Գիտեմ՝ դժվար է, երբ անբախտության
Մանր մասերից ծով է գոյանում,
Բայց չէ՞ որ երկրում հենց մեր ծովերն են
Մեզ ուժեղ, հզոր ու պինդ դարձնում…
Սրանք դպրոցական Մարիետայի տողերն են: Նա սկսնակ գրող է, ով ամիսներ առաջ տպագրեց իր առաջին գիրքը՝ «Խոստովանություն»-ը:
– Մարիետա´, ի՞նչ նախասիրություններ ունես:
– Սիրում եմ ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ, շատ եմ սիրում նկարել և գրել: Սակայն չեմ կարող ասել, որ գրելով զբաղվում եմ ազատ ժամանակ. Գրել կարող եմ նույնիսկ ամենազբաղված պահին, երբ միտքս թելադրի:
– Նշեցիր, որ սիրում ես կարդալ․ ո՞վ է քո սիրելի գրողը:
– Գրողներից շատերին եմ սիրում: Կուզեմ առանձնացնել Վահան Տերյանին, Պարույր Սևակին, արտասահմանյան գրողներից՝ Ալբեր Քամյուին, ում գրվածքներն ինձ շատ են դուր գալիս:
– Մարիետա՛, վերջերս տեղի ունեցավ քո առաջին գրքի շնորհանդեսը ․ ինչպե՞ս ծնվեց գիրք տպագրելու գաղափարը:
– Միշտ պատկերացրել եմ իմ հեղինակային գիրքը, երազել եմ դրա մասին, բայց երբևէ չեմ մտածել, որ այն կարող է իրականություն դառնալ: Սակայն, երբ սկսեցի ավելի լուրջ մտածել, հասկացա, որ կարելի է երազանքները դարձնել նպատակներ, իսկ նպատակները՝ իրականություն: Որոշեցի, որ պետք է հավաքել բոլոր բանաստեղծություններս մի գրքում և երազանքներս իրականություն դարձնել:
– Դու վերնագրել ես գիրքդ «Խոստովանություն»․ ինչո՞ւ:
– Գիրքս վերնագրել եմ «Խոստովանություն», քանի որ թղթի և գրչի միջոցով ընթերցողին խոստովանում եմ իմ բոլոր զգացողությունները, ապրումները, հույզերն ու մտքերը:
– Երբվանի՞ց ես ստեղծագործում:
– Սկսել եմ ստեղծագործել դեռ մանկուց: Դրա համար չեմ հիշում՝ քանի տարեկանում եմ սկսել ստեղծագործել․ մայրիկս պատմում է, որ սկսել եմ ստեղծագործել մոտավորապես հինգ տարեկանից: Հիմա մայրիկս ցույց է տալիս իմ գրած բանաստեղծությունները, որոնք ես չեմ հիշում. գրել եմ տառասխալներով` շատ փոքր ժամանակ:
– Ի՞նչ է տալու քո գիրքն ընթերցողին:
– Կարծում եմ՝ իմ ստեղծագործություններում նկարագրված են այնպիսի ապրումներ, որոնք յուրաքանչյուր մարդ իր կյանքում կարող է զգալ։ Ընթերցողն իմ ստեղծագործություններից կարող է գտնել ելքեր, կամ զգալ, որ ինքը միայնակ չէ, և աշխարհի վրա կա գոնե մեկ մարդ, ով զգում և հասկանում է իրեն:
– Մարիետա՛, լինելով ստեղծագործ մարդ, այնուամենայնիվ, ընտրել ես տնտեսագետի մասնագիտությունը․ ինչո՞ւ այդպես որոշեցիր:
– Բանաստեղծություններ գրելը երբեք չեմ համարել մասնագիտություն: Տնտեսագիտությունը շատ եմ սիրում, սիրում եմ մաթեմատիկան և որպես մասնագիտություններ, միայն դրանք եմ պատկերացնում:
– Ապագայում կտեսնե՞նք քո երկրորդ գիրքը:
– Անպայման: Կարծում եմ՝ ոչ միայն երկրորդը, այլև երրորդը, չորրորդը և այդպես շարունակ:
Հասմիկ Անդրեասյան
2-րդ կուրս