ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԳՏԱԾ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԳՏԱԾ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

1172

Իսպանիայում հայտնվելը Մարիայի համար 6-րդ դասարանից երազանք է եղել։Նրա շրջապատում բոլորը գիտեին իսպաներենի ու իսպանացիների հանդեպ ունեցած իր սիրո մասին։

Տանը հաճախ կատակում էին, թե Մարիայի սիրելի տղամարդը իսպանացի է լինելու, չէ՞ որ նա շատ է սիրում Իսպանիայի հետ կապված ամեն ինչ, իսկ  ինչը շատ ես սիրում և սրտով ձգտում, այնքան ավելիին ես հասնում։

Երբ Մարիան մեկնում էր  Իսպանիա, նրա տատը կատակ է անում` ասելով Մարիային, որ հանկարծ մենակ չգա․ էլ ո՞վ իմանար, որ տատի կատակը մի օր իրականություն էր դառնալու։

Մարիային հաջողվեց հասնել Իսպանիա։ Ընկերներ ձեռք բերեց, բայց մի բան կարծես պակասում էր իր կյանքում։ Ընկերներից մեծ մասը տարիքով ավելի փոքր էին իրենից, նա ուզում էր, որ լինի այնպիսի մեկը, ում հետ ավելի լուրջ ու «մեծական» թեմաներից կկարողանար խոսել։

Մի օր, երբ նրանք գարեջրատանը զվարճանում էին, մաքուր օդի դուրս գալիս Մարիայի ընկերները պատահական դրսում հանդիպում են իրենց դասախոսին։

Կապտամոխրագույն աչքերով տղամարդը միանգամից նկատում է Մարիային․ նա երկար ժամանակ աչք չի կտրում աղջկանից՝ հասկանալով, որ Մարիան հենց այն աղջիկն է, ում ինքը սպասում էր, և ով պիտի հետագայում լիներ իր կողքին։ Խորխեն երկար չի սպասում․ նա գիտեր, թե ինչ է ուզում, իսկ Մարիայի համար ամենաանկանխատեսելին եղավ այն, երբ Խորխեն մեծ հիացմունքով Մարիային ասաց․«Դու շատ սիրուն ես, կամուսնանա՞ս ինձ հետ»:

Խորխեն միշտ մտածել է, որ ամուսնության առաջարկություն կանի այն աղջկան, ում կսիրահարվի առաջին ակնթարթից։

Մարիայի համար զարմանալի էր և մի փոքր շոկային․ առաջին բանը, որ անցավ նրա մտքով այն էր, թե ինչո՞ւ։ Ամեն դեպքում շատ հաճելի էր։

Նրանք սկսում են շփվել․ ժամերը վայրկյանների պես էին  անցնում`  չնայած ընկերների բողոքներին ու Մարիային ուղղված կանչերին։ Խորխեն չգիտեր Հայաստանի մասին, և նրանց ծանոթությունը լավ առիթ էր` Հայաստանի  մասին աշխարհում ևս մեկին հայտնելու։ Նրանք միմյանց են փոխանցում սոցիալական ցանցերի իրենց տվյալներն ու պահպանում կապը։

Մարիան հավատում էր, որ աշխարհի տարբեր անկյուններում  երկու հարազատ հոգիներ կան, որոնք ստեղծված են միմյանց համար։ Սա ևս մեկ առիթ էր, որպեսզի նա հասկանար, որ աշխարհի որ ծայրում էլ լիներ, մեկ է՝  կգտներ այն մեկին, ով կլռացներ իրեն։

Մարիան ի սկզբանե համակրում էր Խորխեին և նրանց շփումն ավելի էր լրջանում։

Նրանց հանդիպումները դառնում են հաճախակի․ ճանապարհորդում են ողջ Իսպանիայում՝ հասնելով ընդհուպ Պորտուգալիա, Իտալիա…

Նրանց սերն այնքան ուժգին է դառնում, որ, չնայած առկա դժվարություններին, նրանք չեն կորցնում միմյանց հանդեպ ունեցած վստահությունը։

Որոշ ժամանակ անց Մարիան վերադառնում է Հայաստան։ Մարիայի հանդեպ ունեցած սերը Խորխեին բերում է այնտեղ, որտեղ իր սիրելին է։

Մարիայի ընտանիքը Խորխեին գրկաբաց է  ընդունում․  ճիշտ է, աղջկա ծնողները չէին տիրապետում այն լեզուներին, որոնք Խորխեն գիտեր, բայց երկու կողմերին էլ հաճելի էր ծանոթությունը։ Մարիայի հանդեպ ծնողների հավատն ու վստահությունը, ինչպես նաև Խորխեի ծանրակշիռ պահվածքը, թույլ են տալիս ընտանիքի անդամներին հանգիստ խղճով իրենց աղջկան տեսնել Խորխեի կողքին։

Հանգամանքների բերումով Խորխեն մեկնում է Իսպանիա, իսկ Մարիան մնում է Հայաստանում։

Իրարից հեռու լինելը անհանգստացնում էր Մարիային․ գուցե հեռավորությունը դառնար բաժանման պատճառ, գուցե նրանք չկարողանային միմյանց տալ այն սերն ու հոգատարությունը, որը պետք էր երկու սիրող սրտերին, բայց անգամ այդ հեռավորությունը չանդրադարձավ նրանց սիրո վրա։

Որոշ ժամանակ անց Խորխեն կրկին գալիս է Հայաստան։ Մարիայի և նրա հարազատների հետ միասին  նրանք  գնում են  Տաթևի Վանք։ Խորխեն ինչ- որ  բան էր մտածել և չգիտեր՝ ինչպես դա իրականացնել։

Մարիան շատ էր սիրում Տաթևը․ այնտեղ մի փոքրիկ վայր կար, որտեղ սիրում էր մենակ նստել, այդ անգամ նա մենակ չէր։ Մարիան խնդրում է Խորխեին մի լուսանկար անել, Խորխեն պահը բաց չի թողնում, և  քանի որ այդտեղ ոչ ոք չկար, ամուսնության առաջարկություն է անում Մարիային։

Մարիայի խոսքով` դժվար էր  բացատրել  այն անմոռանալի և հուզիչ զգացողությունները, որոնք ինքն է ապրել այդ րոպեներին, իսկ անմիջապես հետո շտապել է ընտանիքի անդամներին ցույց տալ մատանին։

Մարիայի աչքերից արցունքներ էին հոսում։ Սիրահար զույգը գիտեր, որ իրենց հաջորդ քայլն  ամուսնությունն է, իսկ  Խորխեի համար կարևորը իր սիրելի աղջկան  անմոռաց օր պարգևելն էր։ Նա ուզում էր, որ Մարիան իրեն  երջանիկ զգա ու երբեք չմոռանա այդ հաճելի պահը։

 Այս պատմությունը թույլ է տալիս հաստատապես համոզվելու, որ սերը չի ճանաչում ո´չ լեզու,  ո´չ դավանանք, ո´չ ազգություն։

Երկու տարբեր մշակույթների,ազգությունների և լեզուների պատկանող մարդիկ կարո´ղ են սիրել իրար և  երջանիկ լինել։

Արմինե Սահակյան
3-րդ կուրս

Կիսվել