
Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին» թեմայով քննարկում, որի ընթացքում ոլորտի մասնագետները ներկայացրին կրթության դերն ու ազդեցությունը քրեակատարողական համակարգում։
Քննարկման բանախոսներն էին ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը և «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան, փորձագետ Շուշան Խնկոյանը։
Մասնագետների խոսքով՝ կրթական ծրագրերի հիմնական նպատակը դատապարտյալների վերասոցիալականացումն է:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կրթության հասանելիությունը զգալիորեն ընդլայնվել է։ Եթե մինչ 2022թ.-ի օգոստոսը հանրակրթության իրավունքը սահմանափակված էր մինչև 19 տարեկանների շրջանակում, ապա «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ այն այժմ հասանելի է բոլոր դատապարտյալներին՝ անկախ տարիքից։
«2015-2019 թվականներին անգամ անչափահասների հանրակրթություն չկար քրեակատարողական հիմնարկներում, և սա կարող ենք համարել պատմական իրադարձություն»,- նշում է Հասմիկ Հովակիմյանը։
Մինչ ծրագրի մեկնարկը անցկացվել են կրթական հարցումներ, որի արդյունքում պարզվել է, որ թվով 306 դատապարտյալներ ունեն հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու կարիք: Ստացվում է՝ 306 դատապարտյալներ պետք է իրացնեն իրենց կրթության իրավունքը։
Բացի այդ, 2022 թվականից «Կրթության մասին» օրենքի փոփոխությամբ ամրագրվեց մի նոր դրույթ, համաձայն որի՝ այն դատապարտյալները, որոնց պատժին մնացել էր ավելի քան մեկ տարի, կարող էին իրենց կրթական իրավունքն իրացնել պետության հաշվին։
Բանախոսի խոսքով՝ 6 ՔԿՀ-ները՝ Արմավիրը, Աբովյանը, Նուբարաշենը, Սևանը, Արթիկը և Վանաձորը, ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեցել են իրենց իսկ դիմումների առկայությամբ։
Հովակիմյանը նշում է՝ տարբեր անձանց մոտ գիտելիքների պաշարները տարբեր են, ուստի ծրագրում մշակված են անհատական մեթոդներ։
«Անհատականացված մոտեցում ունենում են բոլոր սովորողները»,- ընդգծում է։
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանի խոսքով՝ որոշ պատճառներով դատապարտյալների ուսումը երբեմն ընդհատվում է։ Այնուամենայնիվ, համապատասխան կառույցներն աշխատում են հաղթահարել այդ մարտահրավերները՝ ապահովելով առավել ներառական և արդյունավետ կրթական միջավայր։
«Եթե նույն դասարանում սովորում է 50 և ավելի բարձր տարիքի անձն ու երիտասարդը, իրենք անհարմարավետության զգացում են ունենում: Երբ մեր ուսումնասիրությունների արդյունքում հարցազրույցներ էինք ունենում, անձինք նշում էին այդ մասին: Դեպքեր են եղել, որ մարդիկ կրթական ծրագրերից դուրս գալու դիմում են ներկայացրել»,- նշում է Շուշան Խնկոյանը։
«Ուզում եմ կարևորել ՊՈԱԿ-ի կողմից կատարվող աշխատանքը, ինչի մասին դատապարտյալները ևս նշել են: Մարդիկ փորձել են հասկանալ, թե դատապարտյալն ինչ պատճառով է ցանկանում դադարեցնել իր ուսումը»։
Ցողիկ Ալեքսանյանի խոսքով՝ տարբեր կրթամակարդակ ունեցող անձանց դեպքում արդյունավետությունը մեծ լինել չի կարող, սակայն, հաշվի առնելով ներառականությունը, նմանատիպ բաժանումները խրախուսելի չեն։
«Ցանկացած խնդրի, որը հաղթահարելի է ու, ըստ էության, իր մեջ հոգեբանական դժվարություն է ենթադրում, պետք չէ տալ այդպիսի կտրուկ լուծումներ»։
Ինչպես նշում են բանախոսները՝ կարևոր է նաև առարկաների և որակավորված ուսուցիչները ընտրությունը․
«Ուսուցիչների հետ կենդանի շփումը դրական ազդեցություն է ունենում»,- նշում է Խնկոյանը։
Առարկաներից հոգեբանությունը և անգլերենը հատուկ նպատակ են հետապնդում, իսկ ֆինանսական գրագիտությունը կանցկացվի ապրիլից՝ Կենտրոնական բանկի համագործակցությամբ։
Արմավիր ՔԿՀ-ում վերջերս անցկացված միջոցառման ընթացքում պատվոգրեր են հանձնվել բարձր առաջադիմություն ցուցաբերած դատապարտյալներին՝ ընդգծելով կրթության կարևոր դերը վերականգնողական գործընթացում։
Այսպիսով, չնայած առկա մարտահրավերներին, հաջողված օրինակները վկայում են, որ կրթությունը կարող է դառնալ դատապարտյալների համար երկրորդ հնարավորություն՝ ապահովելով նրանց լիարժեք վերաինտեգրումը հասարակություն։ Թեման բաց է մնում հետագա քննարկումների համար, իսկ մասնագետները վստահ են՝ կրթության հասանելիության բարձրացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն դատապարտյալների, այլև ողջ հասարակության վրա։