ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԳՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՐԸ

ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԳՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՐԸ

971

Հռիփսիմեն, ում հայրը ֆրանսիացի է, իսկ մայրը՝ հայ ու լիբանանահայ Հակոբը պատրաստվում են ամռանն ամուսնանալ: Նրանք ծանոթացել են այն ժամանակ, երբ Հռիփսիմեն Մոնպելիեից տեղափոխվեց Հայաստան՝ սովորելու Երևանի պետական համալսարանում: Հակոբն էլ նոր էր վերադարձել Լիբանանից և սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում:

Արտասահմանում սովորելը, միջազգային ծրագրերի մասնակցելն երիտասարդների, նաև Հռիփսիմեյի համար ամենից առաջ բարձրագույն և որակով կրթություն է, ապա՝ ճանապարհորդելու, նոր վայրեր ու մարդկանց բացահայտելու հնարավորություն: Ոմանց համար էլ այն ընտանիքից առանձին՝ միայնակ ապրելու դժվարությունները հաղթահարելու փորձ է: Իսկ այն, որ արտասահմանում սովորելը նաև ընտանիք կազմելու «պատճառ» է դառնալու, Հռիփսիմեն չէր պատկերացնում: «Մեր ծանոթությունն ու իրար «հավանելը» շատ պատահական ու արագ ստացվեց»,- պատմում է Հակոբը: Հայաստանում նրանք հանդիպել են մի քանի տարի, հետո, երբ Հռիփսիմեն պետք է ավարտեր համալսարանը, որոշել են ամուսնանալ ու մնալ այստեղ:

2019-ին Հայաստանում սովորում էր 2925 արտասահմանցի ուսանող: Նրանց շարքում ամենամեծ խումբը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին են՝ 813 ուսանող: Երկրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն էին՝ 598 ուսանող, նրանք էլ մեծ մասամբ վիրահայեր են: Մեծ թիվ են կազմում նաև Արևելքի երկրներից Հայաստանի բուհերում սովորող ուսանողները՝ հատկապես Իրանից և Հնդկաստանից: Միջազգային որոշ ծրագրեր, որոնք կրթաթոշակներ են տրամադրում նաև ՀՀ բուհերում սովորելու համար, հոգում են ուսանողների ուսման ու կեցության ծախսերը: Ընդհանուր առմամբ, նախորդ ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում սովորող ուսանողներից մոտ 500-ը կրթություն ստացել է անվճար:

Ուսանողական տարիներին միմյանց գտած Իրինայի և Ալեքսի դեպքում էլ ամեն ինչ «ճակատագրի ձեռքում էր», ինչպես իրենք են պատմում: Ալեքսը Մոլդովայից է ու հայուհի Իրինայի հետ ծանոթացել է հենց այնտեղ, բայց առաջին պահի հրապուրանքը Իրինայի համար լուրջ լինել չէր կարող: «Վստահ էի, որ միջազգային ծրագրերում ամենաշատը, որ կարող է լինել, կուրորտային սերն է: Հետո վերադառնալու ենք ու մոռանանք իրար»: Մոլդովայից գնալուց հետո էլ, սակայն, երկուսն իրար հանդիպել են մի շարք ծրագրերի ընթացքում: «Երևի 10-ից ավելի կարճաժամկետ ծրագրի ենք մասնակցել միասին, շփվում էինք, բայց ես դեռ կասկածներ ունեի»,- հիշում է Իրինան: «Վերջին՝ ճակատագրական ծրագիրը Վրաստանում էր, մասնակցում էր միայն Ալեքսը: Ասել էր, որ մոտ տասը օր Թբիլիսիում պիտի մնա, բայց խաբել էր ու ծրագրից հետո մեքենայով Երևան եկել՝ ինձ տեսնելու: Որ տեսա իրեն՝ մինչ էս ունեցածս կասկածները հօդս ցնդեցին. ամեն բան ավելի քան լուրջ էր»:

Զույգը էլի շարունակել է կրթություն ստանալ ու ծրագրերի մասնակցել միասին: Մեկ ու կես տարի՝ մինչև Հայաստան տեղափոխվելը միասին Մոլդովայում են ապրել: Իրինան ասում է, որ որոշել են այլևս ծրագրերի չմասնակցել, կամ մասնակցել երբեմն, այն էլ՝ միասին: «Ոչ թե նրա համար, որ չենք վստահում իրար, կամ վախենում ենք կորցնել: Այլ որովհետև որոշել ենք ու ցանկանում ենք իսկական ընտանիք կազմել, երեխա ունենալ: Ու հուլիսին մեր հարսանիքը կլինի»,- ասում է Իրինան:

Ի դեպ, աշխարհում արդեն ավելի քան մեկ միլիոն երեխա է լույս աշխարհ եկել միայն «Էրազմուս+» ծրագրերի շնորհիվ ստեղծված ընտանիքներում:

Իսկ Ալեքսը հիմա Հայաստանում է՝ Իրինայի հետ հարաբերություններն օրինականացնելու ու, հավանաբար, հենց Հայաստանում ապրելու համար:

«Այստեղ արդեն աշխատանք ունեմ, բարդ է, իհարկե, հայերեն չիմանալով հարմարվել միջավայրին, բայց ռուսերենիս իմացությունն օգնում է շտկել իրավիճակը»,- ասում է Ալեքսն ու ավելացնում՝ ի տարբերություն Իրինայի, ինքը հենց սկզբից էր հասկացել, որ ուշ թե շուտ միասին են լինելու:

Անի Ավետիսյան,

3-րդ կուրս

Կիսվել