Հարցազրույց երգիչ Դավիթ Ղազարյանի հետ
– Վերջերս Ձեր ինստագրամյան էջում բավականին մեծ ակտիվություն է նկատվում: Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհանիսյանի ‹‹Լավն ես›› երգի Ձեր կատարումն ունի 60 000 դիտում․ ինչպե՞ս պատահեց:
– Ինստագրամյան ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ իմ հետևորդները մեծ ոգևորությամբ ու սիրով արձագանքեցին իմ կատարած աշխատանքին:
–Թեև Դուք հետևորդների բանակ ունեք, որոնք հավանաբար Ձեր մասին ամեն բան գիտեն, բայց կխնդրեի մի քիչ պատմել Ձեր մասին:
-Դեռ վաղ հասակից սկսել եմ զբաղվել հայկական ժողովրդական, ինչպես նաև այլ ժողովուրդների պարերով: Տասնչորս տարի եղել եմ ՊՆ «Սարդարապատ» պետական անսամբլում, որի ղեկավարն էր Մ. Հակոբյանը: Այնուհետև որոշեցի զբաղվել նաև երգով:
– Այժմ սովորում եք Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում։ Ե՞րբ որոշեցիք զբաղվել երաժշտությամբ, և քանի՞ տարի է, որ զբաղվում եք:
– Երգարվեստով՝ որպես մասնագիտություն սկսել եմ զբաղվել երկու տարի առաջ, բայց մինչ այդ էլ, ինչպես ասացի, զբաղվել եմ արվեստով:
– Դավի՛թ, սպասո՞ւմ էիք այսքան շատ դրական արձագանքների՝ չնայած այն հանգամանքին, որ չունեք տեսահոլովակներ:
– Դրական արձագանքերի սպասում էի, բայց եղած արձագանքերն ավելին են, քան իմ սպասելիքները:
– Մասնագիտական աճի և ձեռքբերումների հարցում կա՞ մեկը, ում դերը կարևորում եք:
– Իմ կյանքում, բոլոր ձեռքբերումների և հաջողությունների միակ մոտիվացիան եղել է մայրս:
– Եղե՞լ են դեպքեր, երբ փողոցում քայլելիս Ձեր երկրպագուները ճանաչեն և մոտենան Ձեզ:
– Այդ երևույթը ինձ հետևում է ամեն քայլափոխին:
– Եղե՞լ են պահեր, երբ ցանկացել եք ինսիտագրամյան էջը փակել և տեսանյութերի տեղադրումը դադարեցնել:
-Անիմաստ եմ համարում կասեցնել իմ կատարած գործողությունները, որոնք պսակվել են հաջողությամբ:
– Իսկական բեմ և առցանց բեմ. կհամեմատե՞ք:
-Իրական բեմի վրա կապվածությունը հանդիսատեսի հետ ուղիղ է և անմիջական, իսկ առցանց բեմում այդ անմիջականությունը բացակայում է:
– Խոսեցինք դրական արձագանքներից․ կխնդրեի անդրադառնալ նաև բացասական արձագանքներին, եթե եղել են:
– Բացասական արձագանքներ եղել են․ դրանք նույնպես վկայում են այն մասին, որ ես մարդկանց ուշադրության կենտրոնում եմ:
–Ձեզ համարո՞ւմ եք հաջողակ երգիչ:
– Դեռևս ինձ հաջողակ երգիչ չեմ համարում, բայց հաջողակ դառնալու գործը խոշոր քայլերով ընթանում է առաջ:
–Վերջում էլ անցնենք բլից հարցերին․
Ձեր սիրելի եղանակը:
– Գարուն։
– Իր, որ միշտ Ձեզ հետ է:
– Պարանոցիս խաչը։
– Մարդ, ով փոխել է Ձեզ:
– Չկա այդպիսի մարդ։
– Երբեք չեք ների…
– Դավաճանությունը։
– Մեկ բառով բնորոշեք Ձեզ:
– Անմիջական։
– Երբեք չեք փորձի…
– Դեմ գնալ իմ սկզբունքներին։
Սոնա Քյարունց
2- րդ կուրս