«ԵՍ ԱՌԱՆՑ ԴԻՊԼՈՄԻ ՍՈՎՈՐԵԼ ԵՄ ԱՅՆՊԻՍԻ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԻՄ ՇԱՏ «ԴԻՊԼՈՄԱՎՈՐ» ...

«ԵՍ ԱՌԱՆՑ ԴԻՊԼՈՄԻ ՍՈՎՈՐԵԼ ԵՄ ԱՅՆՊԻՍԻ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԻՄ ՇԱՏ «ԴԻՊԼՈՄԱՎՈՐ» ԸՆԿԵՐՆԵՐ ՉԳԻՏԵՆ». ՄՈՍԿՎԱՅԱԲՆԱԿ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԼևՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1082

     «Journalist.am»-ի զրուցակիցն է մոսկվայաբնակ հայ գործարար Լևոն Հարությունյանը, ով սեփական շինարարական ընկերությունն ունի, տներ և ամառանոցներ է կառուցում շատերի համար։ Կխոսենք նրա անցած ուղու և գործունեության մասին։

Ինչու՞տեղափոխվեցիք Ռուսաստան  պարո՛ն Հարությունյան։

– Հայաստանում դպրոցս ավարտելուց հետո՝  1991 թվականին, համալսարան ընդունվելու նպատակով տեղափոխվել եմ Կրասնոդարի Գելենջիկ քաղաք։ Ուզում էի ընդունվել համալսարան, սակայն չկարողացա։ Գելենջիկում շատ դժվարություններ եմ կրել, ապա 2002 թվականին տեղափոխվել եմ Մոսկվա, որովհետև լսել էի, որ այնտեղ ավելի լավ աշխատանք կարող եմ գտնել ու ես, լրիվ միայնակ, տեղափոխվեցի Մոսկվա։

 Ինչպե՞ս որոշեցիք ընտրել շինարարական ոլորտը և ստեղծել Ձեր ընկերությունը։

 – Մոսկվա գալուց հետո ընկա շինարարական գործով զբաղվող մարդկանց շրջապատ։ Հենց սա էր գլխավոր պատճառը,  որ որոշեցի ընտրել այդ ոլորտը։ Իհարկե, շրջապատումս կային նաև մարդիկ, ովքեր զբաղվում էին առևտրով, սակայն ինձ ավելի շատ հետաքրքրում էր շինարարությունը, և ես ուզեցի սկսել իմ սեփական գործը։

Արդյո՞ք բարդ չէր օտար երկրում, լինելով  մենակ, ստեղծել սեփական ընկերությունը և, առհասարակ, ի՞նչ պատնեշների եք հանդիպել Ձերը ստեղծելու ճանապարհին :

– Ես սկսում էի լրիվ նոր բան և չգիտեի՝ կստացվի ինձ մոտ, թե` ոչ։ Բնականաբար, այդ պահը բարդ էր, բայց հետո հասկացա, որ ամեն ինչ կստացվի։ Դժվարություններ առանձնապես չեմ ունեցել,  որովհետև անընդհատ զբաղվել եմ ինքնակրթությամբ։ Ես առանց դիպլոմի սովորել եմ այնպիսի բաներ,  որոնք իմ շատ «դիպլոմավոր» ընկերներ չգիտեն,  որովհետև նրանք ունեն «դիպլոմային» կրթություն, իսկ ես՝փորձ։ Ամենամեծ դժվարությունս եղել է այն ժամանակ, երբ մի քանի գումարային հարցերում խաբվել եմ և անիմաստ գումար կորցրել։

Որո՞նք են Ձեր ունեցած ամենամեծ հաջողությունները և ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

–Ամենամեծ հաջողությունս իմ` ներկայիս պահանջարկն է։ Տներ եմ կառուցել Ռուսաստանի առաջին դեմքերի՝ գեներալների, ԽՍՀՄ-ի նախկին շատ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև շոուբիզնեսի որոշ ներկայացուցիչների համար։ Թող անհամեստ չհնչի՝ դրան կարողացել եմ հասնել տարիների ազնիվ աշխատանքիս,  պատասխանատվությանս և չդադարող ինքնակրթությանս շնորհիվ։ Բացի այդ,  դժվարություններն ու ամեն օր գոյությանս մասին մտածելն ինձ շատ հարցերում են օգնել։ Ես սկսել եմ հասկանալ՝ ինչ է հողը, օդը, ջուրը։ Սա նույնպես օգնել է ինձ դառնալ այն, ինչն այսօր կամ։

Ի՞նչն է խանգարում Ձեզ ծավալել Ձեր գործունեությունը Հայաստանում։

– Ամենաառաջին խնդիրը ժողովրդի մեջ է։ Հայերը խաբում են իրար ամեն քայլափոխի։ Սիրում են չափազանցնել և՛ լավը, և՛ վատը։ Չափազանցնում են բացառապես ամեն ինչ և՛ իրենց անձի, և՛ շրջապատի վերաբերյալ։ Սիրում են տարածել սուտ խոսակցություններ ու քննարկել անգամ, թե ճաշն ով է եփում, ամուսի՞նը, թե ՞կինը։ Ռուսների մեծամասնությունը զուրկ է այս բոլոր հատկանիշներից, համենայն դեպս երկար տարիների փորձի արդյունքում հանգել եմ այս եզրակացությանը։ Երկրորդ խնդիրը Հայաստանի տնտեսության ծանր վիճակն է։ Սա ևս մեծ խնդիր է Հայաստանում գործունեություն ծավալելու համար։

– Այնուամենայնիվ,  կարո՞ղ է կարոտը Ձեզ մի օր հայրենիք բերի։

– Բնական է, որ կարոտում եմ և կարծում եմ, որ կարոտում է յուրաքանչյուր հայ։ Տարվա մեջ մի քանի անգամ այցելում եմ Հայաստան, սակայն մշտական բնակության մասին ներկայումս խոսելն անգամ անիրական է։

Անի Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել