ԿԱՆԱՆՑ՝ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՉՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ ՄՈՒՏՔ ՉԻ ԼԻՆՈՒՄ ԳՐԵԹԵ 1,7 ՄԼՐԴ...

ԿԱՆԱՆՑ՝ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՉՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ ՄՈՒՏՔ ՉԻ ԼԻՆՈՒՄ ԳՐԵԹԵ 1,7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

4990

Կանանց տնտեսական ակտիվության ցածր մակարդակի պատճառով Հայաստանի տնտեսությունում արձանագրվում է ռեսուրսների վատնում և համախառն ներքին արդյունքը կրում է խոշոր վնաս:

Ըստ համախարհային բանկի տվյալների՝ Հայաստանում կանանց ցածր մասնակցությունը զբաղվածության և ձեռնարկատիրության ոլորտում մարդկային ռեսուրսների ներուժի անարդյունավետ բաշխման արտացոլումն է, որը հանգեցնում է ՀՆԱ-ի 14 տոկոսին համարժեք տնտեսական արդյունքի կորստի:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, մեզ հետ զրույցում, նշեց, որ իգական սեռի ներկայացուցիչների, հատկապես՝ բարձրագույն կրությամբ կին մասնագետների՝ աշխատուժում ներգրավված չլինելը, յուրաքանչյուր տարի Հայաստանի տնտեսության վրա բասացական ազդեցություն է ունենում:

«Հայաստանում գրանցվում է աշխատանքային ռեսուրսների խոշոր վատնում՝ ի դեմս կին մասնագետների: Ամեն տարի երկրի տնտեսությունը կրում է շուրջ 1.7 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս»,- ընդգծեց Թունյանը:


Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018 թվականի դրությամբ ՀՀ աշխատանքային ռեսուրսների կազմում ավելի մեծ է տղամարդկանց, քան կանանց թիվը: Հայաստանի աշխատանքային ռեսուրսների կազմում կին զբաղվածները կազմել են 37%, իսկ տղամարդիկ՝ 55%:

Հատկանշական է, որ բարձրագույն կրթության առաջին (բակալավր) և երկրորդ (մագիստրատուրա) մակարդակներում կանայք գերակշռում են: Չնայած կրթության մեջ երիտասարդների զանգվածային ընդգրկվածությանը՝ կանանց տնտեսական ներգրավվածությունը կտրուկ նվազում է 25-49 տարիքային խմբում. իգական սեռի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը մասնագիտական կրթություն ստանալուց հետո չի անցնում աշխատանքի:

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ Հայաստանում մասնագիտական կրթություն ստացած տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը կազմում է 1 տղամարդու դիմաց 1,5 կին, սակայն միջին մասնագիտական կրթությամբ կանանց գրեթե կեսը և բարձրագույն կրթությամբ կանանց ավելի քան մեկ երրորդը աշխատաշուկայում ներկայացված չեն: Բարձրագույն կրթությամբ, մասնագիտական որակավորում ունեցող կանանց՝ աշխատանքում չներգրավվելը, հանգեցնում է պետության մարդկային ռեսուրսների վատմանը, ինչն էլ բացասական ազդեցություն է ունենում երկրի տնտեսության համար:
Կանանց դեպքում տնտեսական ակտիվության ցածր մակարդակի հիմնական պատճառը ընտանեկան հանգամանքներն են: Ընտանեկան հանգամանքների պատճառով աշխատուժից դուրս է կանանց 98%-ը (249 հազար կին): Մինչդեռ տղամարդկանց դեպքում ընտանեկան հանգամանքները որոշիչ գործոն չեն, քանի որ տղամարդկանց ընդամենը 2%-ը (4 հազար տղամարդ) չի աշխատում այդ պատճառով։

Ինչպես արդեն նշեցինք, ըստ վիճակագրական տվյալների, կանանց տնտեսական ներգրավվածությունը կտրուկ նվազում է 25-49 տարիքային խմբում: Տարիքային այդ ժամանակահատվածում սեռային խզվածքը հիմնականում պայմանավորվում է ամուսնություններով: Ամուսնությունից հետո հաջորդում է հղիության շրջանը, ծննդաբերությունը, երեխայի խնամքը, տնային տնտեսությամբ ծանրաբեռնվածությունը և այսպես շարունակ. կանանց ընտանեկան պարտականությունները խոչընդոտում են նրանց մասնակցությանը աշխատուժում:

Սակայն, ընտանեկան հանգամանքների պատճառով կանանց՝ աշխատուժից դուրս մնալու համատեքստում, դիտարկվում են նաև այլ  խոչընդոտներ: Աշխատաշուկայում կանանց չներգրավվելու պատճառներից են անհավասար մրցակցությունը, խտրականության դրսևորումները աշխատավայրում, կարծատիպերի պատճառով ընտանիքի, հարազատների կողմից աշխատել չթույլատրելու հանգամանքը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձերի տարբերությունը:

