
Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը հյուրընկալեց Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին։
Դեկան Նաղաշ Մարտիրոսյանը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց ֆակուլտետում իրականացվող կրթական ծրագրերը, աշխատաշուկայի և միջազգային գործընկերների հետ համագործակցության առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ուղիներն ու հնարավորությունները։ Դեսպան Կիրստի Նարինենը դեկանին գիրք նվիրեց՝ որպես համագործակցության և երկխոսության խորհրդանիշ։

Այնուհետև դեսպանը հանդիպեց ուսանողների հետ՝ նրանց ներկայացնելով ժամանակակից աշխարհի կարևոր թեմաներից մեկը՝ հիբրիդային սպառնալիքները՝ ընդգծելով տեղեկատվական դարաշրջանի մարտահրավերները և բարձր գնահատելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացները։
Բանախոսության առանցքում էին խոսքի ազատությունը, մեդիայի անկախությունը, ժողովրդավարության ամրապնդման կարևորությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։ Դեսպանն ընդգծեց՝ հիբրիդային սպառնալիքները ոչ միայն արտաքին, այլև ներքին վտանգ են պետությունների համար, որոնք խաթարում են հանրային կարծիքը, ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունն ու հանրային վստահությունը։

Հանդիպումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում՝ հարցուպատասխանի ձևաչափով։ Ուսանողները ոչ միայն ուշադիր լսեցին, այլև ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, պատասխանեցին դեսպանի հարցերին, ինչպես նաև հնչեցրինմեդիայի պատասխանատվությանը, երկրների խոցելիությանն ու տեղեկատվական անվտանգությանը վերաբերող հարցեր։

Դեսպան Կիրստի Նարինենի այցը ևս մեկ անգամ ընդգծեց այն գաղափարը, որ տեղեկատվության դարաշրջանում, երբ պետությունները բախվում են տարբեր սոցիալական, քաղաքական, անվտանգային և այլ խնդիրների, լրագրողի դերը վճռորոշ է՝ ժողովրդավարության պահպանման, իրավական համակարգի ամրապնդման, հասարակության իրազեկվածության բարձրացման հարցերում, նաև՝ հանրային վստահությանը արժանանալու համար։