
Ցեղասպանության հետևանքով հարյուր հազարավոր փրկված հայեր ապաստան են գտել աշխարհի տարբեր կողմերում՝ ձևավորելով հայկական Սփյուռքը։ Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում բնակվում են միլիոնավոր հայեր։ Հայրենիքից բռնագաղթած հայերը չմոռացան իրենց մշակույթը և հայ լինելը․ իրենց ինքնությունը պահպանելու համար հայկական համայնքներում բացվեցին հայկական գիտական ու կրթական հաստատություններ, մարզական ու մշակութային միություններ, լրատվամիջոցներ, ռադիոներ և այլ հաստատություններ որոնք աջակից կլինեին հայապահպանման գործին։ Այս մարդկանց շարքում էր նաև «Ռադիո Արաքս»-ի հիմնադիր տնօրեն Դիեգո Կարամանուկյանը, ում հետ խոսել ենք իր՝ Ուրուգվայում հաստատվելու, այնտեղ հայկական ավանդույթների պահպանման, «Ռադիո Արաքս»-ի ստեղծման և այլ հարցերի շուրջ։
-Պարոն Կարամանուկյան, կպատմե՞ք՝ ինչ ճանապարհ եք անցել և ինչպես եք հաստատվել Ուրուգվայում։
-Տատիկներս և պապիկներս ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանից գաղթել են Հարունիե, այնուհետև Լիբանան, այնտեղից էլ հասել և հաստատվել Ուրուգվայում։ Հետագայում ծնողներս են ծնվել և մեծացել այստեղ, միմյանց էլ հանդիպել են հայկական ակումբում։ Ես նույնպես ծնվել եմ Ուրուգվայում և Ուրուգվայի քաղաքացի եմ։ Վերջերս էլ ամուսնացել եմ Հայաստանում գյումրեցի աղջկա հետ և ունեմ մեկ աղջիկ։
-Հայրենիքից այդքան հեռու ինչպե՞ս հնարավոր եղավ պահպանել հայկական ավանդույթները։
-Իմ ընտանիքը մշտապես ունկնդրում էր հայկական երաժշտություն հայկական ռադիոյի միջոցով։ 4 տարեկանից ես հաճախեցի ՀԲԸՄ հայկական դպրոց, որտեղ մենք սովորում էինք հայոց լեզու, կրոն, հայոց պատմություն, հայ մշակույթ, երգ և պար։ Իսկ տանը տատիկս շատ համեղ հայկական կերակրատեսակներ էր պատրաստում։
-Իսկ ընդհանրապես, Ուրուգվայի հայերը ինչպե՞ս են պահպանում հայկական մշակույթը։
-Մեզ մոտ գործում են հայկական տարբեր պարային համույթներ, երգչախմբեր, նվագախմբեր, ինչպես նաև կազմակերպվում են մշակութային երեկոներ և համերգներ։ Ես նույնպես բազմաթիվ համերգներ եմ կազմակերպել, փորձում եմ իմ բոլոր կապերն օգտագործել հայկակակն որակյալ երաժշտության տարածման համար։ 2012 թվականին Լատինական Ամերիկայի տարբեր երկրներում կազմակերպել եմ 9 հրաշալի համերգ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Վերջին համերգը, որն իմ միջնորդությամբ կազմակերպվեց, տեղի ունեցավ մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Սոլիս համերգասրահում 2024 թվականի հունիսին։ Այն նվիրված էր Արամ Խաչատրյանի 120-ամյակին, որին հրավիրել էինք նաև մենակատար դաշնակահար Հայկ Մելիքյանին Հայաստանից։
-Հայաստանի Հանրապետությունը ինչո՞վ կարող է նպաստել Ուրուգվայում հայ համայնքի ազգային մշակույթի պահպանմանը։
-Եթե երկարաժամկետ ծրագրեր իրագործվեն, անշուշտ արդյունք լինելու է։ Խորհրդային տարիների ժամանակ կար կապի կոմիտե, որն իրականացնում էր ծրագրեր սփյուռքի հետ՝ կազմակերպելով շրջագայություններ։ Ու նաև, սփյուռքից դեպի Հայաստան գնալով, հատուկ մասնագետներ էին պատրաստվում։ Նմանատիպ գործելաոճը կարող է նպաստել Ուրուգվայում հայ համայնքի մշակույթի պահպանմանը։ Այս առնչությամբ կարծես քայլեր արվում են։ Անցյալ տարվանից Ուրուգվայում գործում է հայկական դեսպանատունը և ունենք դեսպան Հայաստանից, ով նույնպես հետաքրքրված է այս խնդիրներով և բաց է քննարկումների և առաջարկների համար։