Ընտանեկան հանգամանքները հաճախ պայմանավորված են հասարակության շրջանում տարածված կարծրատիպերով: Մեր զրուցակիցը, ով ցանկացավ մնալ անանուն, այժմ տնային տնտեսուհի է: Ավարտել է բարձրագույն կրթության առաջին մակարդակը՝ ստանալով ուսուցչի որակավորում: Ուսումնառությանը զուգահեռ անցել է մասնագիտական պրակտիկա և աշխատանքային փորձաշրջան, որի արդյունքում ստացել է մասնավոր նախակրթարաններից մեկում աշխատելու առաջարկ: Սակայն ուսումն ավարտելուց անմիջապես հետո ամուսնացել է: Ընտանիքի անդամները դեմ են եղել նրա աշխատելու ցանկությանը՝ անգամ անտեսելով գործատուի առաջարկը: Պատճառը, ըստ մեր զրուցակցի, եղել է ամուսնու այն համոզմունքը, որ իր կինը չպետք է աշխատի, քանի որ «տան տղամարդը ֆինանսական առումով ի վիճակի է ապահովել ընտանիքի կարիքները»: Ականջալուր լինելով ամուսնու պահանջին՝ համաձայնվել է թողնել մասնագիտական կարիերան և զբաղվել տնային տնտեսությամբ: Այսօր՝ ամուսնությունից տարիներ անց, նա խոստովանում է, որ ափսոսում է այդ որոշման համար. ընտանիքի դերն ու նշանակությունը իր կյանքում չստվերելով հանդերձ՝ արձանագրում է, որ մասնագիտական կարիերան կնոջ համար ինքնահաստատման, ինքնազարգացման, ինքնադրսևորման լավագույն հնարավորությունն է:

Հասկանալու համար, թե ինչ այլ կարծրատիպեր կարող են լինել ընտանիքում, որոնց պատճառով իգական սեռի ներկայացուցիչներին կարող են թույլ չտալ անցնել աշխատանքի, իրականացրինք հարցախույզ: Արդյունքում արձանագրեցինք, որ շատ դեպքերում կանանց մասնագիտական կարիերան տուժում է նաև իրենց մասնագիտությունների և դրանց վերաբերյալ հասարակության մտայնությունների պատճառով: Օրինակ՝ Կարինե Հունանյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է բուհը գերազանց առաջադիմությամբ: Ամուսնությունից հետո ամուսնու հորդորով չի աշխատել որպես իրավաբան. ընտանիքում կարծել են, որ «իրավաբանությունը կնոջ մասնագիտություն չէ», քանի որ աշխատանքի բերումով անխուսափելի են շփումները տարբեր հանցագործություններ կատարած անձանց հետ: Սակայն աշխատանքի հնարավորությունը այլ ոլորտում չի սահմանափակվել. Կարինե Հունանյանը անցել է աշխատանքի սպասարկման ոլորտում:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը  հոդված 1.3-ով արգելում է աշխատանքային խտրականությունը, այդ թվում՝ նաև պայմանավորված սեռով և երաշխավորում է կանանց և տղամարդկանց աշխատանքային հավասար իրավունքները, այնուամենայնիվ հասարակության շրջանում կա «կանանց համար և ոչ կանանց համար» մասնագիտություններ: Նյութը պատրաստելիս՝ իրականցրինք հարցում տղամարդկանց շրջանում: Հարցվողների մեծամասնության կարծիքով՝ ամենանախընտրելի «կանացի» մասնագիտությունը մանկավարժությունն է:

Վիճակագրական տվյալները ևս փաստում են՝ ըստ տնտեսական գործունեության խոշոր խմբերի՝ կանայք գերակշռում են կրթության, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում: 

Իգական սեռի ներկայացուցիչների շրջանում անցկացրած հարցման ընթացքում արձանագրեցինք նաև, որ ամուսնացած կանանց, ինչպես նաև երիտասարդ աղջիկների մի մասը նորմալ է համարում, որ ամուսինը կարող է դեմ լինել կնոջ՝ մասնագիտական գործունեություն ծավալելուն: Ըստ հոգեբան Սաթեն Գրիգորյանի՝ մեր հասարակությունում կնոջ դերը երկրորդված է եղել: Արդյունքում կանայք սովորել են ենթակա լինել տղամարդկանց, կախված լինել նրանց կարծիքից:

«Այսօր պատկերն իհարկե շոշափելի փոխվել է, բայց ոչ մասշտաբայնորեն: Սահմանափակումներ կան թե՛ առօրյայում, թե՛ կարիերայում: Հայ կինն իր գենետիկ կոդավորմամբ սովոր է դրան, այլ հարց է՝  կուլ գնու՞մ է սեփական սկզբունքներին, թե՞ պայքարում է իր իրավունքների համար»,- մեզ հետ զրույցում նշեց հոգեբանը:

Խոսելով այն հոգեբանական դրդրապատճառների մասին, որոնք դրդում են տղամարդկանց արգելել աշխատել և զարգացնել մասնագիտական կարիերան՝ հոգեբանը կարևորում է. «Առհասարակ աշխատել արգելողների դեպքում խոսում է խանդը, էգոիզմը, հաճախ նաև՝ նարցիսիզմը: Բացի այդ, հայ տղամարդը սովոր չէ, որ կինը ընտանիքում իրենց գերազանցի, քանի որ այն թերարժեքության բարդույթի պատճառ է դառնում:  Սա խոսում ենք առանձին դեպքերի մասին, սակայն այսօր արդեն հակառակ տենդենցն է նկատելի: Մարդիկ սկսել են ուշադրություն դարձնել կարիերային, ինքնաիրացմանը»:

Աշխատաշուկայում կանանց անհավասար վիճակի մասին է վկայում նաև տղամարդկանց համեմատ միջինը 33 % պակաս վարձատրությունը: Այն դեպքում, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 178.2-ը սահմանում է, որ տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց վճարվում է նույն չափով աշխատավարձ: Իսկ համաձայն հոդված 178.4-ի՝ աշխատողի աշխատավարձը կախված է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից: Այստեղ նույնպես, ըստ օրենսգրքի, սեռով պայմանավորված խտրականությունը բացառվում է:

Միլենա Մկրտչյան
4-րդ կուրս

Կիսվել