ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՀԵՆԴՄԵՅԴԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՀԵՆԴՄԵՅԴԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

2947

24-ամյա Մարիամ Կարապետյանը մասնագիտանում է ձեռագործ իրերի արտադրության մեջ: Համագործակցում է «Boօ be-toys» խանութի հետ, իսկ 2014 թվականին Մերգելյան (Երևան էքսպո) ինստիտուտում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացրել է իր աշխատանքները: Նրա խոսքերով՝ մրցակցությունն այս ոլորտում շատ է: Կենցաղում մեզ հաճախ անպետք թվացող իրերը կարող են օգտագործվել որպես հումք հետաքրքիր մտահղացումները կյանքի կոչելու համար: Շատերին հիմնականում «հենդմեյդ» անունով հայտնի այս երևույթը Հայաստանում վերջին տարիներին լայն տարածում գտավ: Ձեռագործ իրերի պատրաստմամբ են զբաղվում թե՛ առանձին անհատներ, թե՛ մասնագիտացված խանութներ:

Ի վերջո, որքանո՞վ է ձեռագործ արտադրանքը պահանջված հայկական շուկայում և որո՞նք են այն բացերը, որոնք պետք է լրացնել ոլորտի զարգացմանը խթանելու համար: «Հայաստանյան հենդմեյդի» զարգացման միտումների մասին խոսելիս Մարիամը համեմատականներ է տանում ռուսական և ամերիկյան արտադրանքի հետ. «Մեզ մոտ պակասում են խաղալիքները, ինչը չես ասի ռուսական շուկայի մասին: Ամերիկյան շուկայում հիմնականում շեշտը դնում են հուշանվերների վրա: Սիրում են, որ տան դիզայնը ներդաշնակ լինի, նրանց համար կարևորը էսթետիկան է»:
024018

Մարիամի աշխատանքներից

Հենդմեյդ ապրանքների որակի և մրցունակության հետ անմիջական կապ ունեն այն նյութերը որոնցից դրանք պատրաստվում են: Խոսելով ոլորտում մասնագիտացողների աշխատանքի մասին՝ Մարիամը կարևորում է այն, թե ինչ նյութերով ես աշխատում, իսկ դրա պակասը Հայաստանում բավականին ակնառու է. «Հայաստանում քիչ են մարդիկ, ովքեր կարողանում են աշխատել պոլիմերային կավով, սովորական կավով, ապակիների, կտորներով»: Ներկա պահին Մարիամը զբաղված է իր երկու նոր հավաքածուների աշխատանքներով, որոնցից մեկն իր մեջ ներառում է Ամանորյա նվերներ, մյուսը՝ էսթետիկ իրեր:

23054
   Մարիամի աշխատանքներից
Ձեռագործ իրերի արտադրության մեջ մեծ տեղ է գրավում ազգային մշակույթի տարրը: Էթնիկ գորգեր, ասեղնագործություններ, զարդանախշեր: Այս ամենը հենդմեյդ ապրանքների անբաժանելի մասն են կազմում: Հատկապես հայկական տարազի մոտիվներով ստեղծված իրերը մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: Մասնագիտությամբ մաթեմատիկոս,  21-ամյա Ատլաս Կարապետյանը հիմնականում զբաղվում է ասեղնագործությամբ: Որոշել է իր աշխատանքներով «փրկել» հին հայկական ասեղնագործությունները. «Վերացող տեսակ է: Դրանց հանդեպ հետաքրքրություն կա թե՛ տեղացիների, թե՛ արտասահմանցիների շրջանում: Ֆրանսիայից շատ պատվերներ եմ ունենում»,- անկեղծանում է Ատլասը:

 

8787878
Ատլասի աշխատանքներից

Տեղական և արտասահմանյան արտադրանքի միջև տարբերությունների մասին խոսելիս նա մասնավորապես նշեց. «Տարբերությունները շատ են հատկապես շյուղագործության դեպքում: Հիմնականում թելերի որակից է կախված: Հայաստան ներկրվում են հիմնականում թուրքական թելեր, վերջերս՝ նաև պարսկական: Թելերի բաղադրությունը նույնն է, ուղղակի հաստության մեջ է տարբերությունը»: Իսկ թե ինչ ապրանքներ են նախընտրում հայկական շուկայում, Ատլասը պատասխանում է. «Ամենաշատը վաճառվում են շյուղերով և հելյունով պատրաստված իրերը, մանկական շորերը: Տեղական շուկայում դեռևս լայն տարածում չի ստացել փայտի փորագրությունը: Օրինակ, Վրաստանում շատ եմ տեսել փայտե փորագրված բաժակներ, կուզենայի՝ մեզ մոտ էլ դրանք լայն տարածում գտնեին»:

4242424
Ատլասի աշխատանքներից

Մարզերում նույնպես մեծ ժողովրդականություն են վայելում ձեռագործ ապրանքները: Տարբեր խմբակների, միությունների գործունեությունն ուղղված է հենց այս ոլորտի զարգացմանը: Լոռու մարզի կանանց նախաձեռնող խմբի անդամ Լիլյա Աբրահամյանը պատմում է, որ իրենց մարզում զարգացած են հենդմեյդ արտադրանքի տարբեր ճյուղեր՝ գորգագործություն, քանդակ, տիկնիկագործություն, կարուձև, զարդեր. «Հաճախ հենդմեյդով զբաղվող կանանց համար ցուցահանդես-վաճառքներ ենք կազմակերպում, որ ռեալիզացվելու հնարավորություն ունենան: Այնքան մասնակից է միշտ գրանցվում, որ չենք տեղավորում, ստիպված կիսում ենք»:

77875754741

Լոռու մարզի կանանց նախաձեռնող խմբի անդամների աշխատանքներից

Լիլյան, մատնանշելով այն հանգամանքը, որ հենդմեյդ ապրանքները, ի տարբերություն շուկայում առկա մյուս ապրանքների, ավելի թանկ են, նշում է. «Բայց այստեղ վաճառքն է շատ դժվար: Օրինակ ես իմ աշխատանքները վաճառում եմ հիմնականում Երևանում»:

747774441
Լոռու մարզի կանանց նախաձեռնող խմբի անդամների աշխատանքներից

Այնուամենայնիվ ձեռագործ իրերի արտադրության մեջ այսօր Հայաստանում ավելի շատ մասնագիտանում են առանձին անհատներ, քան կենտրոնացված խանութներ: Շատերի համար այն պարզապես սիրելի զբաղմունք է, որին մարդիկ նվիրում են իրեն ազատ ժամանակը և հիմնականում աշխատում տանը: Ոճաբան Արամ Նիկոլյանը բարձր է գնահատում ձեռագործ իրերի արտադրության զարգացման միտումները մեր երկրում, սակայն միևնույն ժամանակ նշում է. «Թեև ձեռագործ իրերը նորաձևության մեջ ուրույն ու մեծ տեղ ունեն, սակայն, ցավոք, այդ ոլորտի զարցագման համար միջին մասնագիտական խորը կրթություն տվող հաստատություններ Հայաստանում չկան»:
Հենդմեյդ արտադրանքի վաճառք իրականացնող խանութների թիվն օրեցօր ավելանում է («Նանի-Զանի»,  «Boo be toys», «SonSation» և այլն), իսկ համացանցը  արդյունավետ հարթակ է դարձել հենդմեյդ արտադրանքի գովազդի և վաճառքի համար՝ ի դեմս բազմանդամ խմբերի և ակտիվ էջերի:

 

Նելլի Պետրոսյան
2-րդ կուրս

Կիսվել