ԴԵՄՔՍ, ՊԱՐԱՆՈՑՍ, ՁԵՌՔԵՐՍ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՄ ՄԱՐՄՆԻՍ ԳՈՒՅՆԻՑ...

ԴԵՄՔՍ, ՊԱՐԱՆՈՑՍ, ՁԵՌՔԵՐՍ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՄ ՄԱՐՄՆԻՍ ԳՈՒՅՆԻՑ ՈՐՊԵՍ ՀՈՒՇ

1031

Սոֆյան 15 դաջվածք ունի․ դաջվածքներ, որոնք դառնում են մարմնիդ մի մասը, ու ապրում քեզ հետ, դաջվածքներ, որ կախվածություն են առաջացնում, և մաշկ, որն այլևս չի երևում բազմաթիվ դաջվածքներից հետո։


– Սոֆյա, կան պնդումներ, որ ցանկալի է չափահաս տարիքում դաջվածքներ անել, իսկ դուք քանի՞ տարեկանում եք արել Ձեր առաջին դաջվածքը։

– Առաջին դաջվածքս արել եմ 16 տարեկանում,  երբ  անչափահաս էի․ դա եղել է գայլ՝ ոտքիս վրա․նույնիսկ չգիտեմ,թե ինչու, բայց այն ինձ համար յուրահատուկ  է, երևի այն պատճառով, որ առաջինն է և ունի միայնության խորհուրդ: Իրականում, հոգուս մեջ միայնակ եմ, կողքիս կան շատ հարազատ մարդիկ, բայց նրանք հոգուս մեջ ներթափանցել չեն կարող․ եթե սիրեմ մեկին, ապա նրան կսիրեմ հավերժ։


– Դուք նշեցիք, որ Ձեր առաջին դաջվածքը յուրահատուկ է, իսկ քանի՞ դաջվածք ունեք հիմա։


– Հիմա ունեմ  15 դաջվածք․ իրականում մի մասը դեռ անավարտ է, բայց ավարտին հասցնելուց հետո, ավելանալու են։

– Այսինքն `մտադրված եք շարունակե՞լ դաջվածքները, իսկ կա՞ն հատվածներ, որտեղ չեք ցանկանում դաջվածք անել։

– Այո՛, իհարկե կան. դեմքս, պարանոցս, ձեռքերս պահպանում եմ մարմնիս գույնից որպես հուշ (ժպտում է):


– Սոֆյա, Ձեր 15  դաջվածքներից  որոնք են մյուս յուրահատուկները:


– Յուրահատուկ դաջվածքներս շատ են. ես դրանք իրոք շատ եմ սիրում, այլապես կձևափոխեի կամ կփակեի, իսկ «ընտրյալների» մեջ են մտնում, ինչպես ասացի, գայլը, ուսիս դաջած լուսինը և ձեռքիս մայր ու աղջիկ դաջվածքը, նրանց նշանակությունները պարզից էլ պարզ են, գայլի դեպքում արդեն ասացի, իսկ լուսինը՝ մայրս է, մարդիկ ունեն հայր՝ որպես արև, և մայր՝ որպես լուսին․ ես ունեմ միայն մայրիկիս, այդ իմաստով է լուսինը հայտնվել ուսիս։ Մի փոքր խոսեմ ձեռքիս դաջվածքի մասին. այնտեղ ես ու մայրս ենք և տիեզերքը: Այս դաջվածքին նայելիս ջերմություն եմ զգում ու հասկանում, որ նույնիսկ տիեզերքը ինձ ու մորս չի կարող բաժանել։


                           
– Դուք նշեցիք, եթե  դաջվածքները  Ձեզ համար առանձնահատուկ չլինեին, Դուք դրանք կձևափոխեիք կամ կփակեիք․ եղե՞լ է նման դեպք:

– Ը¯մմ, այո, նման դեպք եղել է, Մայր ու աղջիկ դաջվածքից առաջ, նույն հատվածում ունեի վիշապ, որն այնքան էլ լավը չէր, ու այդպիսով, որոշեցի փակել այն մեկ այլ գեղեցիկ դաջվածքով։

– Սոֆյա, կա տեսակետ,  որ դաջվածքն էլ է կախվածություն առաջացնում, արդյոք դա ճի՞շտ  է։

– Միանշանակ․ երբ ես անում էի իմ առաջին դաջվածքը, չէի մտածում, որ 2-3 հատից ավել կանեմ, բայց հիմա, ինչպես տեսնում եք, ունեմ արդեն 15-ը և դա վերջնական չէ։

– Իսկ ինչպե՞ս եք ընտրում Ձեր դաջվածքները։

– Հիմա ես ընտրում եմ ինձ հոգեհարազատ Անիմե (ճապոնական մուլտֆիլմեր) հերոսներից, նրանց վերածում էսքիզի ու վերջ, հերթական դաջվածքն արդեն պատրաստ է։

– Եվ որպես վերջաբան Սոֆյա, կցանկանայի՞ք մի օր՝ առավոտյան, արթնանալ և տեսնել, որ Ձեր դաջվածքները ամբողջությամբ անհետացել են։


– Ըըըը, դե՜, դա ինձ համար կլիներ սարսափելի առավոտ, ես, չգիտեմ, ես կապվել եմ նրանց հետ, ես սիրում եմ նրանց այնպես, ինչպես իմ մաշկի գույնը, որը գրեթե չի երևում։ Երբեք չեմ ցանկանա, որ նման առավոտ լինի իմ կյանքում։

Մարիամ Բարսեղյան

2-րդ կուրս

Կիսվել