«The Kindergarten»-ը հայկական ալտերնատիվ ռոք ժանրում ստեղծագործող նոր խմբերից է: Խումբն ունի մեկ տարվա պատմություն․ անդամներն են՝ մենակատար Վանիկը, հարվածային գործիքներ նվագող Արփին ու բասկիթառահար Ալին: Վանիկը սիրիահայ է, երկար տարիներ ապրում և աշխատում է Հայաստանում: Արփին սովորում է Ամերիկյան համալսարանում, իսկ Ալին եկել է Իրանից, թավջութակ է նվագում, հայերեն դեռ չգիտի, իսկ խմբի անդամներն միմյանց հետ անգլերենով են շփվում:
Արփին պատմում է խմբի ձևավորման ու միմյանց գտնելու մասին` հիշելով զվարճալի, բայց իր համար նաև ոգեշնչող մի դրվագ:
«Վանիկը Կոնսերվատորիայում պատահաբար Ալիին տեսել է ու մտածել, որ էս տղան բասիստի տեսք ունի, բայց պարզվել է, որ Ալին բաս կիթառ չի նվագում: Վանիկին հաջողվել է համոզել, որ Ալին բաս կիթառ է գնի»: Արփին նրանց ավելի ուշ է միացել: Իր ընկերներից մեկի փոխարեն պետք է նվագեր համերգին միայն մեկ անգամ, բայց համերգից հետո ամեն բան փոխվել է:
Այսպիսով` Ալին անծանոթին վստահելով՝ սովորում է բաս կիթառ նվագել, Արփին՝ մեկ տարվա դադարից հետո, նորից նվագում է հարվածային գործիքներ ու հաջող համերգից հետո, նրանք որոշում են դառնալ լավ ընկերներ ու շարունակել միասին հանդես գալ:
Խմբի մենակատարն էլ պատմում է անվան ընտրության մասին .«Անունը կապ ունի ինձ հետ, դեռ խմբի ստեղծվելուց առաջ, ինձ ու ընկերներիս կանչել էին ակումբում նվագելու, և երբ ակումբի տերը ներս մտավ ասաց. «Սա ի՞նչ մանկապարտեզ է»: Դա հիշեցի խումբը ստեղծվելուց հետո, ու որոշեցի՝ խմբի անունը դնել մանկապարտեզ»:
Վանիկի խոսքով՝ խումբը մշտական է լինելու, և նրանք ձգտում են ավելի լայն լսարան ունենալ, սակայն ինչպես ինքն է ասում` չեն ուզում «գլխից վերև թռչել», դեռ ժամանակ է պետք:
Երգերը գրում է Վանիկը, իսկ Արփին ու Ալին փորձում են օգնել․ արդեն ունեն մի նոր երգ՝ երկուսի կողմից գրված:
«The Kindergarten»-ի երգերը սիրո ուրախ և տխուր կողմերի մասին են: Երիտասարդները երգում են նաև զինվորների, բանակի, հեղափոխության մասին, ունեն նաև փիլիսոփայական երգեր. «Խումբը նոր է ու, հիմնականում, փորձեր ենք անում․ մեր երգերը դեռ կլսվեն համերգների ժամանակ, բայց ուզում ենք երկրպագուների համար օնլայն լսելու հնարավորություն էլ ստեղծել», – պատմում է Արփին ու հավելում, որ թե´ երաժշտության, թե´ բառերի մեջ զարգացում տեսնում է:
Երաժշտասերները հաջորդ տարի արդեն հնարավորություն կունենան ծանոթանալու կամ ավելի լավ բացահայտելու խմբին․ «The Kindergarten»- ը պատրաստվում է հաջորդ տարի տեսահոլովակ թողարկել և շարունակական դարձնել երգերի ձայնագրման ու նկարահանման աշխատանքները:
Արփի Շահինյան
3-րդ կուրս