-Ինչպե՞ս ծնվեց «Արաքս» ռադիոկայանի ստեղծման գաղափարը։ Ի՞նչ խնդիրների և մարտահրավերների բախվեցիք ռադիոյի ստեղծման ճանապարհին, և արդյոք հայկական համայնքը աջակցեց ձեզ այդ հարցում։
-«Ռադիո Արաքսը» ստեղծվեց 2007 թ․-ին, երբ փակվեց 1935 թ․-ից գործող ռադիո «Արմենիան»։ Դա մեծ կորուստ էր ուրուգվահայության համար։ 1993 թ․-ից ես աշխատում էի այնտեղ, ուր և ձեռք եմ բերել հիմական գիտելիքներն ու կապերը՝ այս գործի իրականացման համար։ Հիմնական խնդիրը հետաքրքիր և այժմեական ծրագրեր իրականացնելն է։ Ստեղծման ճանապարհին փոքրիկ տեխնիկական խնդիրներ, իհարկե, եղել են, բայց հեշտությամբ լուծվել են։
Բնականաբար, համայնքի շատ կազմակերպություններ, գործարարներ և ներկայացուցիչներ ողջունեցին իմ նախաձեռնությունը և օգտակար դարձան ռադիոյի ստեղծման ճանապարհին։

-Ի՞նչու ռադիոն անվանեցիք «Արաքս»։
-Արաքս անունը ընտրվեց մի քանի պատճառներով․ և հոգեհարազատ էր՝ որպես մայր Արաքս, և կարճ էր, և անունն էր Արաքսի Ռուբենյանի, ում ռադիոյում մինչ այդ աշխատում էի։
-Ի՞նչ ուղվածություն ունի ռադիոն, և ո՞րն է նրա հիմնական նպատակը։
-Ռադիոն ունի միմիայն հայկական ուղղվածություն։ Ռադիոյում բացառապես հնչում է հայկական երաժշտություն։ Երբեմն այնքան հին հայկական մոռացված երգեր են հնչում, որ նրանք, ովքեր Հայաստանից նոր ժամանած են և լսում են ռադիո «Արաքս», զարմանում են, որ նման երաժշտական ժառանգություն է պահպանվել, քանի որ Հայաստանում նման հին երգեր չեն լսել։ Նշեմ նաև, որ մեզ համար էլ զարմանալի է այն ժամանակակից երաժշտությունը, որն այսօր հնչում է և լսում են Հայաստանում։ Ռադիոյի հիմնական նպատակը հայ մշակույթի պահպանումն ու տարածումն է, նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու տեղեկատվության փոխանցումը։
-Կա՞ն հայկական լրատվամիջոցներ որոնց հետ համագործակցում եք՝ տեղեկատվություն ստանալու համար, և եթե այո, որո՞նք են։
-Ժամանակ առ ժամանակ տարբեր լրատվամիջոցների հետ համագործակցում ենք։ նախկինում համագործակցել ենք «Ազատություն» ռադիոկայանի և «Արմենպրեսի» հետ, հիմա հայաստանյան որևէ լրատվամիջոցի հետ երկկողմանի համագործակցություն չկա։
-Արդեն 19 տարի գործող ռադիոն արդարացրե՞լ է ձեր սպասելիքները և որպես հիմնադիր՝ ի՞նչ նպատակներ ունեք կապված ռադիոյի ապագայի հետ։
-Իմ նպատակն ի սկզբանե հայերենն Ուրուգվայում հնչեցնելն էր։ Քանի որ համայնքն ունի հայերենով խոսելու խնդիր, ես իմ առաջ նպատակ դրեցի հնարավոր բոլոր միջոցներով տեղի հայերին հայերեն սովորեցնել։ Ժամանակիս սուղ լինելու պատճառով (զբաղվում եմ նաև զբոսաշրջային գործունեությամբ և թարգմանություններով) այս նպատակին հնարավոր էր հասնել միայն ռադիոյի ստեղծման միջոցով։ Այսօր մեր ռադիոյով հնչում է և հայկական երաժշտություն և հայկական խոսք, իսկ լրատվությունը թարգմանվում է նույնությամբ հայերենից իսպաներեն։ Արդյունքում՝ մի քանի անգամ ռադիո ունկնդրելով՝ իսպաներեն իմացողը հայերեն կսովորի, իսկ հայախոսները՝ իսպաներեն։ Ասեմ ավելին, ռադիոն այսօր ծառայում է նաև իմ մյուս գործերի առաջխաղացման համար․ այն համերգները, որոնք կազմակերպվել են իմ կողմից, ռադիոյով եմ գովազդել, և մեծ հաջողություն է եղել, արդյունքը լեփ-լեցուն դահլիճներն էին։ Ապագայում ռադիոն պատկերացնում եմ ավելի զարգացած և նորամուծություններով լի։ Կինս, որ Հայաստանցի է, իր արևելահայերենով նոր շունչ հաղորդեց ռադիոյին։