոդքաստների զրույցի տեխնիկաներ և այլ:

Բացման խոսքում ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ մագիստրանտների մասնակցությամբ այս գիտաժողովը թեև առաջինն է, սակայն այն պետք է դառնա ավանդական: Դեկանը հույս հայտնեց, որ լավագույն զեկույցները կհրապարակվեն նաև գիտական ամսագրերում:

«Հեռուստալրագրություն» կրթական ծրագիրը իրականցվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ փոխգործակցությամբ, որի շրջանակում, ակտիվ պրակտիկ աշխատանքների կողքին, մեծապես կարևորվում է նաև հետազոտական բաղադրիչը: 

«Ծրագրի նպատակն է պատրաստել այնպիսի մեդիամասնագետներ, ովքեր ոչ միայն կկարողանան տեսալսողական բովանդակության հետ հմտորեն աշախատել, այլև իրենց բնագավառում լինել ստեղծագործական լիդերներ, ովքեր նոր գաղափարներ կգեներացնեն՝ ճշգրտորեն կառավարելով ռեսուրսները»,- նշեց կրթական ծրագրի ղեկավար Նանե Վարդանյանը՝ հավելելով,  որ այս գիտաժողովը նման հնարավություն է ընձեռնում:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նման ձևաչափով գիաժողով կազմակերպելու սա 3-րդ փորձն է. նախորդ երկուսը անցկացվել են բակալավրիատի «Լրագրություն» կրթական ծրագրի շրջանակում: Գաղափարի հեղինակ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը նկատում է, որ մագիստրոսական գիտաժողովում ներկայացված զեկուցումներում առավել ակնհայտ էին վերլուծական մոտեցումները և երևույթների համեմատական քննությունը. «Կցանկանայի առանձնացնել հատկապես միջգիտակարգային զեկուցումները, որոնցում գրագետ կերպով համադրված էին երկու գիտակարգերի պրակտիկաներն ու մեթոդները»,-  նշեց Դ. Պետրոսյանը:

Գիտաժողովին ներկա էր նաև Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, մագիստրոսական կրթական ծրագրի դասախոս Աննա Ավանեսյանը: «Այսօրվա գիտաժաղովը փաստեց, որ դասընթացի թեմաները, լսարանում քննարկված հարցերը հետագայում գիտական աշխատանքի նյութ են դառնում», - նկատեց նա՝ ընդգծելով, որ մասնավորապես հեռուստատեսությանը վերաբերող հետազոտությունների արդյունքները կարող են օգտակար լինել և նոր գաղափարներ հուշել հեռուստանախագծերի հեղինակներին և պրոդյուսերներին:

Գիտաժողովը նպատակ ունի նաև նպաստել կրթական ծրագրի ավարտին նախատեսված թեզերի պաշտպանության գործընթացի արդյունքների բարելավմանը: