
Հայաստանի և Ղազախստանի միջև հումանիտար համագործակցությունն իր արտացոլումն է գտել ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացված Ղազախստանի մշակույթի օրեր միջոցառումներում։
Ղազախստանի մշակույթի օրերը մեկնարկել են «Մոսկվա» կինոթատրոնում ղազախական ֆիլմերի օրերով․ բացմանը ցուցադրվել է Ռուստեմ Աբդրաշևի «Ղազախական խանություն. ոսկե գահը» ֆիլմը։ Ղազախական ֆիլմերի օրերին կցուցադրվեն վերջին տարիներին ստեղծված խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը:
«Հայաստանի մշակույթի օրերը Ղազախստանում նշել ենք մեծ շուքով, ջերմ ու հաճելի տպավորություն ունենք ղազախ հանդիսատեսից ու գործընկերներից: Խորհրդանշական է Ղազախստանի մշակույթի օրերի մեկնարկը ղազախական ֆիլմերի ցուցադրությամբ, քանի որ ընդամենը երկու օր առաջ մենք նշում էինք Հայ կինոյի 102-ամյակը: Կինոն ամենաերիտասարդ արվեստն է, որի շնորհիվ ժողովուրդները ճանաչում են միմյանց ավանդույթները, արժեհամակարգը, խնդիրներն ու հոգսերը, արվեստն ու մտածելակերպը: Ուրախ ենք ընդունել ղազախ գործընկերներին և բացահայտել ղազախական մշակույթը հայ հանրության համար»,- նշեց Դանիել Դանիելյանը:
Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի անունից, ով ևս Հայաստանում էր, սրտանց ողջունեց ներկաներին և ասաց, որ Հայաստանն ու Ղազախստանը կապված են ամուր հարաբերություններով՝ հիմնված փոխադարձ հարգանքի, մշակույթի և պատմության հանդեպ փոխադարձ հետաքրքրության վրա.
«Անցած տարի մենք նշեցինք մշակութային համագործակցության հուշագրի ստորագրման 25-ամյակը, որն ամուր հիմք է դարձել մի շարք նախագծերի իրականացման համար։ Ղազախստանի նախագահ Տոկաևը ընդգծում է մեր ազգերի միջև բազմակողմ հարաբերությունների կարևորությունը: Այս կոնտեքստում մենք հպարտանում ենք հայ հասարակությանը ժամանակակից ղազախական ֆիլմերը ներկայացնելու հնարավորությամբ։ Վառ, ինքնատիպ, խորը իմաստով լցված կինոնկարները բացահայտում են մեր պատմության կարևոր կողմերը: Այդ ֆիլմերը ոչ միայն արտացոլում են ազգային արժեքները, այլև պրոֆեսիոնալիզմի բարձր օրինակ են»,-ասաց Կուրմանբեկովը։
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը մեծ պատիվ համարեց Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի անցկացումը և շեշտեց, որ սա ոչ միայն մշակութային միջոցառում է, այլև հարթակ է երկու ազգերի միջև համագործակցության, փոխըմբռնման և ընկերական հարաբերությունների ամրապնդման համար:
«Ղազախական կինոն կերպարների ինքնատիպ լեզու է, խորը փիլիսոփայություն, համարձակ հայացք դեպի ապագա: Մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում Ղազախստանի ֆիլմարտադրության զարգացմանը և վստահ ենք, որ այսօրվա ցուցադրությունները կապող կամուրջ կդառնան մեր մշակույթների միջև»,- նկատեց Բանուչյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության բաժնի պետ Սվետլանա Սահակյանը նշեց, որ Ղազախստանի հետ մշակույթային կապը միշտ եղել է, և իրենց ներկայացուցիչները տարբեր ձևաչափերով պարբերաբար մասնակցում են Հայաստանում անցկացվող միջազգային փառատոններին, մրցույթներին, գիտաժողովներին, բայց նման մասշտաբի միջոցառում տեղի է ունենում առաջին անգամ:
«Այսպիսի միջոցառումներով նպատակ ունենք ավելի սերտացնել մշակութային հարաբերությունները Հայաստանի և Ղազախստանի միջև, և նպաստել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Անցյալ տարի, Հայաստանի նախագահի՝ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում, անցկացվեց «Հայաստանի մշակույթի օրերը Ղազախստանում»: Հայաստանը ներկայացել է ազնավուրյան ծրագրով՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին, իսկ դրամատիկական թատրոնի դերասանները խաղացին «փամփլիկը» ներկայացումը»,-հավելեց Սահակյանը:
Ղազախական մշակույթի օրերը Հայաստանում» ամփոփվել են «Ղազախստանի արվեստի վարպետների գալա համերգով» ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
