Թագավարակի շնորհիվ կրթական հաստատությունը հայտնվեց մեր տանը, դասարանն ու լսարանը դարձան մեր ննջարանները, դասընկերդ, ուսուցիչդ, կուրսընկերդ, դասախոսդ ՝ վիրտուալ, իսկ դասընթացը՝ հեռավար։
Մոտ 20 տարի առաջ կար տեսակետ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը կրթության ոլորտ կախարդական փայտիկի դեր է խաղալու։ Հիմա աշխարհում առաջին անգամ ստեղծվում է մի իրավիճակ, երբ հեռավար կրթությունը որոշ ժամանակով դառնում է ֆորմալ կրթության կազմակերպման միակ հնարավոր տարբերակը։
Կորոնավիրուսի տարածման պատճառով, Հայաստանում ևս, ուսումնական հաստատությունների գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցված է։ Սա նոր ու հետաքրքիր իրավիճակ է ստեղծում կրթության ոլորտի պատասխանատուների համար, բայց և դառնում է փորձ՝ հետագայում հեռավար կրթության համար ստեղծելու հարմարավետ միջավայր եւ արհեստավարժ գործիքներ։
«Մենք խնդիր ենք ունենալու դասապրոցեսի հետ: Բուհական համակարգի առումով, մենք կարողացել ենք գտնել լուծումներ: Խորհրդակցության ընթացքում բուհերը հաստատել են, որ հեռավար ուսուցան միջոցներով կիրականացնեն դասապրոցեսը»,-հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված հերթական ճեպազրույցի ժամանակ և հավելեց. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ևս մեծ ոգևորութուն ենք նկատում․ որոշ ուսումնական հաստատություներում, առանձին դասարաններ, առանձին ուսուցիչներ սկսել են կիրառել օնլայն հարթակներ՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար»։ Ըստ նախարարի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տիրույթում ստեղծվել է «heravar.armedu.am» կայքը, որտեղ ներկայացվելու են կրթության ծրագրերը և վերապատրաստման գործընթաց է իրականացվելու, քանի որ ոչ բոլոր ուսուցիչներն են տիրապետում հեռավար ուսուցման գործիքներին:
«Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ դասախոսությունների և դասերի անցկացման հնարավորություն ենք ստեղծել հենց հեռուստատեսության եթերում: Ամեն առավոտ՝ 8:30-ից մինչև 9:30-ը, կլինեն դասեր, այնուհետև դրանք կվերսկսվեն 11:30-ից 12։40-ը: Բացի այդ՝ «Ucom» ընկերությունից առաջարկ ենք ստացել․ նրանք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար։24 ժամ կհատկացվի դրա համար, որը youtube-ի հաճախորդների համար կլինի անվճար»,- տեղեկացրեց նախարարը և հավելեց, որ ունենալու են նաև youtube-յան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր նյութերը։
Նախարարը հայտնեց, որ առաջիկայում մոնիթորինգ կարվի և կորոշվի հեռավար դասընթացների արդյունավետությունը, ըստ այդմ, կորոշեն դասերի հետաձգման կարիք կա, թե ոչ:
Այսօր արդեն պարզ է, որ կրթության խնդիրը միայն ուսումնական նյութերը տեխնոլոգիաների միջոցով հասանելի դարձնելը չէ։ Շատ կարևոր է, թե որքանով են մարդիկ ցանկանում սովորել։ Այսինքն՝ ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ՝ հեռու հեռվից՝ վիրտուալ ուսուցման դեպքում գլխավոր խնդիրը՝ սովորելու ցանկությունն է։
Սրբուհի Հակոբյան
3-րդ կուրս