Հայաստանում սկսվել է գրիպի և սուր վարակիչ հիվանդությունների սեզոնը, սակայն այդ դեպքերն այդքան էլ ծանր չեն: Վերջին ժամանակներս Չինաստանում տարածված կորոնավիրուսը խուճապի պատճառ է դառնում. գրիպը և նման այլ վարակիչ հիվանդությունները ստիպում են շատերին մտածել, թե վարակված են կորոնավիրուսով: ՀՀ առողջապահության նախարարության հայտնած տվյալներով Հայաստանում կորոնավիրուսի կասկածելի ախտանիշներ ունեցող 40 մարդ հոսպիտալացվել է, որոնցից 26-ը դուրս են գրվել:
Ի՞նչ ախտանիշներ են ունենում մարդիկ այս սեզոնին: Ինչպե՞ս են հաղթահարում վարակիչ հիվանդությունները:
54-ամյա Կարինե Մովսեսյանի խոսքերով, ամեն տարի այս սեզոնին իր մոտ սկսվում է գրիպ. «Դեմքս մի տեսակ ծանրանում է, շնչելը դառնում է բարդ։ Ճիշտ է, այդ պահին վիճակս թեթևանում է, բայց միևնույն է, ամեն տարի այս եղանակին իմ մոտ սկսվում է գրիպը: Դեղերից խուսափում եմ, թեյ եմ խմում, որ լավանամ»: 16-ամյա Մարիաննան էլ ասաց, որ բժշկի գնում է այն ժամանակ, երբ հազում է. «Տևում է մոտ 2-3 շաբաթ․ հիմնականում տնային միջոցներով եմ բուժվում, հակաբիոտիկներից ալերգիա ունեմ»։ 25-ամյա Կարեն Եղիազարյանն էլ ասաց, որ դեղատների մշտական հաճախորդն է դարձել. «Դեմքս արդեն անգիր գիտեն․ ինչ սեզոնը սկսվելա՝ վարակվելա, որ վարակվում եմ: Դիմադրողականությունս այդքան էլ ցածր չի, բայց հաճախ եմ վարակվում: Լավա՝ ալերգիա չունեմ դեղերից: Չնայած դաղձով թեյ շատ եմ խմում՝ մեկա ինձ ամենաշատը դեղերն են օգնում»:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում:
Սուր շնչառական վարակներով պոլիկլինիակա
դիմելիությունը՝ համեմատելով նախորդ ուրբաթ (14.02.2020թ.) օրվա հետ նվազել է 1,4 անգամ, իսկ համեմատած նախորդ երկուշաբթվա (10.02.2020թ.) հետ՝ 1,2 անգամ:
Դեղագործ, բժշկուհի Մարի Նախոյանի խոսքերով, անհրաժեշտ է ամեն
տարի պատվաստվել՝ գրիպից խուսափելու համար. « Գրիպի վիրուսը լինում է 3 տեսակի՝ A, B, C: A տեսակի վիրուսով վարակվում եմ նաև կենդանիները։ Վիրուսը կարող է կենդանուց անցնել
մարդուն։ Դրանցից է H1/N1 վիրուսը. օրինակ թռչնի գրիպ, խոզի գրիպ։ B տիպի վիրուսով վարակվում է միայն մարդը։ Գրիպի վիրուսը բացատրվում է նրանով, որ այն ձևափոխվում է և ամեն անգամ նույն մոլեկուլային կառուցվածքը չի ունենում։ Այդ իսկ պատճառով դրա դեմ բուժում չկա ։ Ուղղակի վերացվում են դրա ախտանշանները, որոնք են՝ ջերմություն, թուլություն, գլխացավ, մկանային ցավեր։ Գրիպի վիրուսի պատվաստանյութը, որն այս պահին կա Հայաստանում, վնասակար չէ և չկան դրա հետ կապված որևէ բարդություններ։ Անհրաժեշտ է ամեն տարի անել պատվաստումը, քանի որ, ինչպես նշեցի, այն ձևափոխում է։ Վիրուսը նվազեցնում են, մինիմալի են հասցնում և ներարկում են մարդու օրգանիզմ, և քանի որ մարդու օրգանիզմը շատ խելացի է՝ ստեղծում է դրա հակամարմինը։ Չվարակվելու համար պետք է անպայման լվացվել օճառով և ջրով և խուսափել վիրուսակիր մարդու հետ շփումից։ Եթե կա գրիպի վիրուս՝ չօգտագործել անտիբիոտիկներ։ Այն չի օգնելու վիրուսին, քանի որ այն հակաբակտերիալ է, այլ ոչ թե հակավիրուսային։ Հայաստանում եղել են մահացության դեպքեր․ մարդը ինչ որ հիվանդություն է ունեցել, վարակվել է գրիպով. գրիպն էլ իր հերթին նպաստել է հիվանդության բարդացմանը։ Արդյունքում գրանցվել է մահվան դեպք։
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու համար պետք է խուսափել գրիպանման երևույթներ ունեցող մարդկանց հետ շփումից: Հիվանդ լինելու դեպքում՝ մնալ տանը, դիմել բժշկի, չօգտագործել հակաբիոտիկներ, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել տարածքը և հետևել անձնական հիգիենային»:
Գոհար Պետրոսյան
3-րդ կուրս