Անառողջ սնունդը կարող է հանգեցնել մի շարք առողջական խնդիրների: Հաճախ առողջ սնունդ ասելով՝ մարդիկ հասկանում են սահմանափակումներով սննդակարգ` քաշ կորցնելու համար: Մինչդեռ առողջ է համարվում այն սննդակարգը, որն ապահովում է օրգանիզմը բավարար քանակությամբ բոլոր անհրաժեշտ սննդանյութերով, վիտամիններով, ջրով, հանքային աղերով և էներգիայով: Այս թեմայով զրուցեցինք մարզիչ-մանկավարժ, սննդաբան Լիլիթ Ղալեչյանի հետ:
–Կպարզաբանե՞ք՝ ինչո՞վ են տարբերվում դիետան և առողջ սնունդը:
-Առողջ սնունդը նախ չի վնասում առողջությանը, իսկ դիետաները կարող են լինել տարբեր տեսակների, որոնք կարող են վնասել առողջությունը:
-Ի ՞ նչ հետևանքներ կարող են ունենալ դիետայի միջոցով քաշ կորցնելու փորձերը:
-Շատ-շատ դեպքեր են լինում, որ դիետայի հետևանքով առաջանան առողջական խնդիրներ, որովհետև այդ դեպքում սննդակարգից բացառվում են ածխաջրերը և ճարպերը: Քանի որ մարդիկ կենտրոնացած են արագ քաշ կորցնելու վրա, շատ ժամանակ իրենց չի հետաքրքրում, թե որն է այդ նիհարելու տարբերակը ու հետևանքների մասին էլ չեն մտածում:
– Ինչպե ՞ ս ազատվել արդեն սովորույթ դարձած անառողջ սնվելուց և սկսել օգտագործել առողջ սնունդ:
-Սովորություններից ազատվել պետք է աստիճանաբար, քանի որ օրգանիզմն արդեն սովորել է անառողջ սննդին և ապրելակերպին: Միանգամից առողջ սննդի անցումն օրգանիզմի համար սթրես կլինի:
-Սովորաբար ամեն բան ունենում է և՛ դրական և՛ բացասական կողմեր, հետևաբար հնարավո՞ր է վարել առողջ ապրելակերպ և գիրանալ, եթե այո՝ ի՞ նչն է պատճառը:
-Եթե առողջական խնդիրներ չկան, ուրեմն կարող է պատճառը լինել առողջ սննդի՝ չափից շատ օգտագործումը, այսինքն՝ օգտագործել ավելի շատ կալորիականությամբ սնունդ, քան պետք է: Եթե առողջ սնունդ է, չի նշանակում չես կարող գիրանալ, քանի որ ավելորդ կալորիաները թե′ առողջ, թե′ անառողջ սննդի դեպքում գիրացնում են:
– Որքանո ՞ վ է կարևոր նախաճաշելը: Քանի ՞ անգամ պետք է օրական սնունդ ընդունել:
-Նախաճաշը սննդակարգի մեջ ամենակարևոր պայմանն է: Կարելի է ասել, որ ամբողջ օրվա ինքնազգացողությունը կախված է նախաճաշից. այն պետք է լինի հագեցած: Օրական պետք է սնվել 4-6 անգամ, եթե առողջական խնդիրներ չկան, ապա կարելի է 3-6 անգամ: Պետք է սնվել 2.5-3 ժամը մեկ. քիչ-քիչ ու հաճախ:
– Մեր օրգանիզմը մշտապես ունի հեղուկի կարիք, մարդն օրական ի ՞նչ քանակությամբ հեղուկ պետք է օգտագործի:
-Ջրի քանակը կապված է մարդու քաշի հետ, բայց միջին չափը 1.5-2 լիտրն է: Ջուր պետք է խմել ոչ միայն այն դեպքում, երբ արդեն ծարավ ես, քանի որ այդ դեպքում օրգանիզմն արդեն ջրազրկված է, այլ չպետք է թողնել, որ օրգանիզմը ջրազրկվի:
-Արդյոք կարելի՞ է սուրճը, թեյը, հյութերը համարել ջրին փոխարինող: Ի ՞ նչ քանակությամբ պետք է օգտագործել դրանք օրգանիզմին չվնասելու համար:
-Ջուրը մնում է ջուր: Սուրճը, թեյը, թե հյութերն ունեն ջրազրկող հատկություն և այդ երեք տեսակներից ցանկացածն օգտագործելիս պետք է դա հաշվի առնել: Օրինակ՝ սուրճն օրգանիզմը ջրազրկում է մոտավորապես 2 բաժակ ջրով, և դրա փոխարեն պետք է ավելացնել ջրի քանակը օրվա ընթացքում:
– Արդյոք սննդից կարո՞ղ է վնասվել մաշկը. ինչպե ՞ս կանխարգելել դա:
-Այո, իհարկե կարող է վնասել: Իզուր չէ ասված, որ դու այն ես, ինչ ուտում ես: Ամենից շատ «fast food»-ից, գազավորված ըմպելիքներից, կետչուպ-մայոնեզից, խմորից, քաղցրից, շատ շաքարից է փչանում մաշկը, լինում է մազաթափություն, փչանում են եղունգները, ատամները. մի խոսքով ամեն ինչի վրա ազդում է:
-Ընդունված է թե ՛աղը, թե ՛ շաքարավազն անվանել «սպիտակ թույն», սակայն մեր օրգանիզմն ունի այդ թույների կարիքը, ինչպե ՞ ս օգտագործել դրանք, որպեսզի և ՛ բավարարենք օրգանիզմի պահանջները, և ՛ չթունավորենք այն:
-Ամեն ինչն էլ ունի իր հետևանքները, եթե օգտագործենք չափից շատ: Թե′ աղը, թե′ շաքարավազը պետք է օգտագործել չափի մեջ, քանի որ մեր օրգանիզմում երկուսն էլ վնասից բացի ունեն նաև օգուտ:
Վարդուհի Հովհաննիսյան
2-րդ կուրս