03.07.2025
Կատեգորիա
Այլ
Կալավան

Կալավանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի փոքրիկ գյուղերից մեկն է, որը տարիներ առաջ հայտնի դարձավ զբոսաշրջության շնորհիվ։ Կալավանում պահպանվել են մի շարք հուշարձաններ, դամբարանադաշտեր, XIV-XVII դարերի բազմաթիվ խաչքարեր, քարե դարի բնակավայր։ Այստեղ էին գալիս արտասահմանցի արկածային զբոսաշրջության սիրահարները՝ վայելելու գեղատեսիլ բնությունը և էկոլոգիապես մաքուր մրգերն ու բանջարեղենը։ Չունենալով բարեկարգ ճանապարհներ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նույնիսկ մթերքի խանութ՝ միևնույն է՝ զբոսաշրջիկների հոսքը չէր դադարում։  Մինչև 2020 թվականը զբոսաշրջիկների թիվը հասնում էր մոտ երկու հազարի, սակայն համավարակի պատճառով այն կտրուկ նվազեց։ Գրեթե դադարեցվեցին նաև միջոցառումները, որոնք կազմակերպում էին գյուղի բնակիչներն ու զբոսաշրջիկները։ Այդ միջոցառումները շատ հետաքրքիր էին անցնում․ խարույկի շուրջ հավաքվում և ներկայացնում էին տարբեր երկրների մշակույթը։ Այդպիսով ժամանակի ընթացքում կորավ գյուղի հանդեպ հետաքրքրությունը, ինչին հաջորդեց բնակիչների արտահոսքը։ 

Կալավան գյուղի վարչական ղեկավար Սամվել Ծատուրյանի խոսքով՝ գյուղից բնակիչների  արտահոսքը պայմանավորված է աշխատատեղեր չլինելու, վատ ճանապարհների և տրանսպորտի բացակայության հետ։

-Պարո՛ն Ծատուրյան, այսօր ի՞նչ խնդիրներ կան գյուղում։

-Այս պահին ունենք շատ լուրջ խնդիրներ, բայց փորձում ենք դրանք լուծել։ Գյուղի հիմնական խնդիրներից են աշխատատեղերի բացակայությունը, անբարեկարգ ճանապարհները։ Կա ծրագիր, որով պետք է ասվալտապատվի Դպրաբակ և Կալավան համայնքների միջհամայնքային ավտոճանապարհը։ Շինարարական աշխատանքները կիրականացվեն 2025 թվականին։ Վերջին չորս տարիների ընթացքում գյուղում ապահովվել ենք գիշերային լուսավորությունը, այս տարի երեք կմ ջրագիծ ենք կառուցել։ Փոքր քայլերով գնում ենք առաջ։

-Արցախից բռնի տեղահանված բնակիչներ կա՞ն գյուղում։

-Այո՛, այս պահին Արցախից բռնի տեղահանված 3 ընտանիք ունենք, հիմա ժամանակավոր բնակվում են ուրիշների տներում, մինչև պետական ծրագրով կկարողանան գումար ստանալ, որ տուն գնեն։ Ասեմ, որ շատ են հավանել Կալավանը, տեղի պայմաններին հարմարվել են  ու, եթե լուծվի իրենց բնակարանների հարցը, կմնան ու կապրեն Կալավանում։ Ընտանիքներին որոշ հասարակական կազմակերպություններ օգնություններ են տրամադրել` անասուն, գույք ու այլ իրեր։ Մինչև հիմա էլ շարունակում են օգնել։

Չնայած բնակիչների արտահոսքին՝ վերջին երկու տարիներին դպրոցում երեխաների թիվը աճել է։ Այժմ դպրոցում սովորում է 23 երեխա, և դասավանդում է 12 ուսուցիչ։ Գյուղում չկան արվեստին վերաբերվող խմբակներ, որտեղ հաճախելով, երեխաները կզարգացնեն իրենց տաղանդները, կունենան զբաղմունք։ Կալավան գյուղի դպրոցի տնօրեն Հովիկ Ղուկասյանի խոսքերով՝ այս ամենի բացակայությունը չի խանգարում երեխաներին մասնակցելու գյուղերի միջև կազմակերպվող միջոցառումներին, խաղերին, մրցույթներին ու, լավագույն արդյունքներ հավաքած, վերադառնալ տուն՝ բարձր պահելով թե՛ Կալավանի, թե՛ դպրոցի անունը։

2023 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը։ Այդ ցանկում է նաև Գեղարքունիքի մարզի գ. Դպրաբակի կրթահամալիրի կառուցումը, որն հանձնարարված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին։ Հաստատության նախագծային հզորությունը լինելու է 200։ 

Ըստ սույն որոշամն 3 կետի համաձայն մինչ կրթահամալիրի կառուցումը ՀՀ ԿԳՄՍ նախարարին և  ՀՀ Գեղարքունիքի մարզպետին հանձնարարել ապահովել այդ դպրոցի աշակերտների` հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը։ 

Գյուղական բնակավայրերի հաստատությունները կընդլայնեն իրենց նշանակությունը՝ գործելով իբրև համայնքային կենտրոն՝ ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։ Կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կգործեն կրթահամալիրներ, որտեղ հանրակրթական ծրագրերից զատ՝ կարող են իրականացվել նաև նախադպրոցական, անհրաժեշտության դեպքում՝ արհեստագործական, լրացուցիչ կրթական ծրագրեր։ Կապահովվի նաև մարզադահլիճների և խաղահրապարակների առկայությունը, որոնք կհագեցվեն անհրաժեշտ գույքով։

Կալավանի դպրոց

-Պարո՛ն Ղուկասյան, դպրոցում ի՞նչ խնդիրներ են առկա, և ինչպե՞ս եք պատրաստվում դրանց լուծում տալ։

-Դպրոցում բազմաթիվ խնդիրներ կան, բայց քանի որ մեր դպրոցոը գտնվում է այն դպրոցների ցանկում, որոնք պետք է միավորվեն, այդ պատճառով խնդիրներին լուծում չենք տալու։

2023 թվականի դեկտեմբերի մեկի ՀՀ կառավարության նիստի ժամանակ հաստատվել է կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցով դպրոցների ցանկը։  Այդ թվում են նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքը, ինչպես նաև համայնքի երեք գյուղերը ՝ Մարտունին, Թթուջուրը և Դպրաբակը որտեղ նախատեսվում է կառուցել կրթահամալիրներ։

-Ինչպե՞ս է իրականացվելու հարևան գյուղի երեխաների տեղափոխումը կրթահամալիր։ 

-Դեպի կրթահամալիր տանող ճանապարհները կվերանորոգվեն և որոշներն էլ կասվալտապատվեն։ Իսկ երեխաներին տեղափոխելու համար մարզպետարանը տրամադրելու է տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև կլինեն ուղեկցորդներ։ Երեխաները կսնվեն կրթահամալիրում, կմասնակցեն դասերից հետո կազմակերպվող խմբակներին, կկատարեն տնային հանձնարարությունները և ժամը 18։00-ին կվերադառնան տուն։

-Ըստ Ձեզ՝ պատշաճ կիրականացվի՞ այս ծրագիրը, և ո՞ր թվականին է Դպրաբակի այդ կրթահամալիրը հանձնվելու շահագործման։ 

-Իհարկե։ Ես նույնպես մասնակցել եմ ծրագրի քննարկմանը և տեսել եմ գծագիրը։ Իսկ նախագիծն արդեն հայտարարված  է։ Նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ի դեպ, նշեմ, որ Ճամբարակ համայնքի կրթահամալիրի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։ 

Այս ամենի հետ մեկտեղ բնակիչները թերահավատ են. իրենց խոսքով՝ մինչ կառուցվեն կրթահամալիրները, ասվալտապատվեն ճանապարհները, 2030 թվականին գյուղում էլ մարդ չի մնա` ոչ ասվալտին քայլելու ու ոչ էլ կրթահամալիր հաճախելու համար։

Էլիտա Ստեփանյան