2020 թվականի փետրվարի 21-ին ապրիլյան պատերազմի հերոս ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը կդառնար 28 տարեկան։ Տիգրան Պողոսյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։ Սերը զինվորականության հանդեպ դեռ մանկուց է ունեցել։ 2014 թ. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո անցել էր սպայական ծառայության՝ Արցախում` Մարտակերտում:
Երևանի՝ Արշավիր Շավարշյանի հ. 40 հիմնական դպրոցում, Տիգրան Պողոսյանին նվիրված հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել։ Դպրոցի տնօրենի խոսքով միջոցառման ընթացքում հնչած բոլոր բանաստեղծություններն ու երգերը գրվել էին բացառապես Տիգրանի համար և կոչված էին վառ պահելու հերոսի հիշատակը։
Հերոսի մայրը՝ տիկին Սիլվան, հուզված էր, նրա խոսքով նման միջոցառումներ կազմակերպելով ապրեցնում են Տիգրանին ու յուրաքանչյուր հերոսի՝ ում կնվիրվի միջոցառումը. «Թեև ցավ եմ ապրում, որ որդիս այսօր մեզ հետ չէ, բայց նաև հպարտ եմ, որ իր քայլով փրկել է իր զինվորի կյանքը: Եթե էս կյանքում պետք է մեռնենք, թող մեռնենք է´ս հայրնիքի ու է´ս հողի համար»։
Ամեն տարի Տիգրանի ծնունդը նշում էին դիրքերում՝ այն վայրում, որտեղ զոհվել էր Տիգրանը: Այս տարի բացառություն եղավ, ծնողները, հարազատները, մարտական ընկերները և այլոք նշեցին Երևանում հ. 40 դպրոցում, ինչից հետո այցելեցին Հայրենիքի պաշտպան վերականգնողական կենտրոն՝ Տիգրանի ընկերներին տեսնելու ու նրանց հետ էլ նշելու հերոսի օրը։ Իսկ արդեն երեկոյան տեղի ունեցավ Վարդուհի Գասպարյանի՝ «Մի կտոր հաղթանակ» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Մարտակերտի Կյաժին, որի շրջանակներում բեմադրությամբ հանդես եկան «Մատաղիս» թատրոնը, գրքի հեղինակն ու մի շարք երգիչներ։
Հավերժ փառք քեզ, հերո՛ս։
Մերի Մանուկյան
3-րդ կուրս